Տնտեսություն - Իրանական կողմը Հայաստանում վերսկսում է կասեցված ծրագիրը. գազաբաշխման ցանց կկառուցվի

Իրանական «Սաներջի» ընկերությունը Հայաստանում գազի բաշխման ցանց կկառուցի: Այս մասին տեղեկանում ենք մարտի 31-ի կառավարության նիստի օրակարգից: Գազի բաշխման ցանցի կառուցման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս 2011 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության եւ ՀՀ կառավարությունների միջեւ ստորագրված Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագրով:

Այս հուշագրով նախատեսված էր որ, ինչպես ներկայացված է նախագծում, Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի  դրամաշնորհ պետք է տրամադրի Հայաստանին՝  սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Իսկ հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի եւ այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

2013 թվականին ավարտվել էին գազաբաշխման ցանցի նախագծման աշխատանքները սկսվել էին համապատասխան սարքերի, սարքավորումների ու նյութերի մատակարարումները, սակայն բուն շինարարական աշխատանքներն այդպես էլ չէին սկսվել, քանի որ իրանական կողմը կասեցրել էր ծրագրի ֆինանսավորումը: Ըստ կառավարություն ներկայացրած նախագծի, անցյալ տարվա հոկտեմբերից Իրանը  վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը: Նախագծում նշված է, որ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016-ի սկզբին, ավարտը` 6-7 ամսվա ընթացքում:

Իրանական «Սաներջի» ընկերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, ջրի, նավթի եւ գազի արդյունաբերության ոլորտի սարքավորումների եւ ինժեներատեխնիկական ծառայությունների մատուցման արտոնագրված առեւտրային գործունեությամբ: Հենց այս ընկերությունն է իրականացրել է Իրան-Հայաստան գազամուղի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական եւ մոնտաժային աշխատանքները:

Կառավարությունն ակնկալում է, ինչպես նախագծում է գրված, որ Մեղրի եւ Ագարակ համայնքներում գազաբաշխման ցանցի կառուցումից հետո  բնակչությունը բնական գազով կապահովվի, որը կբարելավի բնակչության կենսապահովման պայմանները` էկոլոգիապես մաքուր վառելիքի օգտագործումը եւ ջեռուցումը կնպաստի անտառահատումների, էկոլոգիայի եւ դրանից բխող խնդիրների լուծմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/03/29/672472/ 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ