Մամուլ - Նաիրա Զոհրաբյանը միտումնավոր է քանդում ԲՀԿ-ն. Գեւորգ Պետրոսյանը գրավոր դիմել է Զոհրաբյանին. slaq.am

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը մոտ մեկ ժամ առաջ գրավոր դիմում է հանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանին՝ խնդրելով գրավոր իրեն տեղեկացնել, թե ինչ պատճառով են իրեն հեռացրել կուսակցությունից եւ նաեւ տրամադրել համապատասխան անհատական իրավական ակտը:

Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գեւորգ Պետրոսյանը, ով ԲՀԿ Ավանի տարածքային կառույցի մարտի 12-ի որոշմամբ հեռացվել է կուսակցությունից:

Պետրոսյանը շարունակում է պնդել, որ իրեն կուսակցությունից հեռացնելու որոշումը անօրինական է եւ ինքը պատրաստվում է դատարանում բողոքարկել դա: Ըստ նրա՝ ԲՀԿ կանոնադրությամբ որեւէ մեկին կուսակցությունից հեռացնելու որոշում կարող է կայացվել կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ:

«Միաժամանակ դիմումում, հարգելով իրեն, տեղեկացրել եմ, որ ինձ կուսակցությունից հեռացնելու մասին ակտը ուժի մեջ է մտնում ինձ պատշաճ հանձնելու պահից: Այսինքն քանի դեռ անհատական ակտը ինձ չի հանձնվել, այդ ակտը մենք իրավաբանորեն համարում ենք գոյություն չունեցող: Հիմա իմ կարծիքով այսքանից հետո ինքը պետք է այդ ակտը հանձնի ինձ, որից հետո ես կանցնեմ իրավական մյուս գործողություններին»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Նրա համոզմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը հասկանում է, որ իրավական առումով խոցելի է. «Նա հասկանում է, որ գործել է պահի ազդեցությամբ, որ գործել է ոգեւորության ազդեցությամբ՝ չհասկանալով, որ ոգեւորությունից խայտառակություն կես քայլ է: Ես իմ գործողություններով ցույց կտամ, որ Զոհրաբյանի գործողությունները անօրինական են՝ դրանից բխող իրավական հետեւանքներով»:

Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս պահին իրեն դեռ համարում է ԲՀԿ անդամ, թե՞ հնարավոր է առաջիկայում այլ կուսակցության անդամ դառնա.

«Իհարկե ես ինձ համարում եմ կուսակցության անդամ, առաջին հերթին, որովհետեւ իրավաբանորեն ճիշտ չէ իմ նկատմամբ իրականացված գործողությունը, եւ երկրորդ, ես գտնում եմ, որ այդ կուսակցությունը առայժմ ունի բավարար հեղինակություն քաղաքական դաշտում հավասար մրցակցություն ապահովելու համար: Ես պարզապես կարծում եմ, որ ի վերուստ իրեն (Նաիրա Զոհրաբյանին-խմբ.) է հակացուցված քաղաքական գործունեություն,  հատկապես կուսակցություն ղեկավարելը: Ես գտնում եմ, որ իրենից հետո կուսակցությունը շատ ավելի լավ կարելի է ղեկավարել եւ վերականգնել կուսակցության բարի համբավը: Նա այսօր իր անձնական կերպարով, իր գործելաոճով ուղղակի վարկաբեկում է կուսակցությունը եւ առանց այն էլ լուրջ հարված ստացած կուսակցության վարկանիշը հետեւողականորեն փորձում է հավասարեցնել զրոյի: Ես արդեն կասկած ունեմ, որ նա միտումնավոր է քանդում կուսակցությունը: Ինչ վերաբերում է այլ կուսկացությանը անդամագրվելուն, ես 4 տարի եղել եմ ԲՀԿ անդամ, դրանից հետո մի քանի տարի եղել եմ անկուսակցական, նորից վերադարձել եմ ԲՀԿ: Ես երբեք չեմ թակել ուրիշ կուսկացությունների դռները: Ես առայժմ ինձ պատկերացնում եմ ԲՀԿ անդամ եւ պատրաստվում եմ այդ կուսակցության հետ էլ շարունակել իմ ապագան: Բայց այսօր բացառել որեւէ բան՝ խելամիտ չէ, հատկապես քաղաքականության մեջ:

Հիշեցնենք, որ Գեւորգ Պետրոսյանին կուսակցությունից հեռացնելու մասին որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ նա հարցազրույցներում քննադատել էր Նաիրա Զոհրաբյանի վարած քաղաքականությունը եւ մասնավորապես կոալիցիա չմտնելու որոշումը:

Նյութի աղբյուրը` http://armtimes.com/hy/read/81555

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ