Տնտեսություն - Մ. Տեր-Առաքելյանի գործով դատավարությունն ընթացավ առանց դիմող կողմի

Այսօր, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Ա. Հունանյանի նախագահությամբ տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Մինչ դատական նիստը սկսելը նախագահողը տեղեկացրել է, որ բողոքարկող՝ Մանվել Տեր-Առաքելյանը, դատարանին գրավոր տեղեկացրել է, այն մասին որ հետազոտություններ անցելու և բուժման նպատակով մեկնել է արտերկիր: Նա դիմումում  հստակ նշել է, նաև  որ չունի ներկայացուցիչ-փաստաբան և ցանկանում է ինքը պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը, ուստի խնդրել էր դատարանից հետաձգել դատական նիստը: Պատասխանող՝ «Յունիբանկ»-ի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը կասկածի տակ դնելով  դրանց իսկությունը դատարանից խնդրեց շարունակել նիստը: Նիստաը նախագահող Ա. Հունանյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից մեջբերելով  իրավանորմ, նշեց, որ դատարանն իրավունք ունի շարունակել դատական նիստը, նույնիսկ այն դեպքում , երբ դատական նիստին ներկա չէ դիմող կողմը, անկախ այն հանգամանքի, որ  իր բացակայության օրինականությունը հավատող փաստաթղթ է ներկայացրել: Այսպիսով, ավարտվեց Մ.Տեր-Առաքելյանի կողմից ներկայացված  վերաքննիչ բողոքի քննությունը, իսկ որոշման հրապարակումը նշանակվեց հուլիսի 3-ին:

Արձագանքելով կատարվածին Մ. Տեր-Առաքելյանը  տեսակետ է հայտնել նիստը նախագահող դատավոր Ա. Հունանյանի գործողություններին նշելով, որ. «Փաստորեն նիստը նախագահող դատավոր Ա. Հունանյանին խորթ են ՀՀ Սահմանադրության 19, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Դատավոր Ա. Հունանյանի համար արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության իրավունքը հավասարազոր են անձեռոցիկի արժեքին: Փաստորեն տարիների ընթացքում իմ քրտինքով կառուցված ք. Երևան, Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող Հին Էրիվան ռեստորանային համալիրի խլման պրոցեսին միացավ նաև Դատավոր Ա. Հունանյանը»,- հայտարարել է Մ. Տեր-Առաքելյանը:

Բացի այդ նա հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է նաև, այն մասին, որ  բուժումը գրեթե չսկսված հետ է վերադառնում Փարիզից, իսկ  իր կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդրի առաջացման դեպքում, դրա պատասխանատվությունը մնալու է դատավոր Ա. Հունանյանի վրա: Մ. Տեր-Առաքելյանը հայտարարել է նաև, որ անտեսելով իր առողջական խնդիրները շարունակելու է  պայքարն ապօրինի հյուսած սարդոստայներից ազատվելու համար, քանզի իր պայքարի հիմքում ընկած է շատ պարզ հանգամանք՝ փրկել իր ունեցվածքը բարբարոսներից:

Հիշեցնենք, որ  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/1674/02/14 քաղ. գործը, որով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.02.2015թ-ի վճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերվել պատասխանող Մանվել Տեր-Առաքելյանի կողմից:

Նշենք նաև, որ նախորդ դատական նիստը կրկին հետաձգվել է գործարարի առողջության կտրուկ վատթարացման պատճառով և Մանվել Տեր-Առաքելյանը հետազոտվելու և բուժում ստանալու նպատակով անհապաղ մեկնել էր արտերկիր: Անդրադառնալով իր կողմից արտերկիր մեկնելու մասին դատարանին իրազեկելու մանրամասներին, Մ.Տեր-Առաքեյանը տեղեկացրել է.

«22.06.2015 թ-ին ես դիմում եմ ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Հունանյանին հայտնել եմ իմ 21.06.2012թ-ին բուժական նպատակով Ֆրանսիա մեկնելու մասին, նաև գրավոր տեղեկացրել եմ, որ կներկայացնեմ տեղեկանք Փարիզյան բուժհաստատությունից, երբ բուժման նպատակով տեղավորվեմ տվյալ բուժհաստատությունում: 23.06.2015թ-ին արդեն իսկ գտնվելով Փարիզի Ամերիկյան Հոսպիտալում և էլեկտրոնային փոստի միջոցով համպատասխան տեղեկանք եմ ուղարկել իմ աշխատակցին, որը թարգմանվել և իմ կողմից ստորագրված և էլեկտրոնային փոստով ուղարկված դիմումի հետ միասին ներկայացվել է ՀՀ վերաքննիչ դատարանի գրասենյակ: Գիտակցելով, որ դատարանին անհրաժեշտ է դիմումի բնօրինակը, այն բարեկամիս միջոցով ուղարկել եմ Երևան, որն էլ վերստին առավոտյան ժամը 09.10-ին մուտք է եղել վերաքննիչ դատարան: Գրասենյակի աշխատակիցները, ստանալով 1-ին դիմումը կազմել է արձանագրություն առ այն, որ իմ աշխատակցի կողմից ներկայացվել է դիմումի պատճեն: 2-րդ դիմումի կապակցությամբ, որը մուտքագրվել է այսօր վերստին վերաքննիչ դատարանի գրասենյակը կազմել է արձանագրություն, այս անգամ էլ նշելով, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը պատճեններով են: Այսինքն, վերաքննիչ դատարանը փորձելու է վիճարկել իմ կողմից ներկայացված դիմումների արժանահավատությունը: Փաստորեն վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավականին հասկանալի պատճառներով, որպես ապօրինի պատվեր կատարողի ցանկանում է խոչընդոտներ ստեղծել, որպեսզի ես չկարողանամ օգտվել իմ դատական պաշտպանության իրավունքից, միևնույն ժամանակ չկարողանամ նաև կարգավորեմ իմ բավականին լուրջ առողջական խնդիրները»,- նշել է գործարարը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ