Կրթություն - Բարեփոխումներն ասպիրանտուրայում տեղապտույտի մեջ են

Բոլոնիայի համաձայնագրի տրամաբանությամբ, ՀՀ-ում բարձրագույն մասնագիտական կրթության երրորդ մակարդակը արմատական բարեփոխումների պետք է ենթարկվեր: Սակայն այդ գործընթացը դեռեւս տեղապտույտի մեջ է եւ լուրջ ուշադրության չի արժանանում ինչպես համալսարաններում, այնպես էլ կառավարության մակարդակով: Փետրվարի 25-ին ՀՀ կառավարությունը ընդունեց ասպիրանտուրայում ընդունելության եւ ուսուցման 238 -Ն որոշումը, որը մեր կարծիքով, ոչ միայն ոչինչ չփոխեց, այլ նույնիսկ հետընթաց արձանագրեց ասպիրանտական համակարգում: Մասնավորապես, համաձայն կառավարության որոշման, ասպիրանտուրայում ընդունելության պայման է ներկայացվում օտար լեզվի, ինֆորմատիկայի իմացությունը, որից վաղուց արդեն հրաժարվել են արեւմտյան բուհերը: Ժամանակն է հասկանալու, որ լավագույն ասպիրանտներ հավաքագրելիս պետք է կարեւորել ոչ թե օտար լեզվի իմացությունը, այլ դիմորդի կարողություններն ու հմտությունները նախանշված հետազոտությունը կատարելիս: Ինձ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի թեստային մակարդակով օտար լեզվի իմացությունն ասպիրանտուրա ընդունվելիս: Ասպիրանտը կարող է նաեւ հետազոտություն իրականացնել, փայլուն չտիրապետելով օտար լեզվին, կարողանալով կողմնորոշվել միայն օտարալեզու մասնագիտական գրականության շրջանակում: Առավել անհասկանալի է նաեւ ասպիրանտուրա դիմելիս ինֆորմատիկայից թեստի հանձնումը: Եթե դիմորդը մինչ այդ ստացել է բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճան, ապա ինչպես կարող է համակարգչային հմտություններին չտիրապատել: Այս առումով, ինֆորմատիկայից թեստ հանձնելն ավելորդ բեռ եմ համարում ասպիրանտական ընդունելության ժամանակ: Այս դեպքում հարց է առաջանում, թե ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ ինչը պետք է կարեւորել: Երբ ուսումնասիրում ենք բարձրագույն մասնագիտական կրթության երրորդ մակարդակի արեւմտյան փորձը, ապա պարզ է դառնում, որ համալսարաններին առավելապես հետաքրքրում է ոչ թե դիմորդի՝ օտար լեզուների իմացությունը կամ համակարգչային հմտությունները, այլ մագիստրատուրայում թողած նրա հետազոտական հետագիծը:

Այնտեղ լավ են հասկանում, որ հաջողության կհասնեն այն դիմորդները, որոնք հետազոտական աշխատանքի ջիղ ունեն, օժտված են ստեղծարար մտածողությամբ, այլ ոչ թե նրանք, ովքեր շատ խելացի են ու բազմակողմանի զարգացած: Այս առումով, դոկտորանտուրայի ընդունելության ժամանակ առավելապես հաշվի են առնում ոչ թե մասնագիտական քննությունները, այլ հարցազրույցները, պարզելու համար դիմորդի կարողությունները` իր առջեւ դրված ստեղծարար խնդիրները լուծելիս: Կարծում ենք՝ ժամանակն է, որ ասպիրանտուրայում բարեփոխումները խորքային բնույթ կրեն եւ չներկայանան ենթաօրենսդրական «կարկատաններով»:

Այս առումով, առաջին հերթին պետք է գնալ օրենսդրական արմատական փոփոխությունների, եւ անցում կատարել անցյալ դարի 30-ականներին ձեւավորված ու մինչ այժմ գրեթե փոփոխություն չկրած ասպիրանտական համակարգից` ժամանակակից դոկտորանտուրայի: Ի վերջո, Բոլոնիայի համաձայնագիրն է մեզ հուշում, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել բարձրագույն մասնագիտական կրթության որակին` հրաժարվելով կոսմետիկ փոփոխություններից եւ կիրառելով դոկտորական կրթության Զալցբուրգյան սկզբունքները: Իսկ դրանք առնչվում են հետազոտությունների ֆինանսավորմանը, հետազոտողի կարգավիճակին, դոկտորանտուրայի միջազգայնացմանը, սովորողների շարժունությանը, միջգիտակարգային հետազոտություններին, որոնց առկայության դեպքում է ձեւավորվում մրցունակ դոկտորանտուրա:

Ահա թե ինչ առանցքային դրույթներ պետք է կարգավորեն ասպիրանտական համակարգին առնչվող ենթաօրենսդրական ակտերը, որով այդ կրթական աստիճանը ի վերջո մեզ մոտ կդառնա մրցունակ: Իսկ թե որքանով է մեր ասպիրանտական կրթությունը որակյալ եւ մրցունակ, կարելի է նաեւ ենթադրել ՀՀ ԲՈՀ-ի կողմից վերջին տարիներին կրկնական պաշտպանության ուղարկված կամ բեկանված ատենախոսությունների քանակով:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/03/31/672612/ 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ