Մշակույթ - Երևանում անցկացվեց Street Music’s Day խորագրով երաժշտական միջոցառումը

Մայիսի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Street Music’s Day» խորագրով երաժշտական միջոցառումը ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի, բազմաթիվ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի հետ միասին շրջել է Հյուսիսային պողոտայում և ունկնդրել երաժշտական տարբեր խմբերի ու անհատների ելույթները:

 

Կարևորելով միջոցառման անցկացումը Երևանում՝ քաղաքապետը նկատել է, որ այն ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու երաժիշտների համար իրենց կարողությունները դրսևորելու ևս մեկ հնարավորություն է: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ 25-ամյա դիվանագիտական հարաբերություններ ունեցող Հայաստանի և Լիտվայի համար սա յուրովի անդրադարձ է այդ հոբելյանին, առավել ևս, որ Լիտվան աշխարհի առաջին երկիրն է եղել, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը:

 

Այնուհետև քաղաքապետը ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ միասին այցելել է նաև Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ մեկնարկել էր միջոցառման գալահամերգը՝ հայ և լիտվացի նշանավոր երաժիշտների մասնակցությամբ: Բեմից ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նախաձեռնության կյանքի կոչմանն աջակցելու համար` ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Street Music’s Day միջոցառումն ավանդական կդառնա նաև Երևանում:

 

Նկատենք, որ Հյուսիսային պողոտայի հարթակներում և Շառլ Ազնավուրի հրապարակում ունկնդիրների պակաս չկար, ինչը փաստում է, որ Լիտվայում արդեն 10-րդ տարի անընդմեջ անցկացվող և մեծ ժողովրդականություն վայելող Street Music’s Day միջոցառումը սիրվեց նաև Երևանում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ