Մշակույթ - «Տյառնընդառաջ տոնի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է». Հասմիկ Բաղրամյան

«Աստված օրհնի: Տյառնընդառաջը ազգային-եկեղեցական տոն է: 40 օրեկան մանուկ Հիսուսին ծնողները տանում են տաճար, ի հնազանդություն Տիրոջ: Այսինքն՝ գնում են Տիրոջը ընդառաջ»,- ահա այսպես սկսեց իր խոսքը      Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր-Պարթև քահանա Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Բանախոսի խոսքով, տոնը սկսվում է նախորդ օրվանից՝ երեկոյան, երբ լինում է նախատոնակ, ինչպես գիտենք բոլոր ազգային տոները սկսվում են նախորդ օրվանից: Եկեղեցական կարգով՝ տոնը փոխվում է երեկոյան ժամերգությունից:

Ժողովրդական ավանդույթի համաձայն եկեղեցիների բակերում և տներում վառվում են խարույկներ, և մարդիկ որոշակի իղձեր, նպատակներ են կապում սովորույթի հետ, մանավանդ, որ այդ ամենը կապված է նորապսակների հետ:

«Գարեգին II Վեհափառի օրհնությամբ փետրվարի 14-ին՝ պատարագի ավարտին լինում է նորապսակների օրհնության արարողությունը: Ավագ քահանայից ստանում են Տիրոջ օրհնությունը, որպիսի իրենց ընտանիքում քաղաղություն, երջանկություն, պտղաբերություն, միասնություն լինի, որպեսզի նրանք օրհնված լինեն հենց եկեղեցուց»,-հավելեց Տեր-Պարթև քահանան:

«Տոնը հոգևոր խորհուրդ ունենալուց բացի, ունի նաև ավանդական խորհուրդ: Հայկական եկեղեցին տարբերվել է բոլոր եկեղեցիներից նրանով, որ ինքն է պահել այդ բոլոր ժողովրդական ավանդույթները»,-ասաց «Ավանդական տոների վերածնունդ» ՀԿ-ի նախագահ նաև «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը

Ըստ Հասմիկ Բաղրամյանի, այժմ ավելի շատացել է հետաքրքրությունը դեպի ժողովրդական ավանդույթները: Երևի մարդիկ արդեն գիտակցում են դրա կարևորությունը:

Իսկ այն հարցին, թե ինչ խորհուրդ ունի կրակը այդ տոնին, խորհրդակատար Տեր-Պարթև քահանա Մուրադյանը  պատասխանեց, որ կրակի շուրջ մարդիկ պահում են իրենց երազանքները, և պետք չէ դա որպես հեթանոսություն ընդունել: Իսկ Հասմիկ Բաղրամյանը հավելեց, որ. «չպետք է նյութը աստվածացնել, այլ նյութ ը պետք է ծառայեցնել Աստծուն»:

 

Մելինե Հովհաննիսյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ