Կրթություն - 200-ից ավելի հայ ուսանողներ կսովորեն Ռուսաստանի բուհերում

Մարտի 30-ից ապրիլի 1-ը Կառավարության տանը տեղի կունենա «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսը, որի ընթացքում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը մրցութային կարգով կընտրի ավելի քան 200 դիմորդի` ՌԴ բուհերում անվճար սովորելու համար: Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը նշեց, որ այս տարի հայաստանցի դիմորդների համար 223 անվճար տեղ է հատկացվել. «Թիվը տարեցտարի ավելանում է, ինչը չի կարող մեզ չուրախացնել:

Մենք աշխատում ենք, որ տաղանդավոր մարդիկ կարողանան սովորել Ռուսաստանում եւ ստանալ լավ կրթություն»: Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը վստահություն հայտնեց, որ հայ ուսանողներն իրենց գիտելիքները կծառայեցնեն հայրենիքին. «Ռուսաստանում կրթվելուց հետո նրանք կվերադառնան Հայաստան եւ  կաշխատեն տարբեր ոլորտներում` այդ կերպ զարգացնելով Հայաստանը:

Ի դեպ, մրցույթը խիստ է լինելու: Հետաքրքրվածությունն էլ մեծ է, արդեն 389 դիմում ենք ստացել: Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ մարտի 18-ը»: Խոսելով «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսի մասին` «Ինտեր-էքսպո» ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը տեղեկացրեց, որ կմասնակցեն հայկական ու ռուսական ավելի քան 50 բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ. «Այցելուները կծանոթանան ռուսական բուհերի ֆակուլտետներին եւ աշխատանքին: Բավականին հետաքրքիր կլինի ուսանողների համար»: 

Նյութի աղբյուրը` http://www.aravot.am/2016/03/15/667432/ 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ