Մշակույթ - Հայոց ցեղասպանությունն ամերիկացի լուսանկարչի աչքերով

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում շարունակում է բաց մնալ Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Ամերիկացի լուսանկարչուհին նպատակ է ունեցել լուսանկարների միջոցով արթուն պահել պատմական հիշողությունները, աշխարհին ներկայացնել հայոց պատմության ամենաարյունոտ էջը՝ միաժամանակ համադրելով գեղեցիկն ու դրականը: Ուսումնասիրելով պատմական փաստերը՝ Քուքն այցելել է բոլոր այն վայրերը, որտեղ ժամանակին հայեր են ապրել, եղել է աքսորավայրում, այցելել Թուրքիայի Աղաչլը գյուղ, որը մինչև 1915 թվականը հիմնականում բնակեցված է եղել հայերով: Գյուղի անունը թարգմանաբար նշանակում է «ծառերի վայր»:

Իրականում ցուցահանդեսի վերնագրի բուն էությունը բնության միջոցով հիշողությունները կենդանի պահելն է: Ուշադրության կենտրոնում է նաև մարդը՝ որպես բնության մի մասնիկ: Լուսանկարչուհու ուրույն աշխարհընկալմամբ՝ բոլոր այն վայրերում, որտեղ ժամանակին հայեր են եղել, մինչև հիմա շարունակում են մնալ տառապանքի հետքերն ու անցյալի հիշողության բեկորները: Իր աշխատանքների միջոցով Քուքը ցանկանում է ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը բևեռել ցեղասպանության թեմային՝ մարդասիրության և հավասարության գաղափարն իր համար հենք դարձնելով:

Հավելենք, որ «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 29-ը:

ՀԳ.  Ամերիկացի լուսանկարիչ Քեթրին Քուքը ծնվել է 1979 թվականին: Մեծացել է Նյու Մեքսիկոյում: Իր մասնագիտական գործունեությունն սկսել է 2003թ. Պանամայում` Associated Press ընկերությունում: Երկու տարի անց հեռացել է ընկերությունից, որպեսզի նվիրվի իր անձնական նախագծերին: 2006-ից սկսած` ծրագրերը կենտրոնացրել է ցեղասպանություն կատարած պետությունների վրա` Թուրքիա, Մերձավոր Արևելք և Ռուանդա: 2006-ին Քուքը տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ սկսել է աշխատել Հայոց ցեղասպանության թեմայով երկարաժամկետ ծրագրի վրա: Նրա լուսանկարները հրապարակվել են միջազգային տարբեր թերթերում ու ամսագրերում:

Նյութի աղբյուր՝ http://yerevanlife.am/archives/3398

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ