Տնտեսություն - Բանակի թերզինվածությունից մինչեւ պաշտոնյաների դավաճանություն. բողոքի երթ դեպի Բաղրամյան 26

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում միջոցառում է ստեղծել՝ «Մենք զինվորի կողքին ենք-երթ դեպի Բաղրամյան 26» անունով: Երթը, որ նախատեսվում է իրականացնել ապրիլի 22-ին ժամը 18:00-ին՝ Ազատության հրապարակից, համացանցում արդեն 500-ից ավելի պայմանական մասնակից ունի:

Կազմակերպիչները նշում են, որ Բաղրամյան 26-ում մտադիր են հնչեցնել մի շարք պահանջներ, որոնք առաջին հերթին վերաբերելու են ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին աշխատանքից ազատելուն՝ անգործության, իրավիճակին չտիրապետելու պատճառով:

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ազգի մեջ արթուն է պայքարի ու եղբայրության ոգին: Նաեւ շատերի համար ակնհայտ ընդգծվեցին շատ կարեւոր երեւույթներ՝ սկսած մեր բանակի թերզինվածությունից մինչեւ պաշտոնյաների անգործություն, ընդհուպ մինչեւ դավաճանական կեցվածքը: 
Մենք պահանջում ենք Բաղրամյան 26-ից՝
1. Պետբյուջեից անհապաղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական ԱՄՆ դոլարի չափով: 
2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին եւ Գլխավոր Շտաբի պետ Խաչատուրովին իրենց անգործության եւ իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:
3. Աշխատանքից ազատել ԴԱՀԿ ծառայության պետին՝ պարտավորեցնելով նրան պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը»,- ասվում է համացանցում տեղադրված հաղորդագրությունում:
Պահանջներից մեկն էլ այսպիսի բովանդակություն ունի. օլիգարխներից յուրաքանչյուրին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 5 մլնԱՄՆ դոլարի չափով գումար: Նախաձեռնության հեղինակները նույնիսկ թվել են այն 50 օլիգարխների անունները, որոնցից պետք է գանձվի ընդհանուր առմամբ 250 միլիոն ԱՄՆ դոլարը: Ցանկում ներառված են Սաշիկ Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից, Գագիկ Խաչատրյաից սկսած մինչեւ Էդուրադ Շահմազանով, Արմեն Աշոտյան, Արթուր Բաղդասարյան, Գագիկ Ջհանգիրյան ու այսպես շարունակ: Հավաքված գումարն, ըստ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության պահանջի պետք է ներդրվի պաշտպանական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ֆոնդի մեջ:

Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիա անցկացվեց ՌԴ դեսպանատան մոտ, որի ընթացքում էլ պահանջվեց դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ակցիայի մասնակիցները մետաղադրամներ ու ձվեր նետեցին դեսպանատան ուղղությամբ:  

Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/read/83583

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ