Պաշտոնական - Լավրովի բերված խաղաքարտերը բացվեցին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում հայտարարել է, թե վերջին տարիներին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք են բերվել համաձայնություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն: Թե ինչ համաձայնությունների մասին է խոսքը, պարզ չէ: Պարզ է, որ Լավրովն ըստ երեւույթին նկատի ունի այն եռակողմ ֆորմատը, որով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ հանդիպում էին մի քանի տարի, մինչեւ Կազան:

Եթե խոսքն այդ համաձայնությունների մասին է, ապա դրանց կյանքի կոչումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, թեեւ հայտարարվում է, որ դրանք մերժել է Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը:

Միեւնույն ժամանակ, եթե այդ համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն, ապա ի՞նչ իմաստ է ստանում Լավրովի եւ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը 1994 թվականի հրադադարի պահպանման մասին, այդ Համաձայնագրի «անժամկետ» լինելու մասին: Չէ՞ որ այդ Համաձայնագրի առանցքաին էֆեկտը ոչ միայն հրադադարն է ինքնին, այլ այն, որ դրա շուրջ համաձայնության, այսինքն հակամարտության կողմ է նաեւ Արցախը, որի ստորագրությունը կա այդ Համաձայնագրի տակ:

Հետեւաբար, եթե Ռուսաստանը ամրագրում է դրա պահպանման անհրաժեշտությունը, ուրեմն քաղաքական իմաստով խոսում է Արցախի կողմ ճանաչելու մասին:

Մյուս կողմից, իհարկե, այդ երկու հայտարարությունները կարող են նաեւ չհակասել միմյանց: Այն իմաստով, որ չի բացառվում կազանյան թղթի պայմանների մեջ ներառվում է այն, որ եթե Հայաստանն ու Արցախը համաձայնում են հանձնել տարածքներ Ադրբեջանին, Ադրբեջանն էլ համաձայնում է կարգավիճակի մեխանիզմների շուրջ հարցում բանակցել Արցախի կամ նաեւ Արցախի ներկայացուցիչների հետ:

Բայց, անգամ այդ դեպքում Կազանի փաստաթղթի սպառնալիքը չի նվազում:

Մյուս կողմից, Լավրովը խոսում է այն մասին, որ կյանքի կոչման ենթակա համաձայնությունները վերաբերում են վստահության միջոցներին:

«Դրանք վերաբերում են վստահության միջոցներին, ինչպես հետաքննական մեխանիզմը և այլ գործիքներ։ Դեռ հինգ տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանապարհային քարտեզ էր մշակել՝ ինչպես շարժվել այս ուղղությամբ։ Մենք կարևոր ենք համարում, որ Գերմանիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում կենտրոնանա սրա վրա, օգտագործի իր լիազորություններն այս հարցում։ Մենք նպաստելու ենք դրան», հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Այստեղ կան հետաքրքիր նրբերանգներ, կապված հետաքննական մեխանիզմի հետ: Արդյոք Ռուսաստանը նկատի ունի այն մեխանիզմը, որը վերջին տարվա ընթացքում աշխուժորեն փորձում է ներդնել ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ եւ որը մերժում է Ադրբեջանը: Եթե նկատի ունի դա, ապա այստեղ իրավիճակը կարող է իհարկե այլ լինել: Հայաստանը ողջունել է այդ մեխանիզմի ներդրումը: Բանն այն է, որ այդ մեխանիզմը փաստացի կարգելափակի պատերազմի շանտաժի, ադրբեջանական ռազմական դիվանագիտության հնարավորությունը:

Հայկական կողմի համար դա կլինի միջանկյալ դիվանագիտական հաջողություն: Ադրբեջանն այդ առաջարկի համար բացահայտորեն մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներին, հատկապես ամերիկացիներին:

Ռուսաստանը տեւական ժամանակ լռություն է պահպանել, չխոսելով մեխանիզմի մասին: Եվ ահա, Լավրովը խոսում է Երեւանում: Եվ եթե խնդիրը լոկ այդ մեխանիզմն է, առանց որեւէ տարածքային զիջման, ապա այստեղ իհարկե իրադարձությունների այդօրինակ զարգացումը դառնում է ողջունելի:

Այդ շրջանակում, ինքնին առաջանում է Արցախի որոշակի սուբյեկտության հարցը, նկատի ունենալով այն, որ միջազգային մեխանիզմով փաստացի որեւէ կերպ ամրագրվելու է նաեւ Արցախի եւ Ադրբեջանի սահմանը, որտեղ պետք է տեղակայվեն այդ մեխանիզմի դետալները:

Մյուս կողմից, դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի տարածաշրջան խաղաղապահներ տեղակայելու հավակնությունից: Մոսկվան պատրա՞ստ է դրան: Այդ դեպքում ո՞րն է մեխանիզմի հարցում Մոսկվայի շահագրգռությունը:

Թե՞ Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Մոսկվան ստանում է որոշակի քաղաքական «համակարգողի» կարգավիճակ, հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրմանը չխոչընդոտելու եւ ավելին՝ դրան տեղակայմանը նպաստելու դիմաց:

Եվ արդյոք այստեղ որոշակի քաղաքական նշանակություն չի ստանում այն «մի քանի հարյուր» մետրը, որ քառօրյա պատերազմի հետեւանքով հայտնվել է Ադրբեջանի ենթակայության տակ եւ որի մասին ԵԱՀԿ դեսպաններին պատերազմի ընթացքում ասում էր Սերժ Սարգսյանն ու խոստանում արագորեն հետ բերել:

Փաստորեն դա հետ չի բերվել՝ Ռուսաստանի միջնորդությամբ կասեցվել է հայկական զինուժի հակագրոհը, որն անկասկած հետ էր բերելու այդ դիրքերը, քանի որ դրանք պահելը Ադրբեջանի համար պարզապես անհնար էր լինելու խիստ աննպաստ մարտավարական դիրքի պատճառով:

Արդյոք դա դիտվելու է այն խայծը, որով Մոսկվան կփորձի Ալիեւին բերել հրադադարի մեխանիզմի շուրջ համաձայնության: Եվ արդյոք այդ համաձայնությունը չկայանալուց հետո հայկական զինուժին կտրվի դիրքերը հետ բերելու այսպես ասած Մինսկի խմբի համանախագահների կոնսենսուսային իրավունք: Եվ արդյոք դրա համար է Ռուսաստանը ակնարկում Ադրբեջանին 1994 թվականի հրադադարի մասին:

Հարցերն իհարկե շատ են, իսկ գործընթացն՝ ակնհայտորեն բավական դինամիկ:

Մեծ հաշվով, քառօրյա պատերազմը ճեղքման ոչ միայն ադրբեջանական փորձ էր, այլ գուցե նաեւ ռուսական: Պատահական չէր, որ Ռուսաստանի առաջին արձագանքը ոչ թե մտահոգությունն էր, այլ այն, թե ուշադիր հետեւում են իրադարձություններին:

Ադրբեջանի ռազմական ճեղքման համեմատաբար հաջող փորձը Մոսկվային կարող էր տալ քաղաքական էական ճեղքման գրեթե 100 տոկոսանոց հնարավորություն, որի միջոցով Ռուսաստանն էապես կամրացներ իր դիրքը Կովկասում: Չստացվեց, եւ Մոսկվան ըստ ամենայնի գնում է նվազագույնի ճանապարհով՝ պայմանավորվելով ԱՄՆ հետ եւ փորձելով Բաքվին համոզել հրադադարի պահպանման մեխանիզմներին համաձայնելու հարցում:

Այստեղ էական է, թե ինչ պահանջներ կդնի պաշտոնական Երեւանը: Չի բացառվում, որ մի ձեռքով գնալով նվազագույնին, Մոսկվան մյուս ձեռքով կփորձի պարզապես զսպել պաշտոնական Երեւանի խիստ պահանջները, որպեսզի Ադրբեջանի համար պահպանի  ճեղքման նոր փորձերի հնարավորությունը:

Նյութի աղբյուր՝ http://hartak.am/arm/n-57827#sthash.NlUZRy09.5H3rW82a.dpuf

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ