Տնտեսություն - «Սպառողը պետք է ավելի ագրեսիվ վարք դրսևորի». Լ. Խալիկյան

Նախորդ հրապարակումներից մեկում TESAKET.info-ն անդրադարձել էր շուկայում վաճառվող ջրի ֆիլտրման համակարգի կասկածելի որակին: Այն բացահայտել էր սպառող Հակոբ Ալթունյանը, ով փորձել էր ընկերությանը ետ վերադարձնել սարքը, սակայն բոլոր փորձերն ապարդյուն էին անցել: Մեր հրապարակումից հետո, մեր ուղղորդմամբ սպառողը դիմել էր ՀՀ էլոնոմիկայի նախարարության  Շուկայի վերահսկողության պետական տեսչությանը: Տեսչության միջամտությամբ վերականգնվել էր սպառողի իրավունքները և ընկերությունը ստիպված է եղել սպառողին ետ վերադարձնել իր կողմից վաճառված «ապրանքի» գումարի զգալի մասը:

Մեր կողմից արձանագրած դեպքն էլ հենց առիթ հանդիսացավ անդրադառնալու ՀՀ էլոնոմիկայի նախարարության  Շուկայի վերահսկողության պետական տեսչության գործունեությանը: Տեսչության պետ Լևոն Խալիկյանի կարծիքով լրատվական դաշտում չնայած լինում են որոշ հրապարակումներ, որոնց հետ ինքը համաձայն չէ, սակայն ընդհանուր առամամբ լրագրողներն իրենց գործը բավականին բարեխիղճ են կատարում և ոլորտի ճիշտ լուսաբանման արդյունքում էլ բավականին բարձրացել է սպառողների իրազեկվածության մակարդակը:

«Եթե նախկինում սպառողները տեսչություն էին զանգահարում և խնդրում էին, որ իրենց օգնենք, հիմա նույն սպառողը զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարով հստակ ներկայացնում է օրենքի համապատասխան դրույթը և հիմնավորում է, թե ինչ խախտում է եղել և մենք ինչ պարտականություններ ունենք: Սա ուրախալի փաստ է»,- ասում է Լ. Խալիկյանը:

Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետի խոսքով տեսչությունը վերջին տարիներին բավականին լուրջ ձեռքբերումներ է արձանագրել: Մասնավորապես կանոնակարգվել է գազալցակայանների բաշխիչ աշտարակների տեղադրուման խնդիրը, բենզինի շուկայում նվազել են բենզալցակայանների կողմից նույն հորից  տարբեր տեսակների բենզին վաճառելու դեպքերը, ոսկու շուկայում համեմատաբար կարգ ու կանոն է հաստատվել: Նշվածից բացի, տեսչությանը հաջողվել է նաև կարգ ու կանոն հաստատել խաղալիքի, կանացի հիգիենայի պարագաների շուկաներում և այլն:

«Մեզ համար ամենակրևորը սպառողի շահերի պաշտպանությունն է: Ինչ վերաբերում է տեսչության կողմից  բավականին աղմուկ հանած «Վաղարշ և որդիներ» ընկերությանը 65 միլիոն դրամով տուգանելուն, ապա ասեմ, որ այդ գործի շրջանակներում ստուգվել են միայն Վաղարշ Աբրահամյանին պատկանող 4 սեղանիկները, իսկ շուկայի մնացած տնտեսվարողներն այդ ընթացքում չեն ստուգվել: Այսինքն այդ տուգանքը գանձվել է «Վաղարշ և որդիներ» ընկերությունից միայն: Այդ դաշտում չնայած շատ անելիքներ դեռ կան, բայց կարող եմ ասել, որ դրական տեղաշարժ այնուամենայնիվ արձանագրվել է»,- ասում է Լ. Խալիկյանը:

Թվերի տեսքով՝ այս տարվա վերջին եռամսյակում տեսչությունը սպառողներից ստացել է 157 հեռախոսազանգ, որից  68-ի դեպքում սպառողը դիմել է գնված ապրանքը ետ վերադարձնելու համար, 52 ահազանգ չի բավարարտվել, քանի որ այն չի առնչվել տեսչության գործառույթներին, 37-ին տրվել է պարզաբանում: Գրավոր ստացված դիմում-բողոքների թիվը կազմել է 19-ը, որից բավարավել է 13-ը, մնացածն էլ դեռևս ընթացքի մեջ են:

Ամփոփելով արձանագրենք, որ այսօր նախորդ տարիների համեմատ հայ սպառողը դարձել է ավելի գրագետ դաշտում գործող հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեության և սպառողների իրավունքների խախտումների ինտենսիվ լուսաբանման շնորհիվ, որի արդյունքում սպառողը ոչ միայն  կարողանում է պաշտպանել իր օրինական իրավունքները, այլև օգնում է վեր հանել ոլորտում առկա խնդիրները:

Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի կարծիքով սպառողները գնալով պետք է ավելի ագրեսիվ վարք դրսևորեն և ապրանք ձեռք բերելիս պետք է չխուսափեն վաճառվող ապրանքի որակը հավաստող վկայական պահանջելուց: Նման մոտեցման դեպքում կսթափվեն նաև տնտեսվարողները, որի արդյունքում ոչ միայն գնալով  կնվազեն սպառողների իրավունքների խախտումները, այլև՝ շուկայում վաճառվող անորակ ապրանքները, որը վնասում է  թե՛ սպառողի  գրպանին, և թե՛ առողջությանը:

 

Արմինե  Գրիգորյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ