Մշակույթ - «Մեր զենքը սկսվում է այստեղ ու տարածվում՝ մինչև մեր վտանգված սահմանի վրա կանգնած զինվորները». Տիգրան Մանսուրյան

Ժամեր առաջ Երևանի սրտում՝ Կասկադում, տեղի ունեցավ «Զինվորիս հետ» խորագիրը կրող բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաք, որից ստացված ողջ հասույթը կուղղվի պատերազմում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին: Համերգ-դրամահավաքը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ: Համերգին մասնակցում է նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Համերգի ընթացքում հնչեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգը տևեց մոտ մեկ ու կես ժամ: Համերգին ներկա էին մեծ թվով մտավորականներ ու արվեստագետներ, այդ թվում նաև՝ մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ով համերգի մեկնարկից առաջ իր հրապարակային խոսքն ուղղեց սահմանին կանգնած մեր զինվորներին. «Սահմանին օրեր առաջ տեղի ունեցածը մեզ ստիպեց ցնցվել և այս ոգեկանչությանը դիմել՝ բոլորիս: Ահավասիկ մեզ հետ եկել է այստեղ Կոմիտասը՝ իր հնչողություններով, եկել է Արամ Խաչատուրյանը, հայ երաժշտության վարպետները և այսօրվա երաժիշտ կատարողների հրաշալի սերունդը: Կարծում եմ՝ սա հրաշալի նախաձեռնություն է: Հրապարակային կատարումը երաժշտական նոր իմաստ և բովանդակություն է ստանում, և սա ոչ միայն հարստացնում է երաժիշտների կենսագրությունը, քաղաքն է զարդարում՝ նոր իմաստ և բավանդակություն տալով նրան, մանավանդ, որ սրա հիմքում կա կորստի ցավն ապրելու և այդ ցավին արձագանքելու, դարման լինելու, օգնության ձեռք մեկնելու նվագախմբի նախաձեռնությունը, նվագախումբ, որն իր ակադեմիական բարձունքից ու դահլիճից իջել է փողոց ու հրապարակ, և իր ձեռքն է փորձում մեկնել կարքիավոր ու այս օրերին ցավ ունեցող ընտանիքներին: Մենք միասին ենք, և երաժշտությունը մեզ հետ է, որովհետև մենք ոգու ժողովուրդ ենք: Մեր զենքը սկսվում է այստեղ ու տարածվում է մինչև սահման, մինչև զինվորները, որ կանգնած են հիմա մեր վտանգված սահմանի վրա: Փառք ու պատիվ իրենց: Մենք մեր զինվորի հետ ենք»:

Մաեստրո Մանսուրյանը լրագրողների հետ կիսվեց այս օրերին ունեցած իր ապրումներով ու խոհերով. «Վերջին օրերի ծանր իրադարձությունները, որ ցնցեցին բոլորիս, այնուամենայնիվ, մեզնից պահանջում են ո՛չ միայն ոգու ամրություն և մտքի սթափություն, այլ նաև՝ գործողությունների հստակ գիտակցում՝ ով ինչպես և ինչով կարող է: Մենք տեսանք, որ թե՛ մեր զինվորականների բարձր դասը, թե՛ պարզ շարքայիններն ուղղակի դրսևորեցին ծայրահեղ գեղեցիկ, հայավարի և մարդկային վարքագիծ: Մենք՝ այստեղ, հուզմունքի, բայց խաղաղության մեջ ապրողներս, իրենց շատ սիրում ենք: Մենք գլուխ ենք խոնարհում այն զոհերի և նրանց ընտանիքների առաջ, որտեղ տեղի ունեցան այս ողբերգական դեպքերը: Այսօր ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը դուրս է եկել փողոց՝ ճիշտ այնպիսի մի ծրագրի, որը նեցուկ է կանգնում սահմանը պաշտպանող զինվորին: Այստեղ կազմակերպված ակցիան ոչ միայն նվագ և ներշնչանք է տարածում և դրանով ապրեցնում ու ոգևորում սահմանին կանգնած զինվորին, այլ նաև շատ գործնական ծրագիր է իրականացնում՝ նյութական օժանդակությամբ սատարելով զոհված զինծառայողների ընտանիքներին: Սա, անշուշտ, ոգևորիչ և օրինակելի քայլ է, որը ես ողջունում եմ»:

Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/04/09/621691.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ