Մշակույթ - Կնոջ կերպարը մեդիայում

 


Գաղտնիք չէ, որ այն ինչ մատուցվում է մեդիայով, ուղղակի և անուղղակի ձևով իր ազդեցությունն է թողնում մարդկանց պատկերացումների, աշխարհընկալման վրա: Այսօր ամբողջ աշխարհում խոսվում է կանանց իրավունքների, կնոջ դերի վերարժևորման մասին: Իսկ ինչպիսի՞ն է կինը՝ ըստ հայկական լրատվամիջոցների, որքանո՞վ է փորձում հայկական մեդիան ամրապնդել կամ փոխել հասարակության մեջ եղած կարծրատիպերը:


Կանանց համար նախատեսված հաղորդումներ

 

Հայկական հեռուստաընկերություններում կանանց համար նախատեսված հաղորդումների մասին որոշակի պատկերացում կազմելու համար մշտադիտարկման են ենթարկվել Հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ», «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հայուհի», «Հ2»-ի «Ինչ է ուզում կինը», «Արմենիա»-ի «Նանե» հաղորդաշարերը: Նկատենք, որ կանանց համար նախատեսված հաղորդումները հաճախ միօրինակ են, թեմատիկ առումով՝ միանման: Շարունակում են գերիշխել կնոջ խնամքի, խոհանոցային ուտեստների և առողջական թեմաները: Ընդգծված է նաև կնոջ մայրական դերակատարությունը: Նկատենք, որ ինտելեկտուալ տարրը կանանց համար նախատեսված հաղորդաշարերում քիչ է: Երբեմն չափազանց շատ է տեղ հատկացված կնոջ խնամքին: Տպավորություն է ստեղծվում, որ հայ կինը իր ժամանակի մեծ մասը պետք է տրամադրի գեղեցկությանը: Պատահական չէ, որ նշված հաղորդաշարերից մեկում ասվում է. «Եթե կնոջ արտաքինի հետ կապված ամեն ինչ կարգին է, նշանակում է, որ նրա բոլոր ծրագրերը, լինեն աշխատանքային, մասնագիտական, ընտանեկան, անպայման իրականանալու են»: Իսկ ուտեստի պատրաստումը շատ հաճախ տեղ է գտնում հաղորդման մեկնարկում: Հետաքրքիր է նաև, որ խոհարարները մեծամասամբ տղամարդիկ են:

 

Կնոջ կերպարը հայկական սերիալներում

 

Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի կարծիքով՝ կնոջ ամենանսեմացված կերպարը մատուցվում է սերիալներում: Ներկայացված են մեր հասարակության կանանց միայն որոշակի խմբեր, և դա ամենևին ցույց չի տալիս ամբողջ պատկերը: Ներկայացված են կանայք, ովքեր, մեղմ ասած, ամենաբարոյականը չեն, ովքեր օրինակելի չեն իրենց պահվածքով: Եթե անգամ փորձ է արվում դրական կերպար ստեղծել, ապա այն առանձնահատուկ է իր խորամանկությամբ, ագրեսիվությամբ, նյարդային պահվածքով, տարբեր ինտրիգների մեջ լինելու կարողությամբ: Դրանք կանայք են, ովքեր տանը նստած բամբասում են, մեղադրում իրենց տղամարդկանց, փորձում ստուգել նրանց հավատարմությունը: Այլ կերպ ասած՝ մեր մեդիայում ցուցադրվում են պրոբլեմային, խնդրահարույց կանայք: Իսկ կանայք, ովքեր ինքնաբավ են, ղեկավար են, ժամանակակից` ոչ բացասական իմաստով, շատ քիչ են: Սոցիոլոգը կարծում է, որ սերիալները մեր հասարակության կողմից միանշանակ չեն ընդունվում. այդ մասին է վկայում շատերի՝ օտար, հատկապես ռուսական հեռուստաալիքներ նախընտրելը: Իսկ սերիալներ սպառողները միշտ նույն մարդիկ են:

 

Հայկական սերիալներում բազմիցս կարելի է հանդիպել շարունակաբար բռնության ենթարկվող և տղամարդկանց կողմից հետապնդվող կանանց կերպարների:
 «Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի առաջին իսկ սերիայից ականատես ենք լինում բռնության տեսարանների: «Էս թանկանոց անմեղությունդ մի գիշերվա հարցա, կլուծեմ, հասկացա՞ր». քաշքշելով ասում է տղամարդը աղջկան: «Ձենդ կտրի ու քեզ խելոք պահի, թե չէ կսատկցնեմ». նույն սերիալում ասում է մեկ այլ տղամարդ առևանգված աղջկան: Հեռուստասերիալում առկա է նաև թրաֆիկինգը, իսկ աղջիկներից մեկն անգամ պատմում է, թե ինչպես են իրեն բռնաբարել և ծեծելով հաճույք ստացել: Երբ թրաֆիկինգի ենթարկված աղջիկները խոսում են փախչելու և գյուղ վերադառնալու մասին, նրանցից մեկն ասում է, որ իրեն չեն ընդունի, հայրն էլ կսպանի, երբ իմանա, թե ինքն ինչով է զբաղվել:
 Նույն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոպանի տեսություն» սիթքոմում տեսնում ենք միասին ապրող մի խումբ կանանց, որոնցից երկուսի ամուսինները մեկնել են արտագնա աշխատանքի, և տպավորություն է ստեղծվում, որ այդ բոլոր կանայք միայն գումարի ակնկալիք ունեն տղամարդկանցից: Նույն սիթքոմում կանանցից մեկը շարունակ դավեր է նյութում իր ամուսնու` ազգությամբ ռուս երկրորդ կնոջ հանդեպ:
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը նկատում է, որ հայկական սերիալներում  գրեթե չկան կանայք, ովքեր հաջողության են հասնում իրենց բարոյական հատկանիշների և ինտելեկտի շնորհիվ: Այսօրվա մեդիան հաղորդում է, որ կարևոր է համայնքի կարծիքը. անհատի կարծիքն ու ով լինելը կարևոր չէ: Այս առումով, տեղին է հիշել «Կտոր մը երկինք» ֆիլմը, որտեղ հերոսը դեմ է դուրս գալիս հասարակությանը` ընտրելով այն կնոջը, ում սիրում է:

Կնոջ կերպարը գովազդում


Գովազդը չի համարվում լրատվամիջոց, սակայն իր ազդեցությամբ չի զիջում վերջիններին: Կնոջ կերպարը բազմաթիվ խնդիրներ ունի ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան գովազդներում: Հենց գովազդն է հաճախ ամրապնդում հասարակության մեջ առկա կարծրատիպերը. կինը՝ տնային տնտեսուհի, կինը՝ սեքսուալ օբյեկտ և այլն: Հաճախ էլ կինը նույնացվում է գովազդվող ապրանքի հետ, դառնում դրա կցորդը:
«Շուկայում առկա ջեռուցման կաթսաները բազմաթիվ են: Նրանց մեջ կան չափսերով մեծ կաթսաներ, էկոլոգիապես ոչ մաքուր կաթսաներ, աղմկոտ կաթսաներ, անարդյունավետ կաթսաներ»: Կաթսաների մասին պատմող այս գովազդի ողջ ընթացքում ցուցադրվում են կանայք, որոնց շապիկներին գրված է «կաթսա»: Վերջում էլ ասվում է` տուն տանելու կաթսա: Սա ապրանքի հետ նույնացման տիպիկ օրինակ է:

 

Հայկական գովազդներում կանայք հիմնականում երիտասարդ են, վառ արտաքինով: Ինչպես նշված է Բաց Հասարակության հիմնադրամ-Հայաստանի քաղաքականության կրթաթոշակառուների ծրագրի հետազոտական խմբի կողմից արված  «Կնոջ կերպարը հայաստանյան գովազդում» հետազոտության մեջ, կանանց միայն 6%-ն է  ներկայացված աշխատանքային միջավայրում:   Kerama Marazzi իտալական սալիկների գովազդներից մեկում կար նման արտահայտություն. «Մարդ ավելի լավա Թաթուլ լսի, քան կնկան»: Ի դեպ, մեդիան սիրում է ներկայացնել «լաչառ», ամուսնու հետ վիճող կանանց կերպարների: Հաճախ էլ կանայք ներկայացվում են որպես ուշադրություն գրավող, շեղող օբյեկտ: «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերության ԱՊՊԱ-ի գովազդում վարորդը իր ուշադրությունը սևեռում է փողոցն անցնող կարճ զգեստ կրող աղջկա վրա և բախվում այլ մեքենայի:

Կնոջ կերպարը մամուլում


Ի տարբերություն մյուս լրատվամիջոցների, մամուլում կանայք ներկայացված են տարբեր կողմերից: «Արմենպրեսս» պետական լրատվական գործակալության օրինակով կարող ենք պնդել, որ մամուլում հասարակությանը մատուցվում է ինչպես կին գործարարի, քաղաքական ու մշակութային գործչի, մարտիկի, այնպես էլ մոր կերպարը: Հարկ է նկատել, սակայն, որ հատկապես համացանցային աղբյուրներում կնոջը հաճախ ներկայացնում են հստակ պիտակներով՝ դիտարկելով ոչ թե որպես անհատականություն, այլ հենց ԿԻՆ, ով պետք է կա՛մ թուլություններ ունենա ու պաշտպանության կարիք զգա, կա՛մ հալածված լինի, կա՛մ լինի կատարյալ, պաշտպանմունքի առարկա: Այս առումով լրատվակայքերում հաճախ շրջանառվող խնդիրներից է նաև ՀԱՅ կնոջ տեսակի առանձնացումը, ինչը ևս, որպես կանոն, ծայրահեղացվում է՝ չափազանց դրականից մինչև չափազանց բացասական (հետամնացության ու թուլության առումներով): Եվս մեկ խնդիր, որ նկատել ենք հետազոտությունն անելիս: Համացանցային ինֆորմացիոն-ժամանցային կայքերից մեկը՝ MediaMag.am-ը, 2013-ին հրապարակել է Հայ կնոջ ներկայիս կերպարի բացահայտմանը միտված մի  «հետազոտության» արդյունքներ՝ նշելով, որ անցկացված թեստի մասնակիցների մեծ մասն արժանացել է «ամենադրական արդյունքին», որն է՝ «Դուք ի ծնե «տնային» կին եք` Ձեր բնավորությամբ, սովորույթներով: Դուք կանացի եք յուրովի, Ձեր հանգստությամբ, հոգատարությամբ, ուղղակի կրքոտ չեք: Դուք հոգ եք տանում Ձեր տան ու ընտանիքի, այլ ոչ թե Ձեր զգեստապահարանի և բիզնեսի մասին: Սիրում եք ավելի շատ Ձեր երեխաներին, քան տղամարդկանց ուշադրությունը: Ձեր կողքի տղամարդը պետք է Ձեզ պաշտպանի և մի քիչ էլ իշխի Ձեզ: Զգույշ եղեք, որպեսզի չկորցնեք Ձեր տղամարդուն: Հետևեք Ձեր արտաքինին»: Նկատենք, որ խնդրահարույց են ինչպես ներկայացված հետազոտության արդյունքների ձևակերպումը («տնային» կին արտահայտութունը մի տեսակ նույնացվում է «տնային կենդանի» արտահայտության հետ), այլև արդյունքներին տրված գնահատականը: Փաստորեն, մեր հասարակությանը փորձում են համոզել, որ ցանկալի ու գնահատելի է ոչ թե խելացի, կարիերիստ (դրական իմաստով), պետության ու հասարակության զարգացմանը նպաստող, այլ տանը նստող ու միայն ամուսնու և երեխաների կարիքները հոգալու մասին մտածող հայ կնոջ կերպարը, ում միակ խնդիրը սեփական արտաքինին, ասել է թե՝ տեսանելի ձևին հետևելն է, ոչ թե բովանդակությանը:

«ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության արած «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքների համաձայն՝ ԶԼՄ-ները հաճախ նպաստում են գենդերային կարծրատիպերի ամրապնդմանը և կանանց ընկալմանը` որպես մարդկանց, ովքեր անընդունակ են հասարակական-քաղաքական ակտիվություն ցուցաբերել, լավ ղեկավարել կամ  որոշումներ կայացնել:

 

Եզրակացություն


Հայկական մեդիադաշտը  բավականին խոցելի է հասարակությանը կնոջ օրինակելի կերպար մատուցելու հարցում: Խնդիրներից խուսափելու համար լրատվամիջոցները կարող են աշխատել սոցիոլոգների ու հոգեբանների հետ:  Նման մոտեցումը կօգնի հասկանալ հասարակության պահանջները, ինչից հետո ըստ այդ պահանջների բավարարման հնարավորությունների հնարավոր կլինի բացահայտել մեր հետագա զարգացման համար անհրաժեշտ կնոջ օրինակելի և հաջողակ կերպարներ:

Մարիամ Այդինյան

Անահիտ Չալիկյան

Նյութը պատրաստվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Ֆրիդրիխ-Էբերտ-Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ իրականացված նախագծի շրջանակներում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ