Մշակույթ - Արցախյան գորգագործության մշակույթը նոր նրբերանգներ է ստանում

Հունիսի 4-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի «Արցախի գորգագործական մշակույթը» գիտական աշխատության շնորհանդեսը:

Ինչպես նշեց Պողոսյանը, գրքում ներկայացված է Արցախի գորգագործական մշակույթի պատմաազգագրական ընդհանուր նկարագիրը, որում ավանդույթների ու առանձնահատկությունների բացահայտմանը զուգահեռ ներկայացված են նաև դրանց տարածման շրջանները՝ հարավարևելյան Կովկասը, հյուսիսարևմտյան Իրանը և փոքրասիական գորգագործական կենտրոնները:

«Գրքի շնորհանդեսի ժամանակ մենք կքննարկենք Արցախում գորգագործության մշակույթը և արվեստը և այն, թե որքանով է հայտնի հետազոտողների շարքում այդ գործը։ Դուք կիմանաք, թե ինչպես ենք մենք գորգագործության հետ կապված հետազոտություններ անցկացնում և կծանոթանաք այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են հայկական գորգագործության ճանաչմանը աշխարհում»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ընթերցողը շատ նոր և հետաքրքիր մանրամասներ կիմանա հայկական գորգերի մասին։

«Շատ ապացույցներ կան, որ Հայաստանում գորգագործությունը հնագույն ժամանակներում է ծագել։ Հայաստանի տարածքում անցկացված պեղումների ժամանակ հնագույն գորգերի կտորներ են գտել»,- ասաց Պողոսյանը։

Արցախի գորգագործությանը նվիրված առաջին օտարալեզու պատմաազգագրական հետազոտությունը կարևոր ավանդ է հայկական պատմամշակութային ժառանգության այդ կարևոր ոլորտում, ինչպես նաև` միջազգային ասպարեզում հայկական մշակույթի մասին լիարժեք պատկերացում կազմելու հարցում։

Պողոսյանը նաև անդրադարձավ այն խնդրին, որ Հայաստանում չկան թանգարաններ, հատուկ հանձնաժողովներ և մշակույթի նախարարությանն առընթեր բաժին, որոնք կզբաղվեին հայկական գորգագործության մշակույթի պահպանման և տարածման հարցերով։

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ