Մշակույթ - Արամ mp3-ի մենահամերգին ընդառաջ

Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա սիրված երգիչ, դերասան, շոումեն և հումորիստ Արամ mp3-ի (Սարգսյան) մենահամերգը՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Համերգին ընդառաջ՝ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին ներկա էին ինքը՝ Արամը, համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր, «CreativePRgroup»-ի հիմնադիր տնօրեն Տիգրան Գալուստյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Գրիգորյանը, գրաֆիկական դիզայներ Արամայիս Հայրապետյանը և հագուստի դիզայներ Դիանա Շատվերյանը:

«Համերգին, իհարկե, կլինեն նաև հին երգեր, որոնք տարիների ընթացքում սիրվել են իմ կատարմամբ, կլինեն նաև երգեր, որոնք փոփոխել ենք, այսպես ասած՝ ավելի հայաֆիկացրել, և կլինեն նոր երգեր, ինչպես նաև բազում հաճելի անակնկալներ»,- նշեց Արամը:

Սպասվող անակնկալների շարքից նա առանձնացրեց անմիջական շփումը հանդիսատեսի հետ՝ նշելով, որ չի մոռացել նաև իր մասնագիտություններից մեկի՝ հումորի մասին: Շարունակելով Արամի խոսքը՝ համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Տիգրան Գալուստյանն ասաց, որ այդպիսով համերգին մարդիկ հնարավորություն են ունենալու ոչ միայն լսել, այլև տեսնել. «Կարող եմ ասել՝ համերգն ավելի շատ ֆիլմի է նման լինելու, քանի որ ունենալու է սկիզբ, զարգացում և ավարտ: Ունենք նաև մի քանի ինտերակտիվ վիդեոշփումներ, հանդիսատեսի համար կան պատրաստված 3D անիմացիաներ, լուսային էֆեկտներ, այնպես որ ինձ թվում է՝ շատ տպավորիչ շոու է սպասվում բոլորին: 

Համերգը շատ օրիգինալ և տարբերվող է լինելու: Դրանում դուք ինքներդ կհամոզվեք, եթե գաք, ներկա լինեք: Պարային համարներ, իհարկե, կլինեն, բայց հիմնական շեշտը դրվելու է հանդիսատեսի հետ շփման վրա: Հետաքրքիր լուծումներ ունենք, որոնք Հայաստանում առաջին անգամ են արվում: Այսինքն՝ համաշխարհային աստղերն արել են, ունեցել են նման փորձ, և մենք նույնպես փորձեցինք ստանալ այն Հայաստանում: Ամենակարևորը՝ տոմսերը համարյա սպառվել են, բայց ցանկացողները դեռ կհասցնեն գնել իրենց տոմսն ու ներկա գտնվել Արամի համերգին»,- ընդգծեց նա:

Արամն էլ շեշտեց, որ համերգը նվիրվում է կանանց և հիմնականում կանանց մասին է լինելու, բայց չեն մոռացել ու անդրադարձել են նաև տղամարդկանց. «Այսինքն՝ համերգի կարգախոսը հետևյալն է՝ «Համերգ՝ նվիրված կանանց, բայց չէ՞ որ տղամարդիկ են հրավիրել այդ կանանց»,- կես կատակ-կես լուրջ ասաց նա:

Լրագրողների հարցին էլ՝ իսկ «Վիտամին ակումբ»-ին կտեսնե՞նք բեմում, երգչի պատասխանը կրկին հումորային էր. «Բեմում չէ, բայց տարածքում են լինելու»:

Նշենք, որ համերգի բեմական հագուստների հեղինակը դիզայներ Դիանա Շատվերյանն է, ով, ինչպես նշեցինք, նույնպես ներկա էր ասուլիսին: Շնորհակալություն հայտնելով վերջինիս՝ Արամն ընդգծեց՝ իր համար փոքր-ինչ դժվար է հագուստ կարելը, քանի որ շատ շուտ է քրտնում, և Դիանային հաջողվել է լուծել այդ խնդիրը: Վերջինս էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Արամին՝ նշելով, որ շատ հեշտ էր ու հաճելի նրա հետ աշխատելը. 

«Իհարկե, առօրյայում էլի էի հագուստ կարել Արամի համար, բայց բեմական հագուստ առաջին անգամ էի կարում: Կարող եմ ասել՝ հետաքրքիր կերպարներ են սպասվում, ոչ ստանդարտ, գույներն էլ փորձել ենք համապատասխանեցնել Արամի նշած խնդիրը հաշվի առնելով: Փակագծերը չեմ ուզում շատ բացել, որպեսզի հետաքրքրությունը պահպանվի»,- հավելեց նա:

Նյութի աղբյուր՝ http://yerevanlife.am/archives/3038

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ