Տնտեսություն - «Արմենիայի» առաջ Հայաստանի բաց երկինքն այլևս բաց է. ավիաընկերությունը ստացել է փոխադրումների հավաստագիրը

«Արմենիա» ավիաընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արդեն ստացել է ավիափոխադրումների հավաստագիր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախարարության Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և Տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:

««Արմենիան» ստացել է հավաստագիր Էկոնոմիկայի նախարարության կողմից, որը նշանակում է, որ արդեն կարող են իրականացնել առևտրային փոխադրումներ»,- ասաց Ա. Չոբանյանը:

Նա նշեց, որ կան նաև այլ ընկերություններ, որոնք դիմել են նախարարություն, և այժմ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի նրանք կարողանան ապահովել հայտի ամբողջական փաթեթը:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որին սնանկ ճանաչելուց հետո դատարանն այնուամենայնիվ հաստատել էր առողջացման ծրագիրը, դեռևս չի դիմել նախարարությանը՝ ավիափոխադրումների հավաստագիր ստանալու համար: Ա.Չոբանյանը նշեց, որ, եթե անգամ ավիաընկերությունը նախկինում ունեցել է հավաստագիր, միևնույն է, այժմ պետք է անպայման կրկին դիմի թույլտվություն ստանալու համար:

Հիշեցնենք, որ «Արմենիա» ավիաընկերության ծրագրերը հստակ են, կանոնավոր չվերթերը նախատեսվում է սկսել ապրիլի 21-ին՝ Մոսկվա, Թել Ավիվ ուղղություններով:

«Էյր Արմենիայի» հետ իրավիճակը դեռ անորոշ է. ընկերության մարքետինգի գծով մենեջեր Սիրական Համբարձումյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից առողջացման ծրագիրը հաստատելուց հետո հայտարարել էր, որ առաջիկայում պետք է պարտատերերի պարտքերը վերադարձնեն, ապա նախատեսվում է վարձակալել օդանավեր և, ամենայն հավանականությամբ, ամռանը վերսկսել չվերթերը: Ընկերության 49 % բաժնետեր «East Prospect Faund»-ը պարտավորվել է լուծել ներդրումների խնդիրը:

Նյութի աղբյուր` http://168.am/2016/03/24/613505.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ