Կրթություն - 340 դպրոցականներ պարգևատրվեցին

Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 8-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ին մասնակցել էին 270 դպրոցների ավելի քան 3100 աշակերտներ: Նրանցից միայն 600-ն էին հաղթահարել 1-ին փուլի փորձությունը: Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ I, II, III կարգի դիպլոմների և գովասանագրերի արժանացան 340 դպրոցականներ:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, տարբեր ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ և ուրիշներ:

ԵՊՀ ռեկտորը ողջունեց ներկաներին և առաջարկեց հետադարձ հայացք նետել ամենամյա «ԵՊՀ օլիմպիադայի» նախորդ տարիների ցուցանիշներին: Պարոն Սիմոնյանը, համեմատելով նախորդ տարիների թվային տվյալները, նշեց, որ եթե 2009 թ.-ին օլիմպիադային մասնակցել են 59 դպրոցների 600 աշակերտներ, ապա 2016 թ.-ին՝ արդեն 10 մարզերի և Երևանի 272 դպրոցների 3103 աշակերտներ:

«Մենք շատ ուրախ ենք, որ Երևանի պետական համալսարանը մասնակցում է այս օլիմպիական շարժմանն ու կազմակերպմանը: Համոզված ենք, որ այս աշխատանքը ապագայում ևս շարունակվելու է նույն եռանդով: Բազմիցս արդեն նշել ենք, որ օլիմպիադայի մասնակիցների հաջողությունները եռակողմ աշխատանքի արդյունք են՝ աշակերտի, ուսուցչի և ծնողի: Եվ այս եռյակ միության աշխատանքի արդյունքն է, որ պտուղներ է տալիս՝ օլիմպիադայի մասնակիցների և հաղթողների տեսքով»,- ասաց պարոն Սիմոնյանը:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը, տարեցտարի ընդլայնելով դպրոցների հետ համագործակցության շրջանակը, նոր հնարավորություններ է ընձեռում դպրոց-բուհ կապի ամրապնդմանը: Հատկանշական է, որ ԵՊՀ դասախոսները մասնագիտական կողմնորոշմանը միտված ծրագրի շրջանակում պարբերական հանդիպումներ են ունենում դպրոցներում: Եվ ահա այսօր էլ՝ միջոցառման ընթացքում, համագործակցության համաձայնագրեր ստորագրվեցին Արտաշատի, Սիսիանի, Երևանի հ. 159, հ. 94 ավագ դպրոցների հետ:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը օլիմպիադայի հաղթողներին տեղեկացրեց, որ ԵՊՀ գիտխորհուրդը նոր որոշում է ընդունել, ըստ որի՝ ԵՊՀ ամենամյա օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի ուսուցման համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ համապատասխանաբար 50, 40 և 30%-ով:

Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ամենաշատ դիպլոմների արժանացել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, «Քվանտ» վարժարանի և Սիսիանի ավագ դպրոցի աշակերտները: Պարոն Գալստյանը տեղեկացրեց նաև, որ օլիմպիադայում հիմնականում աչքի են ընկել «Հայոց լեզու և գրականություն», «Կենսաբանություն», «Անգլերեն» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաների գծով հաղթող ճանաչված աշակերտները:

Տեղեկացնենք, որ հաղթողները, բացի դիպլոմներից ու գովասանագրերից, ստացան նաև ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված մասնագիտական ու գիտահանրամատչելի գրքեր: Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար հանրապետության 26 դպրոցների տնօրեններ էլ ԵՊՀ ռեկտորի կողմից պարգևատրվեցին հատուկ շնորհակալագրերով:

Նյութի աղբյուր՝ http://ysu.am/news/hy/Closing-ceremony-of-YSU-Olympiad-2016

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ