Կրթություն - Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի 100 օրը Երևանի Հյուսիսային համալսարանում

Երևանի Հյուսիսային համալսարանն առանձնահատուկ կազմակերպություն է օրինապաշտության առումով և բնական է, որ այն իր ուրույն մասնակցությամբ պետք է առանձնանար նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպած միջոցառումների շրջանակներում: Դեռևս միջոցառումների նախաշեմին, երբ որոշ քաղաքական ուժերի միջև խժդժություններ էին սկսվել, տպավորություն էր ստեղծվել, որ երկիրը կարծես թե փոքր-ինչ շեղվել է իր հիմնական նպատակից: Այդ ամենից անհանգստացած՝  համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, ով նաև Ոչ պետական բուհերի համագործակցության միության նախագահն է, հանդես եկավ հետաքրքիր նախաձեռնությամբ: Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները չստվերելու և միասնականություն ցուցաբերելու նպատակով Հյուսիսային համալսարանի ռեկտորի  նախաձեռնությամբ գումարվեց Ոչ պետական բուհերի խորհրդի նիստ, որտեղ  որոշում ընդունվեց՝  վերոնշյալ բուհերի ռեկտորների անունից կոչով դիմել հանրությանը, հասարակական-քաղաքական կուսակցություններին, ինչպես նաև կառավարությանը, որպեսզի, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորը համախմբվեն Ցեղասպանությանը  նվիրված միջոցառումների շուրջ և Մեծ եղեռնի հիշատակի արողություններն այնպես կազմակերպեն, որպեսզի հաջորդ սերունդները հետայսու կարողանան գտնել նաև Ցեղասպանության հետևանքները հաղթահարելու ուղիները:  

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի հետ հարցազրույցում անդրադարձանք  վերջին ամիսներին բուհում կազմակերպված Ցեղասպանության 100-ամյակին  նվիրված միջոցառումներին: Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ դրանք տևել են 100 օր՝ հունվարի 19-ից ապրիլի 29-ը:

-         Պարոն Մակիչյան, կարծես ավանդույթ է դարձել, որ մեր երկրի և պետականությանը նվիրված տոների և միջոցառումների ժամանակ Հյուսիսիային համալսարանը հանրությանը ներկայանում  է յուրատեսակ ասելիքով: Նման ձևով էլ համալսարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշեց հավուր պատշաճի, ի՞նչ արձագանքի այն արժանացավ:

 

-         Մեր համոզմամբ՝ Ցեղասպանության 100-ամյակը հավուր պատշաճի նշելը բոլորիս պատասխանատվության գործն է: Եվ այդ հիմնավորմամբ էլ Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի որոշմամբ պահանջ-հորդոր ներկայացվեց քաղաքական ուժերին՝ մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը հետաքրքրությունները Ազատության հրապարակից տեղափոխել Ծիծեռնակաբերդ`Ցեղասպանության զոհերի հուշարձան, և միջազգային տարբեր հարթակներ:

 

-         Ձեր հորդորն ընդունվե՞ց:

 

-         Ես մեծ բավականություն ստացա, երբ Հայաստանի իշխանությունները թե՛ երկրի ներսում և թե՛ միջազգային արենայում կատարյալ ճիշտ քաղաքականություն վարեցին, որի արդյունքում մենք ունեցանք Հռոմի Պապի կողմից մատուցված պատարագը, Ավտրիայի, Լուքսեմբուրգի, Գերմանիայի խորհրդարանների դրական արձագանքները մեզ համար կարևոր այդ հարցի վերաբերյալ: Բնական է, որ մենք պետք է օրինակ հանդիսանայինք և մեր բուհի գիտխորհուրդը Հայոց ցեղասպանությանը նվիրված 16 կետից բաղկացած միջոցառումների պլան մշակեց, այդ թվում՝ հանդիպում զինվորների հետ, հավաք մեծն Հովհաննես Թումանյանի հուշարձանի մոտ. չէ՞ որ Ամենայն  հայոց  բանաստեղծը մեծ գործունեություն է իրականացրել Մեծ եղեռնին հաջորդող շրջանում:  Միջոցառումներից կարևոր էին նաև Անդրանիկ Օզանյանի 150-ամյակի առիթով կազմակերպված այցելությունը մեծ զորավարի տուն-թանգարան, բացի այդ՝ <<բաց դաս>> խորհրդարանում, որտեղ և ներկայացվեցին մեր առաջարկությունները:

 

 

-         Բուհի ուսանողնրը մասնակցեցին նաև «Հայ Ասպետ» հեռուստախաղին: Այն նու՞յնպես  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից էր:

 

-         Այո, այդ շրջանակներում տեղի ունեցած ամենակարևոր միջոցառումներից էր նաև մեր ուսանողների մասնակցությունը  «Հայ Ասպետ»  հեռուստամրցույթին, որտեղ մեր ուսանողները, հաղթելով կիսաեզրափակիչ փուլում, դուրս եկան եզրափակիչ փուլ և գրավեցին երկրորդ տեղը: Մրցույթում հաղթած ուսանողները Հյուսիսային համալսարանի ռեկտորի կողմից պարգևատրվեցին 100 հազարական դրամով:

 

-         Պարոն Մակիչյան,  համալսարանի շենքի ճակատային մասում կախված են Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրների դրոշները: Ի՞նչ խորհուրդ ունի Ձեր այդ նախաձեռնությունը:

 

-         Նախ հիշատակության է արժանի այն փաստը, որ դեռևս փետրվարի սկզբին համալսարանի դիմապակուն փակցվեց Հայոց մեծ եղեռնի 100-ամյակը  խորհրդանշող ցուցապաստառ, որին հետևեց մեկ այլ նախաձեռնություն. Հայոց ցեղասպանությունն ընդունած 23 բարեկամ երկրների պետական դրոշները փակցվեցին բուհի ճակատային հատվածին՝ ի նշան երախտագիտության այն երկրների նկատմամբ, որոնք, ճիշտ գնահատելով պատմական այս ողբերգական իրադարձությունը, իրերը կոչել են իրենց անուններով: Ի դեպ, այդ օրերին Երևանում է գտնվել Լյուքսենբուրգի խորհրդարանի մի պատգամավոր, որն էլ իր երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցի քննարկման ժամանակ խոսել  է մեր համալսարանի հարգանքի և մեծարման վերոնշյալ դրսևորման մասին Ցեղասպանությունը ճանաչած երկրների նկատմամբ:

 

-         Պարոն Մակիչյան, Դուք առաջարկել եք  բանակում նույնպես ներդնել կրեդիտային համակարգ: Այդ քայլն, ըստ Ձեզ, հետագայում որքանո՞վ կօգնի բանակում ծառայող զինվորին:

 

-         Դա երկու խնդիր կկարողանա լուծել՝ նախ կբարձրացնի զինվորների կարգապահությունը բանակում և երկրորդ՝ կնպաստի որակյալ կադրերի պատրաստմանը ոչ միայն մեր բանակում, իսկ առավելագույն միավորներ հավաքած զինվորները զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անվճար կրթություն ստանալ բուհում: Մեր ամենակարևոր ոլորտը մեր երկրի պաշտպանությունն է, ուստի մենք պետք է այդ ոլորտում ծրագրեր իրականացնենք և հնարավորություն տանք զինվորներին ծառայել հայրենիքին ոչ միայն ուժով, այլև՝ գիտելիքով:

 

-         Խնդրում եմ պատմեք նաև Հյուսիսային համալսարանի կողմից կազմակերպված գիտաժողովի մասին:

 

-         Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 21-ին  Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Ցեղասպանության հետևանքների  հաղթահարման հիմնախնդիրները» վերտառությամբ: Գիտաժողովի լիագումար նիստում և սեկցիաներում ներկայացվեցին 100-ից ավելի զեկուցումներ, այդ թվում՝ շուրջ 60-ը արտասահմանյան երկրների բուհերի ներկայացուցիչների կողմից: Գիտաժողովի արտասահմանյան մի շարք մասնակիցներ պարգևատրվեցին Հյուսիսային համալսարանի շնորհակալագրերով, որոնք նրանց հանձնվեցին հանդիսավոր պայմաններում:

 

-         Գիտաժողով էին կազմակերպել նաև ուսանողները, որով և ամփոփվեցին Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները: Ովքե՞ր էին մասնակցում ուսանողների կողմից կազմակերպված գիտաժողովին:

 

-         Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներն ամփոփվեցին ապրիլի 29-ին՝ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները ուսանողության աչքերով» խորագրով ուսանողական գիտաժողովով, որտեղ  հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան այն ուսանողները, ովքեր ներգրավված էին «Հայ Ասպետ» մրցախաղում և Ցեղասպանությանն առնչվող հսկայածավալ նյութ էին ուսումնասիրել: Ի դեպ, ուսանողների գիտական հոդվածները տեղ կգտնեն նաև միջազգային գիտաժողովի նյութերում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ