Մշակույթ - «Ժամանակակից չափորոշիչներով նոր կրկես ենք ունենալու». Սոս Պետրոսյան

«Ոնց որ երեկ լիներ վարպետիս 80-ամյակը: Ափսոսանք եմ զգում, որ այն պետականորեն չնշվեց, սակայն մենք նշեցինք այն պատշած ձևով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը: 

Իսկ արդեն այս տարի լրանում է Լեոնիդ Ենգիբարյանի 81-րդ տարելիցը: 

Սոս Պետրոսյանի խոսքով, իրենք Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված միջոցառումներ են ունեցել տարբեր համայնքներում, գյուղերում, նույնիսկ արտերկրում: Անձամբ լինելով Լեոնիդ Ենգիբարյանի աշակերտը՝ Սոս Պետրոսյանը ցանկանում է անել ամեն հնարավոր քայլ՝ իր ուսուցչի թողած անունը պահելու համար:

Լեոնիդ Ենգիբարյանը ընդամենը 10 տարի է իր գործունեությունը ծավալել, սակայն այն համբավն ու դերը, որ վայելել է, դա փաստում են բոլորը: Հենց Լեոնիդ Ենգիբարյանն էր, որ կարողացավ ծաղրածուի կերպարը միացնել կրկեսային աշխատանքի հետ: Հենց ինքն էր, որ կարողանում էր կատարել բոլոր անհնարին և ամենաբարդ վարժությունները: Եվ հենց Լեոնիդ Ենգիբարյանն էր, որ կարողացավ տիրապետել կրկեսային բոլոր ժանրերին:

Սոս Պետրոսյանը իր ուսուցչի մասին խոսում էր մեծ հիացմունքով և չէր գտնում համապատասխան բառեր, որոնք ամբողջական ներկայացնեին մեծ վարպետին:

Լեոնիդ Ենգիբարյանի բնավորության մասին խոսելիս, Սոս Պետրոսյանը առանձնացնում էր մի քանի հատկանիշներ՝ անկախություն, բարություն, ազատություն և կնամեծար: Սակայն երեք օրն էլ բավական չէր ամբողջապես նրան ներկայացնելու համար:

Ի երախտագիտություն իր ուսուցչի՝ նրա անունով ստեղծեց դպրոց՝ հենց մահվանից երկու ամիս անց:

Անդրադառնալով կրկեսին՝ Սոս Պետրոսյանն ասաց, որ նախկինից և այլ երկրների կրկեսներից շատ ավելի լավ կրկես ենք ունենալու: Այն պատրաստ կլինի մինչև մյուս տարվա հոկտեմբեր ամիսը: Այժմ դերասանները մեկնել են արտերկիր՝ հյուրախաղերի մասնակցելու համար:

 Սոս Պետրոսյանի խոսքով, կրկեսի տոմսերը ամենայն հավանականությամբ նույն գինը կունենան. մտադրություն չունեն այն բարձրացնելու: Բանախոսը հավալեց նաև, որ այժմ կրկեսը հարուստ է կենդանատեսակներով՝ համեմատ նախկինի:

Կրկեսի վերանորոգման աշխատանքներին սատար և հովանավոր լինելու համար Սոս Պետրոսյանը խորին շնորհակալություն հայտնեց «Տաշիր» գրուպին: «Այդ մարդիկ կրկես են նվիրում հանրապետությանը, լավ հասկանալով, որ այն բիզնեսի դաշտ չունի: Մենք ունեցել ենք մի կրկես, որտեղ ձմռանը ներսը ավելի ցուրտ էր քան դրսում, իսկ ամռանը ավելի շոգ էր, քան դուրսը, սակայն և մի օր էլ չի կանգնել կրկեսը: Մենք կրկեսային արվեստի զարգացման համար պետությունից մի լումա չենք ստացել, իսկ «Տաշիր» գրուպը հիմա ֆինանսավորում է կրկես ունենալ, քանի որ մեր ժողովուրդը կրկես շատ է սիրում »,-ասաց նա:

Դե ինչ, հաջողություն մաղթենք նրանց կրկեսի վերանորոգման աշխատանքներում և անհամբեր սպասենք նոր կրկեսի բացմանն ու ներկայացումներին:

 

Մելինե Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ