Մշակույթ - «Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես…». Վազգեն Սարգսյան

«Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա». սա Սպարապետի խոսքերն էին, որոնք կիրառել է ամբողջ իր կյանքի ընթացքում:  Այո՛, նա արեց ամեն բան, որը իր հայրենիքը կանգուն և անկախ լինի:

Հենց Վազգեն Սարգսյանն էր, որ իր շուրջ համախմբեց կամավորական ջոկատներ և կռիվ տվեց թշնամու դեմ: Արցախյան ազատամարտն էականորեն կապված էր Սպարապետի ճակատագրի հետ: Եվ հենց այդ ճակատամարտերում էր, որ անցնելով կորուստների ու հաղթանակների միջով, թրծվեցին իբրեւ կորովի մարտիկներ։

Նրանք էին, որ կանգնելով թշնամու դիմաց, կյանքի գնով գրավեցին Շուշին: Եվ 1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար ու այդ առիթով ասել է. «Ես երջանիկ մարդ եմ: Որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա»:

Որքան անելիքներ ու նպատակներ ուներ մեծ Սպարապետը կյանքի կոչելու: Սակայն նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։ Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։

Ընկերների վերհուշով, Վազգեն Սարգսյանը լավ առաջնորդ լինելուց բացի, եղել է նաև լավ ընկեր, ուրախության մարդ:  

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:

Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու' այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա' ո՞վ է ինքը…»:

Մենք հաղթեցինք պատերազմում, հաղթեց բանակի հիմքում կանգնած յուրաքանչյուր հայորդի՝ մեզ փոխանցելով անկախ երկրի հաղթանակած բանակ։

Ինչպես Սպարապետն է ասել.  «Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես»։

 

Մելինե Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ