Կրթություն - Երիտասարդ թարգմանիչները մասնակցել են ամենամյա համաժողովին

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի 1-ին կուրսի ուսանողներն իրենց դասընթացի շրջանակում պարբերաբար իրականացնում են «TED» թարգմանություններ: Նորաթուխ համալսարանականներն այցելում են նաև «Թումո» ստեղծարարական կենտրոն, որտեղ հանդես գալով հետաքրքիր թարգմանական գաղափարներով՝ կամավորության սկզբունքով կենտրոնի համար որոշ թարգմանություններ են անում: Հաշվի առնելով այդ իրողությունը՝ «TEDx» կոնֆերանսների համակարգող, «TED OTP» ծրագրի համակարգող, աշխատաժողովների ղեկավար Քրիստինե Սարգսյանն առաջարկել է «TED Ed» նախագծի շրջանակում նոր ծրագիր սկսել՝ ուսանողներին հորդորելով մասնակցել «TEDx» ամենամյա համաժողովին:

«TEDx» համաժողովն («TEDxSalon») այս տարի տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, որին, բացի համալսարանականներից, մասնակցել են նաև տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ովքեր, ներկայացնելով իրենց պատմությունը, խոսել են այն բանի մասին, թե ինչպես են կյանքի որևէ փուլում օգնել մարդկանց, ովքեր իրենց կյանքում շրջադարձային դեր են խաղացել:

Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոս Լուսինե Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պայմանավորվածության արդյունքում իրենց ուսանողները թարգմանել են մի շարք գիտական ուսումնասիրությունների վերաբերող ելույթներ, որոնք կապված են եղել ուղեղի հետ: Յուրաքանչյուր ուսանող, ընդհանուր առմամբ, թարգմանել է 3 էջ, ինչն էլ որոշակի խմբագրումներից հետո տեղադրվել է կայքում և արդեն հասանելի է «TED»-ի կայքի հայալեզու օգտատերերի համար:

Երիտասարդ թարգմանիչներն իրենց կամավորական աշխատանքը ողջունելի են համարում և համոզված են, որ տեսական գիտելիքները պետք է նմանօրինակ նախաձեռնությունների միջոցով գործնականի վերածել:

Լուսինե Սարգսյանը հավելեց նաև, որ այս նախաձեռնությունները նպաստում են աշխատանքային փորձին, ուսանողների թիմային աշխատանքի զարգացմանը և մեկ գաղափարի շուրջ նրանց միավորելուն. «Այս համաժողովը գաղափարների փոխանակման հարթակ հանդիսացավ մեր ուսանողների համար: Կարծում եմ, որ նմանօրինակ նախաձեռնությունների միջոցով ապահովվում են գրավոր և բանավոր խոսքի ու հաղորդակցման հմտությունների զարգացումը, ինքնավստահության ձևավորումը, տրամադրող և ուսանողակենտրոն ուսուցումը, առաջին իսկ պահից օտար լեզվի միջավայրի առկայությունը, անհատական մոտեցումը (ուսանողների անհատական հետաքրքրությունների բացահայտումը), ինչպես նաև դասավանդման արդի մեթոդները»:

Նյութի աղբյուր՝ http://ysu.am/news/hy/TEDx-Yerevan-salon-in-focus

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ