Տնտեսություն - ՀԷՑ-ի ոչ թափանցիկ մասնավորեցումից մինչև ներկայիս թափանցիկ շանտաժը

Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի ունեցավ «Բարձր լարում. ՀԷՑ-ի հայտն ու էլեկտրականացված հանրային կրքերը» խորագրով փորձագիտական քննարկումը:

 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանը հանգամանալից ներկայացրեց իր կատարած հետազոտությունը Հայաստանի էներգետիկ համակարգի մարտահրավերների ու նրա առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Նա մասնավորապես նշեց, որ չնայած վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի  էներգետիկայի բնագավառում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, այդ թվում մասնավորեցվել են բաշխիչ և գազամատակարարող ընկերությունները, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտադրող որոշ ընկերություններ, ստեղծվել է անկախ կարգավորող մարմին, մշակվել է բնագավառի զարգացման պետական ռազմավարություն, սակայն դրանք գլխավորապես փաստաթղթային ձևակերպում են ստացել և մնացել թղթի վրա:

 

Նրա գնահատմամբ՝ իրականում Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը ձախողվել է՝ երկիրը կանգնեցնելով անխուսափելի էներգետիկ ճգնաժամի առջև: Բանախոսը նշեց, որ էներգետիկ շուկայում ռուսական ընկերությունների մենաշնորհային դիրքը և հայկական էներգետիկ ենթակառուցվածքները տնօրինող ռուսական ընկերությունների ներդրումային և հատկապես տեխնոլոգիական անբավարար հնարավորությունները թույլ չեն տալիս զարգացնել համակարգը:

 

Դոկտոր Եղիազարյանը ներկաների ուշադրությունը հատկապես հրավիրեց ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման խնդրի վրա, ինչի գործընթացն այժմ գնում է և որի հետևանքով Հայաստանի էներգետիկ համակարգը նոր աղետի առջև է կանգնելու: Նա պարզաբանեց, որ Հայաստանի էներգետիկ հզորությունները և ենթակառուցվածքները ֆիզիկապես և բարոյապես մաշված են, ֆինանսական ներդրումների բացակայության պատճառով չեն արդիականացվում  և հետևաբար Հայաստանը ժամանակի ընթացքում ընդհանրապես կզրկվի էներգետիկ համակարգից և ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներմուծել Ռուսաստանից կամ Վրաստանից:

 

Ամփոփելով իր հետազոտության արդյունքները, Եղիազարյանը նշեց, որ էներգետիկ ու այլ բնագավառներում իրավիճակը շտկելու մեր հնարավորություններն ավելի կփոքրանան, որքան Հայաստանի շարունակի ավելի խոր “ինտեգրվել” Եվրասիական տնտեսական միությունում, այդ թվում՝ միասնական էներգետիկ տարածքի մաս կազմելով: Տնտեսագետը էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման տեսանկյունից դրական համարեց արևմտյան ընկերությանը  Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը, որը տեղի ունեցավ օրերս:

 

ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանը մանրամասն ներկայացրեց բաշխիչ էլեկտրական ցանցերի և այլ էներգետիկ ձեռնարկությունների մասնավորեցման մութ և ոչ թափանցիկ պատմությունը: Նա մասնավորապես նշեց, որ այդ ամենի ակունքները գնում են 1999թ., երբ նոր ձևավորված կառավարությունն իր ծրագրում ամրագրեց բաշխիչ էլեկտրական ցանցերը մասնավորեցնելու, դրանցում կորուստները նվազեցնելու և ծախսերի աճը զսպելու, թափանցիկ քաղաքականություն վարելու ռազմավարական նպատակները: Մյուս կողմից էլ Արժույթի միջազգային հիմնադրամն էր  Հայաստանի բյուջետային ճեղքվածքը փակելու նպատակով 50 մլն. դոլար վարկի տրամադրումը պայմանավորել բաշխիչ էլեկտրական ցանցերի մասնավորեցմամբ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայոց խորհրդարանում վարչապետի, ԱԺ նախագահի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը էապես թուլացրեց երկրի ինքնիշխանությունը ու նման կարևորագույն հարցերով կայացվող որոշումների վրա արտաքին ուժերի ազդելու մեծ հնարավորություններ բացեց:

 

Սկզբնական շրջանում Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեըը ձեռք բերելու հետաքրքրություն էին դրսևորում ամերիկյան, իսպանական և ռուսական ընկերությունները, որոնց միջև թեժ պայքար էր ծավալվում: Սակայն հետագայում մի շարք կասկածելի և մութ գործարքների արդյունքում արևմտյան ընկերությունները դուրս մղվեցին և 2002թ. ՀԷՑ-ին տիրացավ օֆշորային գոտում գրանցված, մինչև այդ էներգետիկայի ոլորտում անհայտ, ռուս-ուկրաինական համատեղ կապիտալով «Midland Resources» ընկերությունը: Մինչ այդ՝ 2001թ. մայիսին Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վ.Պուտինը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիշեցրել էր ոչ միայն գազի 100 միլիոն դոլար պարտքի, այլ նաև՝ ԲԷՑ-ը ձեռքբերելու ցանկության մասին: 2004-05թթ.՝ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի շրջանում, հերթական ոչ թափանցիկ, հանրությունից գաղտնի գործարքի արդյունքում ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվեցին РАО "ЕЭС России" հոլդինգի դուստր ձեռնարկությանը՝ "Интерэнерго"-ին:

 

Բանախոսը շեշտեց, որ դա արվել է ՀՀ օրենքների և միջազգային ֆինանսական կառույցների առջև ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումներով, ինչի մասին ժամանակին հայտարարեցին նաև Հայաստանում հավատարմագրված օտարեկրյա դեսպանատներն ու միջազգային կազմակերպությունների գրասենյակները: Անգամ այդքանից հետո ՀՀ իշխանությունները հանրությանն ու միջազգային կառույցներին մոլորության մեջ էին գցում, թե ՀԷՑ-ը չի մասնավորեցվել, այլ ընդամենը տրվել է հավատարմագրային կառավարման: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ իրականում բոլորից գաղտնի այն մասնավորեցվել է՝ ոտնահարելով բաժնետերերի ու սպառողների իրավունքները:

 

Սաֆարյանը նաև անդրադարձավ նրան, որ Ռուսաստան իրեն պատկանող  Հայաստանի էներգետիկ ակտիվները օգտագործում է պաշտոնական Երևանի վրա ճնշումներ գործադելու և նրան իր ուղեծրում պահելու նպատակներով: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման պահանջով ՀԷՑ-ի ներկայացրած վերջին երկու հայտերին, նա նշեց, որ 2013-ի հայտով շանտաժի ենթարկելով Հայաստանին ու նրա հասարակությանը, ապահովվեց երկրի անշրջելի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իսկ այս տարվա հայտն էլ “համընկավ” Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին մասնակցելու, ԵՄ-ի հետ Հայաստանի բանակցությունները վերսկսելու, ինչպես նաև Որոտան ՀԷԿ-ը ամերիկյան ընկերությանը մասնավորեցնելու պաշտոնական Երևանի մտադրությունների հետ: Շարունակելով նախորդ բանախոս Աշոտ Եղիազարյանի անհերքելի թեզը, Սաֆարյանը նկատեց, որ Մոսկվան բոլոր ոլորտներում է ձգտում Հայաստանին մեկուսացնել՝ նրան ետ պահելով ԵՄ-ի հետ նոր պայմանագրային հիմքեր ստեղծելուց և երկիրն ավելի մխրճելով ԵՏՄ-ում: Վերջապես, Սաֆարյանը ՀԷՑ-ի մասնավորեցումը համարեց հանցագործություն, որը կատարողների պատասխանատվության հարցը պետք է բարձրացվի:

 

Այս խնդիրը քննարկման մասնակիցների հատուկ ուշադրության առարկան դարձավ: ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Արմինե Հարությունյանը համաձայնեց, որ տեղի ունեցածը պարունակում է հանցակազմ, սակայն ցավով փաստեց, որ Հայաստանի դատական համակարգն այնպես է ստեղծված, որ ո՛չ վարչական, ո՛չ էլ որևէ այլ դատարանում պետական լիազոր մարմնի կամ նրա կայացրած որոշումների դեմ հանրության անունից բողոքարկումը գործնականում անհնար է դարձված:

 

Էներգետիկ ոլորտի փորձագետ Արեգ Բարսեղյանը առավելապես անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության մեխանիզմին, նկատելով, որ նրա որոշումները օբյեկտիվորեն գործընթացի կողմերի (կարգավորվողներ և սպառողներ) և այլ դերակատարների  շահերի հավասարակշռման արդյունք են: Հետևաբար, կախված նրանից, թե թվարկվածներից ով է ավելի գրագետ և ճիշտ գործում, նրա շահերն էլ ավելի շատ են հաշվի առնվում: Արեգ Բարսեղյանը նշեց, որ ներկայիս անցանկալի զարգացումներից երկիրն ապահովագրվելու ուղիներից մեկը բնական մենաշնորհների արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումն է և կարգավորող հանձնաժողովի կողմից իր վերահսկողական գործառույթների իրականացումը: Այս տեսանկյունից Բարսեղյանը բարձրացրեց նախորդ տարիներին հանրային ծառայությունների ոլորտում կազմակեպությունների իրականացրած ներդրումների վերահսկողության խնդիրը:

 

Տնտեսագիտության թեկնածու Համլետ Թադևոսյանը ևս անդրադարձավ այս և այլ ոլորտներում մենաշնորհների խնդրին, նկատելով, որ իրավիճակի հանգուցալուծման ուղիներից մեկը դաշտի ազատականացումն  ու մենաշնորհների վերացումն է: Նա պնդեց, որ էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացման պայմաններում տնտեսվարողների միջև մրցակցությունը հնարավորինս զերծ կպահի այնպիսի իրավիճակներից, որում այսօր հայտնվել է ՀԷՑ-ը թե՛ իր մենաշնորհային դիրքի, թե՛ վատ մենեջմենթի արդյունքում:

 

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը արդյունք է նաև այն բանի, որ մշտապես անտեսվել են անվտանգության այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են քաղաքականը, տնտեսականը կամ էներգետիկը, մինդեռ դրան հակառակ գերկարևորվել է ռազմական անվտանգությունը: Այդ ամենի արդյունքում էներգետիկ անվտանգության լուրջ մարտահրավերներ են ի հայտ եկել՝ սպառնալով բացասական ազդեցություն ունենալ անվտանգության այլ բաղադրիչների վրա, նաև՝ խթանելով արտագաղթի նոր ալիքն ու սրելով ժողովրդագրական խնդիրները:

 

Քննարկմանը մասնակցում էին նաև “Ոչ թալանին” քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր ակնկալում են, որ հետազոտական ինստիտուտները և վերլուծական հանրույթը ոչ միայն կվերլուծեն իրավիճակը, այլ նաև ելքեր կմատնանշեն քաղաքացիական շարժման համար: Նախաձեռնող խմբի երիտասարդ ակտիվիստներ Վաղինակ Շուշանյանը, Մաքսիմ Սարգսյանը, Ռիմա Սարգսյանը և Հարություն Ասլամազյանը համակարծիք են, որ թե՛ Հայաստանի էներգետիկ համակարգի հետ կատարված մեքենայությունները, թե՛ նաև ՀԷՑ-ի ներկայացրած հայտերի բովանդակությունը բավարար են պնդելու համար, որ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու իրավունք չունի:

 

Քննարկմանը մասնակցում էին գործարար Գագիկ Բաղդասարյանը, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը, «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ Աղվան Պողոսյանը, իրավապաշտպան-լրագրող Ժաննա Ալեքսանյանը, լրագրողներ, ուսանողներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Եզրափակիչ խոսքում ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվելու են, և տարվա ընթացքում վերստին կհանդիպեն՝ ընթացիկ զարգացումները գնահատելու համար, ասվում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ