Կրթություն - Շրջանավարտների հաջողությունները միաժամանակ բուհինն ու երկրինն են. Լևոն Մկրտչյան

Շնորհավորելով բուհի ագրոբիզնես միջազգային կրթական ծրագրի շրջանավարտներին՝ նախարարը շեշտել է, որ պահը հուզիչ է նաև իր համար. «Հիշում եմ, թե 17 տարի առաջ ինչպես ստեղծեցինք այս կենտրոնը, որն այն ժամանակ Հայաստանում միջազգային կրթական ծրագիր իրականացնելու առաջին ջանքն էր:

 

Միջազգային կրթական ծրագրի  իրագործումը մեր երկրի, ժողովրդի և պետության համար հեռանկարային գյուղատնտեսության ոլորտում խիստ կարևոր է:  21-րդ դարում մեր պետության առջև կանգնած մարտահրավերներն անընդհատ աճում են և այսօր երկիրը պահողը հողն է և այդ հողի վրա ապրող ու արարող ժողովուրդը:  Այս իմաստով գյուղատնտեսության ոլորտի յուրաքանչյուր մասնագիտություն  ամրացնում է երկրի անվտանգությունը, կապում ժողովրդին իր հայրենիքի ու հողի հետ»,- նշել է նախարարը՝ ագրոբիզնեսի միջազգային  ծրագրի իրագործման համար շնորհակալություն հայտնելով նաև միջազգային կառույցներին, որոնք աջակցել են կրթական նախաձեռնության իրագործմանը:

 

Հիշատակելով, որ ծրագիրն  իրագործվել է ԱՄՆ Տեխասի համալսարանի հետ համատեղ՝ նախարարը հույս է հայտնել, որ միջազգային կապերը կնպաստեն հայկական ագրոարտադրանքների արտահանմանը և միջազգայնացմանը:
Լևոն Մկրտչյանն առանձնահատուկ շնորհավորել է Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին շրջանավարտներին՝ շեշտելով, որ գինեգործությունը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչն է. «Մեր երկիրը գինու բնօրրաններից մեկն է, և գինեգործության լավագույն ավանդույթների վերականգնումն ու միջազգային չափանիշներին համապատասխանող  մասնագետների պատրաստումը  նշանակում է բացել մի նոր ճանապարհ՝  դեպի մեր ժողովրդի հիշողությունը: Գինին ոչ միայն արգրոարտադրանք է, այլ նախևառաջ  մշակույթ և աշխարհընկալում:

 

Յուրաքանչյուր սերունդ իր պետության առջև պարտավորություն ունի՝ ժառանգելով  իրենից հետո թողնել ավելի մեծ արժեքներ: Դուք ստացել եք լավագույն կրթությունը, ունեք հնարավորություն  կայանալու և  շարժվելու առաջ՝  սխալվելու և ձեր ճշմարտությունը գտնելու իրավունքով»,-դիմելով շրջանավարտներին ասել է ԿԳ նախարարը ՝ ավելացնելով, որ իրենց հաջողությունները  միաժամանակ  բուհինն  ու երկրինն  են: 

 

Միջոցառմանը մասնակցել  և շրջանավարտներին շնորհավորել են նաև  ՀՀ-ում Գերմանիայի դեսպան  Մաթիաս  Քիսլերը, ՀՀ-ում  ԱՄՆ  փոխդեսպան Քլարկ  Փրայսը, Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի պրոֆ. Ջոն Նիքըլսը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

 

Կրթության և գիտության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ