Մշակույթ - «Ես Երևանը սև ու սպիտակ չեմ տեսնում, պարզապես լուսանկարն եմ այդ գույներով ընկալում». Լիլիթ Միկոյան

Ապրիլի 26-ին «Դալան» ցուցասրահում բացվեց «Երևանն ու երևանցիները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որի հեղինակը երիտասարդ գեղանկարիչ Լիլիթ Միկոյանն է, ով միաժամանակ զբաղվում է նաև լուսանկարչությամբ:

 

Լիլիթի խոսքով՝ երևանցու կերպարը գտնելն իր առաջին առաջադրանքներից մեկն է եղել, որ դեռևս չորս տարի առաջ ստացել է իր ուսուցչից. «Ես երեք օր ունեի, պիտի գնայի, նկարեի ու բերեի: Նկարեցի, սակայն չհասա իմ ուզածին, չստացա երևանցու կերպար ու դրա համար որոշեցի շարունակել: Այն դարձավ նպատակ և մի նախագիծ, որի շուրջ կարելի է անվերջ մտածել և փնտրել նոր կերպարներ: Ժամանակի հետ ամեն ինչն էլ փոխվում է, սակայն փողոցով քայլելիս զգացվում է Երևանին բնորոշ մի անփոփոխ տրամադրություն, որը, կարծում եմ, հենց երևանցիների շնորհիվ է պահպանվում: Այս միտքը միշտ ինձ հետ է լինելու, ես միշտ նկարելու եմ, փողոցով քայլելու եմ ու տեսնելու եմ կերպարներ, որոնք ինձ երևանցի են հիշեցնելու, բայց պետք էր վերջակետ դնել ու սկսել ինչ-որ նոր բան: Վերջակետն էլ եղավ այս ցուցահանդեսը, որից հետո ես էլի եմ շարունակելու զարգացնել այս թեման, բայց արդեն ոչ թե որպես նախագիծ, այլ ուղղակի ինքս ինձ համար»,- ասաց Լիլիթը:

 

Երբ նրան հարցրինք, թե ինչպես կբնութագրի երևանցու կերպարը, Լիլիթն ասաց, որ թեև երկար է մտածել այդ հարցի շուրջ, այնուամենայնիվ մինչ օրս դեռ չի կարողացել գտնել դրա լիարժեք պատասխանը. «Բարդ հարց է, որ դեռ եփվում է իմ ուղեղում: Աշխարհի մի շարք քաղաքներում ևս եղել եմ, բայց Երևանն անկախ ամեն ինչից մնում է շատ հյուրընկալ, հարմար ու շատ հարազատ քաղաք: Գուցե ես հայ եմ, դրա համար եմ այդպես ասում, բայց արտասահմանցիների հետ շփվելիս էլ ես միշտ նույն բանն եմ լսել, իրենք էլ են նույնն ասում»,- նկատեց նա:

 

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված էին 33 լուսանկարներ, բայց հատկանշական է, որ նրանցից միայն 4-ն էին գունավոր, իսկ մյուսները՝ սև ու սպիտակ: Լիլիթի խոսքով՝ սև ու սպիտակով ավելի շատ գույն կարելի է տալ լուսանկարին, քան մյուս բոլոր գույներով. «Ես Երևանը սև ու սպիտակ չեմ տեսնում, պարզապես լուսանկարն եմ այդ գույներով ընկալում: Ես ավելի շատ լույս ու ստվերին եմ ուշադրություն դարձնում: Գեղանկարի մեջ էլ ավելի շատ գրաֆիկական աշխատանքներ եմ սիրում` մատիտով, գրիչով և այլն»,- հավելեց Լիլիթը:

Նյութի աղբյուր՝ http://yerevanlife.am/archives/3629

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ