Մշակույթ - «Ի վերջո հոգնել ենք թափառական լինելուց, բեմը կիսելուց». Հրաչյա Գասպարյան

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, որը միշտ առանձնացել է իր ներկայացումներով և դերասանական կազմով, սկզբնավորման օրվանից կանգնած է մեծ խնդրի առջև՝ տարածքային հիմնահարցի: Խնդրիը առկա է նաև այսօր: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով. «Գործը կանգնած չէ, հանդիպել ենք նախարարի հետ, ով ասաց, որ թատրոնը լինելու է»:

Բանախոսը մեծ հիացմունքով էր հիշում, թե ինչպես էին Սոս Սարգսյանի հետ որոշում թատրոնի բացումը: Նաև հիշեց, նրա վերջին խոսքերից մեկը. «թատրոնի մարդը հոգնելու իրավունք չունի»:

«Ի վերջո հոգնել ենք թափառական լինելուց, բեմը կիսելուց: Ոչ միայն մեզ են խանգարում, այլև մենք ենք խանգարում ինստիտուտի դասերին, իսկ այդպես անհնար է երկար աշխատել: Այդպես լիարժեք գործելու հնարավորություն չունենք»,- ասաց Հրաչյա Գասպարյանը:

Բանախոսը չգիտեր, թե որտեղ կլինի թատրոնի շենքը, բայց որ կլինի սիրված, դա հաստատ:

Դերասանուհի Կարինե  Ջանջուղազյանը, ով առաջին իսկ ներկայացումներից Սոս Սարգսյանի կողքին է եղել, սրտացավությամբ ասում է, որ հասունացել է պահը թատրոնի  մշակութային պալատ ունենալու:

«Թատրոնը սկսվել էր Սոս Սարգսյանի արժեքներով, գաղափարներով: Նա միայն դերասան չէր, այլ օրինակ էր իր կեցվածքով, վարակիչ բնավորությամբ: Այո, նա մահացավ, սակայն միշտ մեզ հետ է: Միայն անունը կրելը նույնն է, ինչ թռչունն առանց բույնի, մենք կարծես վարձով ենք անում մեր գործը»:

Դերասաներն ուղղակի ուզում են սիրված լինել իրենց հայրենիքում, քանի որ իրենց մեջ կրում են Սոս Սարգսյանի արժեհամակարգը:

Հրաչյա Գասպարյանը չցանկացավ շատ մանրամասն խոսել թատրոնի խաղացանկի մասին: Այլ ավելի մանրամասն ներկայացրեց թատրոնի սկզբնավորումը: Թատրոնի հիմքում բարությունն է, և ժողովրդական արտիստը ուզում է, որ այն շարունակվի, մարդիկ չչարանան:

Ըստ նրա, եթե թատրոնում յուրաքանչյուր անձ իր գործով չզբաղվի, ուրեմն թատրոնը կդադարի թատրոն լինելուց: Պետք է հարգել գեղարվեստական ղեկավարին: Ժողովրդական արտիստի կարծիքով այս ոլորտը կկարգավորվի նոր օրենքի ընդունմամբ:

Հուսով ենք և սրտանց ցանկանում ենք, որ Համազգային թատրոնը ի վերջո ունենա իր «բույնը», իր  տանիքում  ունենա ներկայացումներ, և հանրությանը հրավիրի սրտաբաց ու բարությամբ, ինչպես, որ հիմնադրվել է առաջին իսկ օրից: 

 

Մելինե Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ