Կրթություն - Ավագ դպրոցն ու մագիստրատուրան սովորողների կյանքից զուր 2 տարի են խլում. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդես եկավ այդ պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին ասուլիսով: Ներկայացրեց այն հիմնական խնդիրներն ու ձեռքբերումները, որոնք իր կարծիքով առկա են կրթության ոլորտում: Նախանշվեցին այն երկու ուղղությունները, որոնք նորանշանակ նախարարի գործունեության ընթացքում հատկապես են թիրախային լինելու: Դրանցից մեկը վերաբերում է ավագ դպրոցին, մյուսը՝ մագիստրանտական կրթությանը: Երկուսն էլ, նախարարի համոզմամբ, սովորողներից զուր ժամանակ են խլում, կյանքի ամբողջ երկու տարի:

«Կրթության շղթայի մեջ մենք ունենք երկու օղակ, որոնք դեռեւս չեն կարողանում ինքնահաստատվել, եւ դա բերում է նրան, որ ամբողջ համակարգի վերաբերյալ հասարակության մեջ առաջանում է չասեմ դժգոհություն, բայց անբավարարության մակարդակ»,- ասաց Լեւոն Մկրտչյանը եւ մանրամասնեց, որ համաշխարհային չափանիշով ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ 9-ամյա կրթություն ստացած երեխան կարողանա ձեռք բերել նախնական մասնագիտություն, ունենա մասնագիտական կողմնորոշում: Այնինչ, նրա գնահատմամբ, ավագ դպրոցի ծրագրերը հիմնական դպրոցի ծրագրերի մեխանիկական շարունակությունն են:

«Այն ծանրաբեռնվածությունը, որ մենք դնում ենք ավագ դպրոցի վրա, չի նպաստում, որ այդ դպրոցը կատարի իր առաքելությունը: Անհրաժեշտություն կա ավագ դպրոցը բեռնաթափելու, կոնտենտով, այսինքն՝ իմաստով լցնելու եւ հնարավորություն ստեղծելու, որ սրանք իսկապես դառնան գերազանցության կենտրոններ, որովհետեւ ավագ դպրոցը պիտի դառնա այն ուժը, որը 9-ամյա կրթությունից հետո երեխային, որը դառնում է քաղաքացի, օգնի կյանք մտնելու»,- փաստեց Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի համար անհասկանալի է, թե ինչու պետք է ավագ դպրոցում լինի վեց ավարտական քննություն: Հենց այդ ծանրաբեռնվածությունն է, ըստ նրա, որ ծնողներին ստիպում է ոչ թե երեխաներին դպրոց ուղարկել, այլ ընդամենը երկու-երեք առարկաներ պարապելով՝ նախապատրաստել բուհի ընդունելության քննությանը. «Եթե մենք ժամանակին ընդունել ենք հոսքային ուսուցման սկզբունքը, եթե մենք ժամանակին ասել ենք, որ ավագ դպրոցը պիտի մասնագիտական կողմնորոշում տա, ինչու չենք բեռնաթափում ավագ դպրոցը: Երբ դպրոցում երեխային առաջարկում են ծանրաբեռնվածության ամբողջ փաթեթը, ուրեմն պրոբլեմ է առաջանում: Մենք պետք է կարողանանք որակը այդ մեխանիկական շարունակությունից տարանջատել, 12-րդ տարին այնպես բեռնաթափենք, որ երեխան անցնի միայն իր մասնագիտական առարկաների պատրաստմանը: Այս դեպքում շատ հարցեր միանգամից կվերանան»:

Ինչ վերաբերում է մագիստրանտական կրթությանը, այստեղ էլ, ըստ ԿԳ նախարարի, բակալավրական կրթություն ստացած ուսանողին որեւէ նոր բան չի առաջարկվում: «Մեր երկրում օրենքն ասում է, որ բակալավրական կրթությունը բացարձակ լիարժեք բարձրագույն կրթություն է: Դա նշանակում է, որ բակալավրից հետո մագիստրատուրայում սովորողը պետք է ստանա ինչ-որ նոր որակ: Երբ որ մենք մագիստրատուրայում ասում ենք՝ կամ երկու քննություն տուր, կամ դիպլոմային գրիր, սա արդեն նշանակում է, որ մագիստրանտական կրթության առաքելությունը մենք ոչնչացնում ենք... Արդյունքում ստանում ենք ավելորդ երկու տարի, որովհետեւ մագիստրատուրայում չենք տալիս որակ, որը հասու չէ բակալավրին»,- համոզմունք հայտնեց Մկրտչյանը: Նաեւ ընդգծեց, որ մագիստրատուրան շրջանավարտին չի կապում աշխատաշուկայի հետ, եւ մենք չենք կարողանում մասնագիտությունների ցանկը հարմարեցնել այսօրվա կյանքի պայմաններին:

ԿԳ նախարարը նկատեց, որ իր առաջ քաշած երկու խնդիրներն էլ քննարկման են դրվելու երկու հարթությունում՝ մասնագիտական եւ հանրային: Նաեւ ասաց, որ մտադիր է յուրաքանչյուր շաբաթ այցելել որեւէ ավագ դպրոց ոչ թե պատժելու կամ ստուգելու, այլ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:

Իր պաշտոնավարման այս օրերի ընթացքում նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարել էր, թե կարեւոր է կրթության համակարգը զերծ պահել քաղաքական գործընթացներից: Անդրադառնալով դրան՝ երեկ նա ասաց, որ խնդրի լուծումը տեսնում է օրենսդրական կարգավորման դաշտում: Հետաքրքրվեցինք, թե կրթության ոլորտին քաղաքական գործընթացների միջամտությունն, իր գնահատմամբ, ինչպես է դրսեւորվում, որի դեմ պետք է պայքարել: «Ինձ համար բացարձակապես անընդունելի է, երբ որ պաշտոնի դիրքը չարաշահելով՝ ստորադասներին կամ հալածում ես, կամ սկսում ես հավաքագրել: Այդպիսի փաստ, ցավոք սրտի, մենք ունեցել ենք, երբ տասնյակ տնօրեններ մի օրվա մեջ կուսակցությունից հրաժարվել են, երբ տվյալ քաղաքական ուժը անցել է այլ դաշտ: Սա արդեն կուսակցությունների կայացմանն է վնաս: Ես խորը համոզում ունեմ, որ այն կուսակցությունները, որոնք այդպես են վարվում, կտրում են այն ծառը, որի վրա նստած են, որովհետեւ եթե դու հավաքագրում ես միայն այս չափանիշով, կուսակցական գաղափարախոսության իմաստով դու չես նպաստում, որ կուսակցությունը կայանա: Կուսակցությունները միշտ չէ, որ պետք է ձիու վրա լինեն, երբեմն կուսակցությունը լինում է ընդդիմություն, երբեմն դառնում է  իշխանություն, մեր քաղաքական մշակույթում ունենք այդ պրոբլեմը, չենք կարողանում ի վերջո ձեւավորել գաղափարական լուրջ հենք ունեցող կուսակցությունների համախումբ ներկայություն մեր քաղաքական մշակույթի մեջ: Կրթությունը դրանից շատ-շատ տուժում է»,- ասաց Լեւոն Մկրտչյանը: 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ