Պաշտոնական - ՄԻ պաշտպանը սպասում է ոստիկանության պատասխանին

Ամենամտահոգիչ միջադեպերը տեղի են ունեցել հունիսի 23-ին և դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը կլինի կոնկրետ որոշման տեսքով, որն էլ կհրապարակվի: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ օրեր շարունակ ընթացող ակցիային:

Ըստ նրա՝ եթե երկուշաբթի օրը չունենա ոստիկանության սպառիչ և բավարար պատասխանը, ապա կլինի իր որոշումը՝ առանց ոստիկանության պատասխանի. «Իսկ դա օրենքի պահանջ է, որ ես պետք է ողջամտության սահմաններում սպասեմ պետական մարմնի դիրքորոշմանը»:

Հ.Անդրեասյանն ասաց նաև, որ որոշման մեջ գնահատական կտրվի լրագրողների նկատմամբ կիրառված գործողություններին: Ըստ նրա՝ լինելու է արձագանք համազգեստ չկրող անձանց մասին, լրագրողների նկատմամբ գործողություններին, ինչպես նաև որքանով էին իրավաչափավ և օրինական ոստիկանության գործողությունները:

Նա նաև նշեց, որ դիմել են Հատուկ քննչական ծառայությանը և պատասխան են ստացել, որ իրենք զբաղվում են քննությամբ:

Ըստ Կ.Անդրեասյանի՝ իրենք ՀՔԾ-ի գործողությունները գնահատելու խնդիր դեռևս չունեն, քանի որ դա ավելի ժամանակատար պրոցես է. «Ես հուսով եմ, որ առանձին էպիզոդներով իրենք խիստ և օբյեկտիվ քննություն կանեն, և կբացահայտվեն այն ոստիկանները, որոնք ստվերեցին հունիսի 23-ին բավական երկարաժամկետ և բավական հանդուրժող գործընթացը, որը տեղի էր ունենում երկու կողմերում էլ, որովհետև մենք դրական ենք գնահատում թե ոստիկանության՝ այս բոլոր օրերի հանդուրժող գործողությունները՝ անկախ առանձին ձևակերպումներից կամ առանձին դրսևորումներից, և նաև դրական ենք գնահատում ցուցարարների խաղաղ, առանց որևէ միջադեպերի վարքագիծը, և ողջունում ենք երկու կողմերում էլ բոլոր դրական դրսևորումները»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե քաղաքացիական հագուստով ոստիկանները բազմիցս են իրենց նման կերպ դրսևորել, սակայն որևէ արձագանք չի եղել, Կարեն Անդրեասյանն ասաց, որ բազմաթիվ անգամներ է շեշտել, որ առանց համազգեստի ոստիկանների գործունեությունը նման վայրերում խիստ անթույլատրելի է և անընդունելի:

«Եվ նաև կշեշտեի, որ նույնիսկ եթե ընդհանուր գործունեությունը դրական գնահատվի, նման էպիզոդները՝ ոչ համազգեստով, առանձին, կասկածելի տեսք և վարքագիծ ունեցող անձանց նման սուր իրավիճակներում, այսինքն՝ ցույցերի, հավաքների վայրերում խիստ անթույլատրելի է: Գոնե մեր խորին համոզմամբ»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ եթե բոլորը միասին պահանջեն, ապա այլևս ոչ համազգեստով կասկածելի անձինք չեն հայտնվի ոստիկանների մեջ:

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում այլ միջադեպերին, Կ.Անդրեսայանը նշեց, որ երեկ ամբողջ գիշեր իր տեղակալը, ներկայացուցիչները եղել են Բաղրամյան պողոտայում, բացի այդ, պարբերաբար դիտարկումներ են կատարում, որոնց արդյունքում ստացել են բողոք ցուցարարներից: 

«Բողոքն այն էր, որ սադրիչներ կան, որոնց աշխատանքը կարող է ստվերել թե ցուցարարների, թե ոստիկանության այսքան համբերատար ճանապարհը, որ իրենք անցել են: Մեր հորդորն այս պահին այն է, որ ոստիկանությունը հնարավորինս զգույշ և ուշադիր լինի այս սադրիչների նկատմամբ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ հունիսի 23-ից բացի այլ գլոբալ իրավունքների խախտման դեպքեր դեռ չեն քննարկում:

Դիտարկմանը, թե ինչի՞ արդյունք է այն, որ ոստիկանությունը պարբերաբար հայտարարում էր, որ գործողություններ կձեռնարկի Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու համար, սակայն մինչ այժմ չի ձեռնարկել, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել այսքան օր: Մենք հասկանում ենք նաև, որ իրենք գործառույթ ունեն՝ իրենց պատկերացումների մասին տեղեկացնել, թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում»:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը Բաղրամյան պողոտայում, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես անհատական գնահատականներ չեմ հնչեցնում, իսկ իրավաչափության տեսանկյունից մեզ մտահոգել է բացառապես հունիսի 23-ի դեպքը, և կմտահոգեն այն դեպքերը, երբ ոստիկանությունը չգործի պատշաճ՝ սադրիչների գործունեության պարագայում: Մնացած բոլոր դեպքերը զուտ մարդկային գնահատականների դաշտում են, իսկ իմ լիազորությունները այդտեղ չեն տարածվում»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ