Տնտեսություն - Ինչու է արժևորվում դրամը

Հայկական դրամը մտել է արժևորման փուլ։ Վերջին 1 ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 15 դրամով։

ՀՀ Կենտրոնական բանկի համաձայն՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը երեկ 479.93 դրամ էր։ Առևտրային բանկերը երեկ դոլարը գնում էին միջինը՝ 479 դրամով, վաճառում՝ 481-482 դրամով։

Ինչո՞ւ է արժևորվում դրամը։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ այս հարցին արդեն կարողանում են հստակ պատասխանել նաև ոչ տնտեսագետները՝ իրանցի զբոսաշրջիկների հոսքի պատճառով։

Յուրաքանչյուր տարվա մարտի 20-21-ին մեր հարևանները նշում են Նովրուզ Բայրամը (իսլամական աշխարհի Ամանորը), և շատերը նախընտրում են տոնական հանգիստն անցկացնել Հայաստանում։ Տարբեր հաշվարկներով՝ Նովրուզի օրերին Հայաստան են այցելում 25-30 հազար իրանցի զբոսաշրջիկներ, որոնցից յուրաքանչյուրը միջին հաշվով այստեղ ծախսում է 500-800 դոլար։ Մեկ շաբաթում այդ ծավալի կանխիկ արտարժույթի մուտքը հայաստանյան շուկա հավասարազոր է Կենտրոնական բանկի կողմից կատարվող լուրջ ինտերվենցիայի և ազդում է փոխարժեքի վրա. դրամն ամրապնդվում է։
Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը նույնպես չի բացառում, որ վերջին շրջանում արտարժույթի որոշակի անկումը Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների շնորհիվ է։

Մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Մեր շուկան այնքան փոքր է, որ Նովրուզը Հայաստանում տոնելը կարող է բերել այդպիսի փոփոխությունների։ Ես համոզված եմ, որ դա իր ազդեցությունը միանշանակ թողնելու է։ Մյուս կողմից` Կենտրոնական բանկի կողմից դեռևս 2015-ին տարվող դրամավարկային քաղաքականությունը բերեց նրան, որ դրամի առանձնակի անկում տեղի չունեցավ ողջ 2015-ին ու նաև այս տարվա ամիսներին, դեռ մի բան էլ դոլարի կուրսի անկում եղավ»։
Այդ մասին է վկայում նաև նախորդ տարիների վիճակագրությունը (տես գծապատկերը)։
Սակայն դրամի ընթացիկ արժեզրկումը միայն իրանցի զբոսաշրջիկներով պայմանավորելն այնքան էլ ճիշտ չէ։ Բանն այն է, որ դրամը սկսել է արժևորվել ավելի վաղ, և այդ գործընթացն ընթացել է մի քանի փուլերով։

Պայմանականորեն՝ առաջին փուլը սկիզբ է առել փետրվարի 20-ին և տևել 1 շաբաթ։ Այդ օրը ԱՄՆ դոլարի փոխարժեքը, ըստ ԿԲ-ի, 495.93 դրամ էր, իսկ փետրվարի 25-ին հասավ 491.7 դրամի։

Մարտի առաջին տասնօրյակում փոխարժեքը կայունացել էր 491 դրամի սահմաններում։ Իսկ ամսի 11-ից դրամը կրկին սկսեց արժևորվել, մարտի 18-ին հասավ 486 դրամի։ Սա կարելի է համարել երկրորդ փուլը։

Մեկ-երկու օր տևած կայունությունից հետո՝ մարտի 20-ից, դրամը մտավ արժևորման երրորդ՝ ավելի սրընթաց փուլ։ Դոլարի փոխարժեքը 6 օրվա մեջ նվազեց ավելի քան 6 դրամով՝ 486-ից հասնելով 479.9-ի։

Ահա այս վերջին փուլը կարելի է պայմանավորել իրանցի զբոսաշրջիկների գործոնով, իսկ նախորդ երկուսը (որոնց ընթացքում դրամն արժևորվել է շուրջ 10 դրամով)` ոչ։
Իսկ ի՞նչը կարող էր նպաստել դրամի արժևորմանը։
Միանշանակ դժվար է ասել, սակայն գոնե երկրորդ փուլի մասով կա մի հանգամանք, որն անտեսել չի կարելի։

Մարտի 3-ին, ինչպես հիշում եք, Ֆինանսների նախարարությունից առանձնացված ՊեԿ նախագահ նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը։ Նրա նշանակումից կարճ ժամանակ անց մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները հայտնվել են խնդիրների առաջ։ Նրանք չեն կարողանում նախկինում ընդունված խաղի կանոնների համաձայն մաքսազերծում իրականացնել, որի պատճառով ապրանքն այս երկրներից Հայաստան չի մտնում։

Վերջին օրերին անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ ներկրողները ստիպված ապրանքի մի մասը պահեստավորել են Իրանի տարածքում, և, որ շուկայում արդեն իսկ այդ երկրներից ներկրվող ապրանքների դեֆիցիտ է նկատվում։ Թե ինչով է պայմանավորված խաղի կանոնների փոփոխությունը, ինչ նպատակ ունի, որքան կտևի և ինչի կարող է հանգեցնել՝ այլ թեմա է։

Փաստն այս պահին այն է, որ տվյալ պահին այս երկրներից ներմուծումներ իրականացնող (հիմնականում՝ փոքր ու միջին) ընկերությունները ժամանակավոր դադար են վերցրել։ Հետևաբար՝ նրանց արտարժույթ պետք չէ։

Իսկ այս երկրներից ներմուծման ծավալները քիչ չեն։ Օրինակ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականին Չինաստանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է շուրջ 416 մլն դոլար, ԱՄԷ-ից՝ 68 մլն դոլար, իսկ Թուրքիայից՝ 232 մլն դոլար (չնայած փակ սահմաններին)։

Կոպիտ հաշվարկով՝ այս երեք երկրներից օրական կտրվածքով Հայաստան է ներմուծվում շուրջ 2 միլիոն դոլարի ապրանք։ Իսկ դա նշանակում է, որ օրեր և, առավելևս՝ շաբաթներ տևող դադարը լրջորեն կարող է ազդել արտարժույթի պահանջարկի վրա և արժևորել դրամը։

Նյութի աղբյուրը՝ http://168.am/2016/03/27/614195.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ