Մշակույթ - «Մենք այսօր էլ լավ մտավորականություն ունենք». Ներսիկ Իսպիրյան

Մեր զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը, ով արդեն մի քանի տարի է` մշտական բնակություն է հաստատել Հայաստանում:

- Պարո´ն Իսպիրյան, Ձեր երգերը, կարծես, յուրահատուկ հաղորդագրություն լինեն երիտասարդներին, հայրենասիրական կոչ. հետաքրքիր է` ինչպիսի՞ն եք տեսնում այսօրվա հայ երիտասարդին, ի՞նչ եք կարծում` Ձեր կոչը հասանելի ու ընդունելի՞ է նրա համար:

- Եթե հայրենասիրության մասին է խոսքը, այո, տեսնում եմ, որ հասանելի է և ընդունելի: 2011-ին, երբ առաջին անգամ ԱՄՆ-ից եկանք և Մարզահամերգային համալիրում ունեցանք մեծ համերգ, ներկա էր շուրջ 13 հազար մարդ, ևս 2-3 հազար հոգի էլ եկան, տեսան, որ տեղ չկա համերգասրահում, չկարողացան մասնակից լինել: Այդ օրը ես հայրենասեր երիտասարդություն տեսա: Դա ընտանիքի դաստիարակությունից է գալիս, թե ինչ ճանապարհ է ընտրում երիտասարդը և ուզո՞ւմ է իրեն հայրենասեր տեսնել, թե՞ ոչ: Օրինակ` Թալինի շրջանը, այնտեղի տարոնցիների, մշեցիների, սասունցիների ընտանիքներում հայրենասիրությունը սիմվոլ է կարծես. նրանք բարբառով են խոսում, պահում են իրենց մշակույթը` հայրենասիրական երգերը, սովորությունները, պարերը, որոնց կարելի է ականատես լինել հարսանեկան ծեսերի ժամանակ: Նույնը կարող եմ ասել Մարտունիի, Ապարանի շրջանում ապրողների մասին: Ընդհանրապես, այն ժողովուրդը, որի պապերը ջարդ են տեսել, գաղթական են եղել, ամուր պահում ու պահպանում են հայրենասիրությունը:

- Ձեր ընտանիքում, կարծես, հաջողվել է սերնդեսերունդ փոխանցել այդ հաղորդագրությունը, ինչպե՞ս է դա ստացվել և, ըստ Ձեզ, ի՞նչ արժեքներով պետք է դաստիարակել այսօրվա հային:

- Այն, ինչ ժառանգական է գալիս, փոփոխման ենթակա չէ: Դա մեր մեծերից փոխանցվել է մեր ծնողներին, նրանցից էլ փոխանցվել է մեզ ու մեզանից էլ կփոխանցվի մեր երեխաներին և թոռնիկներին: Կարծում եմ, որ այն ամենը, ինչ մեր ժողովրդի արյան հետ է եկել` ծեսերը, սովորությունները, հայապահպանությունը, հայրենասիրությունը, արիական գենը, եթե կարողանում ես հասկանալ դրա կարևորությունը, փոփոխման ենթակա չէ, երբեք…

- Այսօր շատ է խոսվում այն մասին, որ հայ մտավորականությունը, ժողովրդի կողմից սիրված մարդիկ համարժեք կերպով չեն արձագանքում հայաստանյան իրադարձություններին, մարգինալային պահվածք են դրսևորում: Ո՞րն է Ձեր արձագանքը և ինչպե՞ս է այն դրսևորվում:

- Եթե համեմատենք մեր մտավորական խավը Խորհրդային տարիների հետ, ապա պետք է ասեմ, որ Խորհրդային տարիներին մտավորական խավից ավելի շատ բան ենք սովորել, քան այսօրվա: Դա միանշանակ այդպես է, բայց, կարծում եմ, մեր մտավորական խավն այսօր էլ անմիջապես արձագանքում է թե՛ քաղաքական, թե՛ հայրենասիրական հարցերին, և մենք այսօր էլ լավ մտավորականություն ունենք, որը միշտ էլ տարբերվել է աշխարհի բոլոր մտավորականներից և միշտ էլ աչքի է ընկել հայրենասիրությամբ:

 

Նյութի աղբյուր` http://nyut.am/?p=109938&l=am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ