Տնտեսություն - «ԱրմենՏել»-ի նախկին աշխատակիցը փորձում է վերականգնել արդարությունը

    Դեռևս 2007 թվականին MEDEP բժշկական կենտրոնի կողմից «ԱրմենՏել» ՓԲԸ-ի 683 աշխատակիցներ բուժզննում էին անցել, և նրանցից 101-ը մնացել էր առանց աշխատանքի՝ հայտնաբերված առողջական խնդիրների պատճառով: Հետագայում պարզվել էր, որ MEDEP ՍՊԸ-ի իրականացրած ստուգումներն անօրինական են:

     Ինչպես նշում է «ԱրմենՏել»-ի նախկին աշխատակից Գեղամ Ներսեսյանը՝ իրականում «ԱրմենՏելն» աշխատկազմը կրճատելու խնդիր է ունեցել, ինչն օրենքի սահմաններում իրականացնելու դեպքում ստիպված էր լինելու աշխատակիցներին ապահովել նպաստով, սակայն ընտրել  էր իր համար ավելի ձեռնտու ճանապարհ, այն է՝ կեղծ եզրակացություններ տալ աշխատակիցների առողջության վերաբերյալ, որոնց միջոցով էլ՝ ազատել նրանց աշխատանքից:

     Անձամբ Գեղամ Ներսեսյանի մոտ MEDEP-ի «բժիշկները» հայտնաբերել էին տեսողական խնդիրներ, մինչդեռ Առողջապահության նախարարության տրամադրած ուղեգրով նա բուժզննում էր անցել Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, որի տված եզրակացությունը չէր համապատասխանել MEDEP-ի տված եզրակացությանը:

    Իրականում Գ. Ներսեսյանը ոչ մի խնդիր չուներ, ուստի անցյալ տարի նա դիմել էր դատարան՝ MEDEP-ի գործունեությունն ապօրինի ճանաչելու վերաբերյալ: Դատարանը, սակայն, ընդունելով հանդերձ գործունեության ապօրինությունը, նշել էր, որ հայցի վաղեմության ժամկետն անց է, ուստի դիմողը չի կարող փոխհատուցում ստանալ: 2014-ի միևնույն ժամանակահատվածում Գ. Ներսեսյանը ևս մեկ հայցով էր դիմել՝ կապված իր աշխատավարձի փոխհատուցման, ինչպես նաև՝ իր առողջության հանդեպ ոտնձգություն իրականացնելու և իր արժանապատվությունը վիրավորելու հետ: Վերոնշյալ հայցի շուրջ լսումները կանցկացվեն այսօր, ժամը 15.00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

     Գեղամ Ներսեսյանը լավատես է, Tesaket.info-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ այս անգամ դատարանից մեծ ակնկալիքներ ունի: Ի դեպ՝ հայցի բավարարման դեպքում նա կստանա մոտ 10 մլն դրամից ավել փոխհատուցում: «ԱրմենՏել»-ի նախկին աշխատակցի պայքարը շարունակվում է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ