Տնտեսություն - Հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը, շինաշխատանքները կսկսվեն առաջիկա ամիսներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: 

Վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանն ու տնտեսական աճին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և հաշվի առնելով միջազգային շուկայում գների անկումը՝ պետությունը փորձում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ոլորտի ձեռնարկություններին:

Հովարդ Սթիվենսոնը տեղեկացրել է, որ արդեն իսկ հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը և նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին: Պարոն Սթիվենսոնը նշել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված շուրջ 400 մլն դոլարի ներդրումը վկայում է պետության և իրականացվող տնտեսական քաղաքականության նկատմամբ ունեցած վստահության մասին: «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը շնորհակալություն հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ կառավարության ցուցաբերած մշտական աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման ուղղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը:

Նյութի աղբյուրը` YN.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ