Տնտեսություն - Լոռու և Տավուշի մի քանի համայնքների խնդիրների լուծման համար կառավարությունն անհրաժեշտ միջոցներ հատկացրեց

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով գումար կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերի առաջնահերթ մի շարք խնդիրների լուծման նպատակով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այդ խնդիրները ՀՀ վարչապետին են ներկայացվել վերոնշյալ մարզեր մայիսի 4-ին նրա կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Այսպիսով՝ կվերանորոգվեն Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքը, քաղաքի 3-րդ փողոց Նոր Միկրոշրջան N 4 բազմաբնակարան շենքի տանիքը: Նախարարի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ ևս մի կարևոր հարց լուծում կստանա. գումար կհատկացվի Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցի վթարային շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար, որպեսզի հաջորդ բյուջետային տարում համայնքն ունենա դպրոցի նոր շենք: Կկառուցվի Տավուշի Ջուջևան համայնքի ջրագիծը, որով ամբողջությամբ կլուծվի թաղամասի խմելու ջրի խնդիրը:

Կասֆալտապատվեն նաև մարզի Ոսկևան համայնքի ճանապարհները: Նախարարը նշել է, որ վարչապետի այցելության ժամանակ բարձրացվել է Զորական համայնքի զոհված զինվորի ընտանիքին բնարակարանով ապահովելու խնդիրը: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տան շինարարությունն արդեն սկսվել է և այն կավարտվի առաջիկա ամսում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ շինարարությունը բյուջեի գումարներով չի իրականացվում. «Գործարարներ են օգնել, և այդ տունը կառուցելու ենք միասին»: Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում կառուցվող ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հիմնավորման համաձայն՝ համայնքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում. ջրամատակարարումն իրականացվում է խմելու ջրի որակի պահանջներին չբավարարող ջրով և անկանոն: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառվել է սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում: Նախարարի խոսքով՝ այս հարցը նույնպես քննարկվել է ՀՀ վարչապետի Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ:

Կառավարության համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է Նոյեմբերյան համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավման անհրաժեշտությամբ: Այսուհետ համայնքի բնակիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման տեսքով: Գործադիրի մեկ այլ որոշմամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարման արդյունքում Ալավերդի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցները կուղղվեն համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության կարիքների համար մետաղապլաստե դռան և պատուհանի ձեռքբերման աշխատանքների իրականացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն նախադպրոցական ուսումնական հաստատության շենքային պայմանները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ