Կրթություն - Ոսկե հուշամեդալների հանձնում ԿԳ նախարարությունում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով պարգևատրվել են Վայոց Ձոր կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վանիչկա Նալբանդյանը:Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

 

Արփիար Ղազարյանը ԿԳՆ պարգևին արժանացել է մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած մեծ ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում բարձր է գնահատել Ա. Ղազարյանի գործունեությունը, նշելով, որ նրա աշխատանքային ողջ գործունեությունը կապված է դպրոցի, մանկավարժության և կրթության կազմակերպման հետ:

 

Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պարգևը հանձնելու ժամանակ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ այս տարվա տնօրենների հավաստագրման քննությունների բանավոր փուլն անցկացվել է զրույցի ձևաչափով, որն էլ հնարավորություն է տվել հանձնաժողովին բացահայտել կրթության բնագավառի այն նվիրյալներին, որոնք տասնամյակներ շարունակ նվիրումով և պատասխանատվությամբ կատարել են իրենց աշխատանքը:

 

Վանիչկա Նալբանդյանը, ավարտելով մանկավարժական համալսարանը՝ 1977 թվականից նախ աշխատել է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում, իսկ 1980 թվականից` հայրենի Կուրթան գյուղում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 1989 թվականից առ այսօր` 27 տարի շարունակ, նա ղեկավարում է Կուրթանի միջնակարգ դպրոցը: « Բայց, ամենակարևորն այն է, որ սեփական 3 զավակների հետ Նալբանդյանը որդեգրել և մեծացրել է 4 երկկողմանի ծնողազուրկ երեխաների: Այդ երեխաներին պահել, մեծացրել, ամուսնացրել է, ունի թոռնիկներ և այսօր ապրում է իր զավակների հետ: Բացի հմուտ ղեկավար ու մանկավարժ լինելուց, Վանիչկա Նալբանդյանը հիացմունքի և դրվատանքի արժանի մարդ է, որը մանկավարժի կերպարի ամենակարևոր հատկանիշն»,- շնորհավորելով Վ. Նալբանդյանին ասել է Մ. Մկրտչյանը:

 

 

Արարողության ավարտին՝ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն աշխատանքային նոր ձեռքբերումներ և անձնական հաջողություններ է մաղթել պարգևատրվածներին:

 

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ