Մշակույթ - Երևանը նշեց Ջազի միջազգային օրը

Երևանը, արդեն 5-րդ տարին անընդմեջ միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, ապրիլի 30-ին նշեց Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրի տարածքում կազմակերպված բացօթյա միջոցառմանը ելույթ ունեցան հայտնի հայ ջազմեններ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Արմեն Թութունջյանը (Չիկո), Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, ինչպես նաև երիտասարդ ջազմեններ՝ իրենց բենդերով:

Նշենք, որ ջազային ռիթմերը Կասկադ համալիր էին բերել ոչ միայն երևանցիներին, այլև մայրաքաղաքի տասնյակ հյուրերի:

Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա գլխավոր անակնկալը միջոցառման հյուր, ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնայի ելույթն էր: Արմեն Հյուսնունցի բենդի հետ Ռիչարդ Բոնան կատարեց Կոմիտասի «Լորիկ» ստեղծագործությունը՝ դուդուկի ուղեկցությամբ:

 

Միջոցառման ևս մեկ անակնկալը հայտնի կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսի ելույթն էր: Երգիչը հայ հանդիսատեսին ներկայացավ Հայաստանի մասին երգի պրեմիերայով:

 

Հատկանշական էր նորաստեղծ «Dolls» խմբի ելույթը «CHICO’s New Trio» ջազ-բենդի հետ: Երեք երիտասարդ վոկալիստներից բաղկացած խումբն ընդամենը փետրվար ամսին է հիմնադրվել, բայց արդեն հասցրել է մի քանի անգամ հանդես գալ մեծ բեմերում ու համագործակցել հայտնի բենդերի հետ: Աղջիկները՝ Քրիսը և երկու Տաթևները, հանդես են գալիս հիմնականում ջազ և փոփ ժանրերում. «Երեկ մեր մենահամերգն էր «CHICO’s New Trio»-ի հետ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, իսկ այսօր ներկայանալու ենք նորից նրանց հետ, և կարծում եմ՝ էլի շատ լավ կանցնի, ամեն ինչ բարեհաջող կլինի: Շատ ուրախ ենք, որ այսպիսի երաժիշտների հետ այսօր նույն բեմում ենք լինելու: Մենք միշտ շարունակելու ենք համագործակցությունը ջազ-բենդերի հետ, բայց մենք նաև ունենալու ենք մեր սեփական երգերը, տեսահոլովակները, որպեսզի մարդիկ մեզ ճանաչեն ու սիրեն»,- Yerevanlife.am-ի հետ զույցում նշեցին խմբի անդամները:

 

Ի դեպ՝ այս նոր համագործակցության մասին զրուցեցինք նաև Չիկոյի՝ Արմեն Թութունջյանի հետ, ով անկեղծացավ՝ իրենք վաղուց են ցանկություն ունեցել համագործակցելու վոկալիստների հետ, ընդ որում՝ հենց եռյակի. «Աղջիկներն էլ շատ ընդունակ են, արագ ընկալող, և ես լուրջ ծրագրեր եմ կապում նրանց հետ»,- ասաց պարոն Թութունջյանը:

 

Վերջում նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին են երևանցիներ և ջազ փոխհարաբերություններն այսօր՝ ըստ նրա: Վերջինս ընդգծեց՝ Հայաստանյան ջազն արդեն  75 տարեկան է, և այդ տարիների ընթացքում միշտ եղել են մարդիկ, որոնք այս քաղաքում ստեղծել են ջազային այն մթնոլորտը, որը, ցավոք, այսօր քանդվում է, ոչ թե կառուցվում. «Անճաշակ ռաբիզ և արաբապարսկաթրքական երաժշտությունն այսօր այնքան շատ է հնչում, որ ջազի հեռանկարն առհասարակ ամբողջ աշխարհում է տխուր: Գիտեք, բոլոր բարձր արվեստները միշտ էլ տխուր վիճակում են լինում, չի կարող պատահել, որ բարձրաճաշակ արվեստը լինի մասսայական»,- նկատեց պարոն Թութունջյանն ու հավելեց, որ չնայած այդ ամենին՝ ինքը լավատես է ու փորձում է հավատալ ջազի խոստումնալից ապագային…

 

Նյութի աղբյուր՝ http://yerevanlife.am/archives/3694

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ