Մշակույթ - Իսրայելը պետք է ճանաչի Ցեղասպանությունը. իսրայելցի Նոբելյան մրցանակակիր

Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կարծում է իսրայելցի կենսաբան, 2004թ. քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր Աարոն Չիչհանովերը (Aaron Ciechanover):

Չիհանովերը Նոբելյան չորս այլ մրցանակակիրների հետ մասնակցում է Երևանում ընթացող Նոբելյան օրերին:

ՍիվիլՆեթի հետ զրույցում իսրայելցի գիտնականն ասում է, որ Թուրքիան բաժանում է Հայաստանին ու Իսրայելին վերջինիս կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, սակայն Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, Չիչհանովերն ասում է. «Զենք վաճառելը միշտ էլ վատ նպատակների համար է, անկախ նրանից, թե ում ես վաճառում: Դու զենքը չես վաճառում որպես օծանելիք: Ցանկացած երկիր, որ զենք է վաճառում, դա անում է վատ նպատակների համար: Դա անում է գումար աշխատելու համար: Սակայն Ցեղասպանության հարցը բոլորովին այլ բան է, նաև հատկապես մեզ՝ հրեաներիս համար»:

Չիչհանովերը կարծում է, որ Հայաստանի ու Իսրայելի գիտնականները, մասնավոր հատվածը՝ անկախ երկու երկրների քաղաքական հարաբերություններից, կարող են համագործակցել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Նա Հայաստանին խորհուրդ է տալիս զարգացնել գիտությունը և տեխնոլոգիաները, եթե խնդիր կա ՀՆԱ-ն մեծացնելու:

«Ձեր երկիրը նոր է դուրս եկել կոմունիստական մեծ ճնշման տակից, այնպես որ, դուք նոր եք սկսում: Դուք գիտությունը զարգացնելու համար իդեալական տեղում եք գտնվում: Մենք Իսրայելում հիմա ունենք գազ, սակայն բոլորովին վերջերս ոչինչ չունեինք, միայն ուղեղ` մարդկանց համար»,- ասում է Չիչհանովերը: Նրա խոսքով՝ Հայաստանի համար, որը բնական պաշարներ չունի, փոքր երկիր է, հարստանալու միակ միջոցը գիտության և տենոլոգիաների զարգացումն է, որը թույլ կտա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով հասնել եվրոպական մակարդակին, այսինքն՝ ՀՆԱ-ի առնվազն եռապատկման:

«Խոսքը ոչ միայն դեղամիջոցների մասին է, այլ ամեն ինչի` բարձր տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, այն, ինչ անվանում են բարձր վարձատրվող ոլորտներ: Իհարկե, կոնյակը հիանալի է, սակայն կոնյակով չես կարող ապրել: Մենք ապրում ենք էլեկտրոնիկ չիպերով, բարդ տեխնոլոգիաներով, խոշոր օգուտ կարելի է ստանալ մի բանից, որը միլիարդավոր դոլարներ կարող է բերել պատենտի համար»,- ասում է իսրայելցի գիտնականը:

Չիչհանովերը համոզված է՝Հայաստանն ունի ներուժ գիտությունն ու տեխնոլոգիաները զարգացնելու համար:

«Մեզնից պակաս խելացի չեք: Ի՞նչն է խնդիրը, իհարկե ունեք այդ ներուժը: Հենց այդ էլ նշեցի: Իսրայելից շատ բան կարելի է սովորել, քանի որ մենք շրջապատված ենք «լավ» հարևաններով, որոնք ամեն նախաճաշի ցանկանում են մեզ ողջ-ողջ ուտել, և ի հեճուկս այդ ամենի՝ մենք շատ լավ ենք: Միգուցե հենց թշնամիների պատճառով, քանի որ նրանք ստիպում են անընդհատ զգոն մնալ, և մենք զարգացնում ենք տեխնոլոգիաները, քանի որ պետք է միշտ թշնամիներից առաջ անցնել»:

Գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումները, ինժեներական լուծումների կիրառումը կարող է արվել առանց քաղաքական գործիչների: «Ինչու չանել դա,- հարցադրում է անում իսրայելցի գիտնականը:- Մեր երկրների միջև կան բազմաթիվ ընդհանրություններ»:

 

Նյութի աղբյուր՝ http://civilnet.am/2016/04/12/aaron-ciechanover-israel-should-recognize-armenian-genocide/#.Vw4oytSLQdV

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ