Մշակույթ - Գեղամ Գրիգորյանի հիշատակը վառ կմնա նրա արվեստակիցների և սերունդների հուշերում

Կյանքի 65-րդ տարում վախճանվեց հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը: Գեղամ Գրիգորյանն իրավամբ համարվում է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը:

Նա այն երջանիկ հայորդիներից էր, ում երգը հիացրել ու ոգեշնչել է երաժշտասեր հասարակությանը՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Գեղամ Գրիգորյանն իր ստեղծագործական ուղին սկսել է 1971 թվականից, իսկ 1975 թվականին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է երգչի դեբյուտը: Գ. Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը: Գրիգորյանական մատուցմամբ ներկայացված Սարոն, Տիրիթը, Սայաթ-Նովան, Ֆաուստն ու տասնյակ այլ կերպարներ մշտապես համարվել են հայկական օպերային արվեստի բարձրակետը:

Գ. Գրիգորյանն իր ստեղծագործական գործունեության առաջին տարիներից սկսած արդեն հայտնի անուն էր Խորհրդային Միությունում: 1980 թվականից հայազգի երգիչն աշխատել է Լիտվայի օպերային թատրոնում: 1989 թվականից նա հանդես է եկել Ռուսաստանի հեղինակավոր «Մարիինյան» թատրոնում: Գ. Գրիգորյանը ելույթներ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում: Աշխարհահռչակ տենորի յուրաքանչյուր ելույթ մշտապես բացառիկ իրադարձություն է համարվել համաշխարհային օպերային կատարողական արվեստի բնագավառում: Իտալական թերթերից մեկը ժամանակին նրա ելույթից հետո հիացական գրել էր. «Իտալիայում հիմա այսպիսի տենոր չկա»:

Գեղամ Գրիգորյանն ունենալով հրաշալի ձայնային տվյալներ և հիանալի տիրապետելով կատարողական մշակույթին ու բեմական արվեստին` տասնամյակներ շարունակ փայլուն կերպով ներկայացրել ու հանրահռչակել է թե’ հայկական, թե’ համաշխարհային օպերային երգարվեստը: Ներկայանալով աշխարհի հեղինակավոր համերգասրահներում` Գ. Գրիգորյանն իր հարուստ երգացանկով ու տպավորիչ դերերգերով հանդիսատեսի համար նորովի է բացահայտել հայտնի ստեղծագործությունները` տաղանդաշատ երգչին իրավամբ արժանացնելով համաշխարհային ճանաչման և օպերային արվեստը գնահատողների անկեղծ հիացմունքին: Գեղամ Գրիգորյանը հայ և դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ և օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ: Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/03/24/670816/ 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ