Պաշտոնական - Պերմյակովի գործով դատակոչված վկաները հրաժարվել են ներկայանալ դատարան

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական քննությունը: Նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները: Ընթերցվեց փորձարարության արձանագրությունը, որում մանրամասն նկարագրվում են Ավետիսյանների տանը Պերմյակովի իրականացրած գործողությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փորձարարությունը, որն իրականացվել է ռուսական կողմի դատավարության ընթացքում, պատրաստել է Ավետիսյանների տան նույնությամբ մակետ- տնակ, որտեղ Պերմյակովը ներկայացրել ու մեկնաբանել է ինքնաձիգի գործածության իր գործողությունների մանրամասները և Ավետիսյանների տան նկարագիրը: Դատարանում հրապարակվեցին նաև փորձարարության լուսանկարները:

Դատավոր Հարություն Մովսիսյանը տեղեկացրեց, որ ի պատասխան Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան դատակոչվելու մասին գրության, գործով վկաներ` Ժդանովը, Կուզնեցովը, Վոլկովը և Ժիլտովը, դիմումներ էին ուղարկել, որոնցում նշված էին, որ իրենք ընտանեկան հարցերի կամ հնարավորության բացակայության պատճառով, հրաժարվում են ներկայանալ Գյումրի` համաձայնելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները:

Նրանք Պերմյակովի ծառայակիցներն են: Դատարանի որոշմամբ հրապարկվեցին նրանց նախաքննական ցուցմունքները: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ