Մշակույթ - Ռուբեն Բաբայան. «Ամենավերջին տականքի հոգում մի լուսավոր կետ կա»

Տիկնիկային թատրոնի միջազգային օրը Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները նշում են հավաքույթով, շնորհավորանքներ ստանում այլ երկրների գործընկերներից: «Երբ կարող ես աշխատանքից բավականություն ստանալ, տոնն իսկապես տոն է, ոչ թե պարտադրված երեւույթ»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի թատրոնը տոնեց 80-ամյակը. «Տարին հարուստ էր նոր ներկայացումներով: Բեմադրեցինք տիկնիկային եւ մոնո ներկայացումներ, մասնակցեցինք 8 միջազգային մրցույթների: Ամենակարեւորը` մեր խաղացանկը հիմնականում կազմված է երիտասարդ բեմադրիչների եւ նկարիչների ներկայացումներից:

Շատ ուրախ եմ, որ մեր դերասաններն ունիվերսալ են, խաղում են ոչ միայն տիկնիկային, այլեւ դրամատիկ թատրոններում: Որքան դերասանը պահանջված է, այնքան մեծ է թատրոնի պատիվը: Չեմ խանդում, երբ մեր դերասանները հրավիրվում են տարբեր միջոցառումների»,-նշեց նա: Բաբայանի խոսքով` պետք է այնպես անել, որ թատրոնի հետ երեխայի առաջին հանդիպումը չդառնա վերջինը. «Թատրոնը կարող է կայանալ միայն հանդիսատեսի հետ շփման արդյունքում: Թատրոնը կամ այսօրվանն է, կամ չկա: Օրինակ` «3 խոզուկները» ներկայացման մեջ կարեւոր գաղափար կա` եթե ուզում ես թշնամին չմտնի տունդ, ամուր կառուցիր այն: Սա հասարակ հեքիաթ է, որը երեխայի մեջ մտցնում է այս գաղափարը: Բացի այդ, ամենավերջին տականքի հոգում մի լուսավոր կետ կա: Եթե մարդուն մութ կյանք ենք ցույց տալիս, մեծ մեղք ենք գործում մարդու եւ արվեստի առջեւ: Չի կարելի մարդու մեջ մեռցնել հույսը: Անգամ ամենադժվար պայմաններում պետք է ցույց տալ, որ լուսավոր բան կա:

Ուստի կարեւոր է, որ հանդիսատեսը դահլիճից դուրս կգա լուսավոր գաղափարներով: Արվեստի խնդիրն է` գեղագիտական միջոցներով մարդուն հնարավորություն տալ իր մեջ լուսավոր բան գտնել»: Ինչ վերաբերում է Տիկնիկայինի խնդիրներին, տնօրենն այսպես արձագանքեց. «Խնդիրներ չեն լինում միայն գերեզմանատանը…Թատրոնը կազմակերպչական ձեւով մնացել է սովետական եւ տեղից չի ուզում շարժվել, մինչդեռ արվեստն ազատություն է պահանջում: Կարծրացած վիճակը, որը պարտադրվում է թատրոններին, խանգարում է ստեղծագործական գործունեությանը:

Բացի այդ, երբեք պետք չէ ամաչել ու խուսափել աշխարհի հետ շփվելուց: Արվեստը հաղորդակցվող է: Երբ փորձում ես աշխարհի հետ կապը կտրել, ինքդ քեզ ես խեղճացնում»: Ռուբեն Բաբայանը հպարտ է, որ Հայաստանին արտասահմանում ճանաչում են նաեւ ներկայացումներով. «Օտարերկրացի հանդիսատեսը հարցնում է Հայաստանի մասին, դու էլ պատմում ես: Թատրոնի շփումը դրսի հետ բավականին կարեւոր է: Նաեւ չմոռանանք, որ Տիկնիկային թատրոնը միայն երեւանցիներինը չէ: Այդ պատճառով էլ նախորդ տարի գնացել ենք սահմանամերձ գյուղեր: Չեք պատկերացնի, թե ինչ տոն էր երեխաների համար: Համոզված եմ, որ հենց նրանց մոտ պետք է գնալ եւ խաղալ, ոչ թե հրավիրել Երեւան: Երեխան չպետք է ինչ-որ բանից զրկված լինի միայն իր բնակության վայրի պատճառով»:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/03/21/669525/ 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ