Մշակույթ - «Մենք երբևէ պե՞տք է հասկանանք, որ Վրաստանում դեսպան ունենք». Գագիկ Գինոսյանը

Մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Վրաստանում հայերի իրավունքների, խնդիրների, ինչպես նաև՝ Ախալցխայի վերջին դեպքերի մասին:

Բանախոս Հրանտ Միքայելյանը կարծում է, որ վերջին դեպքերը Ախալցխայի հայաբնակ մասում, հաճախ են կրկնվում.

«Պարզապես վերջին դեպքը հրապարակում գտավ հայկական մամուլում, ու դրա մասին խոսվեց, որովհետև որպես կանոն՝ նմանօրինակ դեպքերի մասին չի բարձրաձայնվում: Շատ հաճախ ավելի լուրջ բախումներ են լինում, որոնց մասին նույնպես հրապարակային անդրադարձներ չեն լինում: Վերջին դեպքերը կարելի է որակել՝ որպես ընդհանուր կոնտեքստի մի էպիզոդ, հետևաբար՝ ես այն համոզմունքին եմ, որ ավելի կարևոր է մեծ շեշտադրումով խոսել հենց կոնտեքստի մասին»:

Գագիկ Գինոսյանն ասաց, որ այս պահին էլ իր մտերիմ հարազատներից շատերն ապրում են Ախալցխայում, և մինչ ասուլիսին գալն ինքը փորձել է այնտեղ ապրող իր հարազատներից և տեղական տարբեր այլ աղբյուրներից ստանալ կատարվածի իրական պատկերը.

«Նախ՝ ուզում եմ փոխանցել այն, ինչ ինձ պատմել են Ախալցխայից մի քանի տարբեր աղբյուրներ, և որոնց խոսքում առկա գրեթե բոլոր համընկնումները խոսում են այն մասին, որ դեպքը եղել է հենց այսպես. ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան գյուղերի հայ երիտասարդները, ավանդույթի համաձայն, բարձրացել են իրենց սրբավայրի մոտ՝ կրակ վառելու և լռությամբ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց համագյուղացիների կողմից կառուցած և իրենց իսկ գյուղի տարածքում գտնվող սրբավայր՝ հանդիպել են հարևան Վալե քաղաքից այստեղ ժամանած և խնջույքի սեղան բացած մի խումբ մարդկանց, որոնց թվում եղել են ինչպես՝ վրացիներ, այնպես էլ՝ հայեր: Երիտասարդները նկատել են, որ կոտրված է եղել նաև եկեղեցու ցանկապատը: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող խնջույքի մասնակիցները, չհասկանալով հայ երիտասարդների հորդորները, կռվի են բռնվել նրանց հետ, սակայն ժամանակ անց հասկացել են միմյանց: Այդուհանդերձ, կեսգիշերին Ոստիկանությունն իրենց տներից հանել և Ախալցխայի ոստիկանական բաժանմունք է տեղափոխել միջադեպի մի շարք հայ մասնակիցների: Վրացի ոստիկանները, որոնք հիմնականում Ախալցխայի ձուլված հայերից են, վերջիներիս ոչ միայն դաժանորեն ծեծել են, այլ նաև օգտագործել նվաստացուցիչ մեթոդներ՝ հայհոյելով հայ երիտասարդների ընտանիքների անդամներին և, ելնելով միջադեպի բովանդակությունից, լկտի հայհոյանքներ տվել նաև հայ ժողովրդի, Հայոց ցեղասպանության հասցեներով: Նվաստացված և բռնության ենթարկվածներից տարեց մի մարդ գլխին ստացած ուժգին հարվածից այժմ գրեթե չի լսում և դարձել է հաշմանդամ»:

Գագիկ Գինոսյանը հատուկ շեշտադրումով անդրադարձավ այն հանգամանքին, որ, այնուամենայնիվ, սա ազգամիջյան բախում որակելը սխալ է.

«Ի վերջո, վիճող կողմերն իրար հասկացել ու հաշտվել են, բայց օրեր անց, տեղում բացասական վարքով աչքի ընկնող ազգությամբ վրացի մեկին դանակահարել են՝ տեղի հայ տղաների պնդմամբ՝ ոչ հայերի կողմից: Վրացական կողմի հիմնական ճնշումը դարձել է այն, որ դանակահարված մարդ կա, միաժամանակ ծեծի միջոցով ճնշում տրամադրելով հայ տղաների վրա, որպեսզի նրանք հետ վերցնեն իրենց բողոքները՝ Ոստիկանության լկտի պահվածքի ու հայհոյանքների համար: Ստացվում է, որ հայ-վրացական ընդհարում, որպես այդպիսին, չի եղել ու չկա: Մի քանի օր անց այնտեղ է հայտնվել Վրաստանի ներքին գործերի նախարարը, իբր եկել է հերթական պլանավորված նիստն անցկացնելու, սակայն բոլորն էլ հասկացել են նրա այցի բուն նպատակը: Ի դեպ, վերջինս իր այցելության ընթացքում խրախուսել է տեղի Ոստիկանությանը՝ հորդորելով շարունակել պայքարը խուլիգանական արարքների դեմ»:

Գագիկ Գինոսյանը կարծում է, որ ամենավատն այս ամենի մեջ մեր դիվանագիտական կորպուսի ու մամուլի կեցվածքն է.

«Վրաստանում հայկական դեսպանատնից որևէ մեկն այս ընթացքում չհայտնվեց, այդ քաղաքացիներին զորակցություն չհայտնեց, նույնիսկ չեն հետաքրքրվել այդ մարդկանց առողջական վիճակով, և սա՝ այն դեպքում, երբ, նորից եմ կրկնում՝ ծերունիներից մեկը գլխին ստացված հարվածից կորցրել է լսողությունը: Բնականաբար, վրացական կողմի ամենաթողությունը գալիս է նաև քաղաքացիների նկատմամբ հայկական կողմի իսպառ անտարբերությունից: Ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞ւր է Վրաստանում Հայաստանի դեսպանը, ինչո՞ւ է նա լռում: Մենք երբևէ պե՞տք է հասկանանք, որ Վրաստանում դեսպան ու դիվանագիտական կորպուս ունենք: Մենք ինչ-որ պահից պե՞տք է կասեցնենք մեր դիվանագիտական կորպուսի խայտառակ պարտությունները, թե՞ ոչ:

Մենք հերթական անգամ տեսնում ենք, որ խաղասեղանի շուրջ նստած են վրացական կողմի մարդիկ, և հայկական կողմ ընդհանրապես գոյություն չունի: Հերթական անգամ մենք պարզում ենք, որ Ղարաբաղը համահայկական խնդիր է, և այդպես էլ պետք է լինի, բայց, ցավոք, Ջավախքի խնդիրները պատկանում են միայն ջավախքցուն, ով անընդմեջ ոչ միայն մեն-մենակ է դուրս գալիս դեմ-հանդիման իր խնդիրներին, այլ շատ դեպքերում՝ կա քամահրանք: Ամեն անգամ Ջավախքը զոհասեղանին է հայտնվում՝ ի շահ աղետի գոտու, Արցախի և այլ տեսակի համահայկական խնդիրների, այնինչ Ջավախքի խնդիրները նույնպես համահայկական բնույթ ու հոգածության կարիք ունեն: Մեր նախագահներից միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է մեկ անգամ եղել Ջավախքում: Մեկ անգամ էլ այնտեղ այցելեց կաթողիկոսը, որի այցի տեսանյութը բոլորին քաջ հայտնի է, թե ինչպես էր նա իրեն պահում այնտեղ, մենք դա տեսել ու հասկացել ենք: Ես բացարձակ անջատողական կամ հակավրացական կոչեր չեմ ուզում անել և չեմ էլ անում, բայց այդ մարդիկ էլ պետք է հասկանան, որ իրեեք էլ հայ են, և իրենցով հետաքրքրվող որևէ մեկը կա: Ի վերջո, պետք է հասկանալ, որ Ջավախքը Հայաստանի համար դիվանագիտական կարևորագույն նշանակություն ունի, թեկուզ միայն այն առումով, որ սա Հայաստանի Հանրապետությանը կպած միակ հայաշատ համայնքն է»:

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ