Տնտեսություն - Աշխարհում բանկերը բիզնեսի հենարանն են, իսկ Հայաստանում՝ բիզնեսի թշնամին

Ցանկացած երկրի տնտեսության կայուն առաջընթացը սերտորեն կապված է աշխարհաքաղաքական վերադասավորումներով պայմանավորված համաշխարհային շուկայում ընթացող տնտեսական գործընթացներից: Համաշխարհային ճգնաժամերի հետևանքով առաջացած շղթայական ռեակցիայի պատճառով տուժում են ոչ միայն զարգացած, այլև՝ զարգացող տնտեսություն ունեցող երկրները: Անշուշտ Հայաստանն էլ անմասն չմնաց նման ցնցումներից, սակայն մեր տնտեսության առաջընթացի եթե չասենք անբավարար, ապա՝ ցածր տեմպը մի քանի գործոնով է պայմանավորված: Մասնավորապես՝ մեծ է ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակից և տնտեսության գեներատոր հանդիսացող բանկային համակարգի դերը: Այն չնայած մասնագիտական տարբեր գնահատականների համաձայն ամենազարգացած համակարգերից մեկն է Հայաստանում, բայց՝ արի ու տես, որ բանկերը ոչ միայն չեն նպաստում տնտեսության առաջընթացին, այլև՝ կարծես թե ավելի շատ զբաղված են սեփական ժողովրդին հարստահարելով:

Հայաստանյան իրականությունում բազում դեպքեր են գրանցվել, որ բանկերի թեթև ձեռքով կայացած բիզնեսը ոչ միայն փլվել է, այլև՝ իսպառ ոչնչացել, իսկ բիզնեսմենը շորթման և խաբեության «հիմքերով» հայտնվել  բանտում: Հայկական բանկային շրջապտույտում հայտնվածները հաճախ մի բանկից վերցրած գումարի տոկոսները վճարում են մեկ այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից վերցրած գումարով և այսպես սկսվում է բանկ-վարկառու «մենամարտը»: Ինչպես ասում են դժվարը սեփական գլուխը հրեշին վստահելն է, մնացածը պարզ է՝ մաս-մաս, կամ՝ ամբողջությամբ դառնում ես այդ նույն հրեշի «կերակուրը»:

«Յունիբանկ»-ի գործունեությունից տուժած և հայկական բանկային համակարգում տիրող «քաղաքականության» մանրամասներին լավատեղյակ «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը վերջերս կյանքի կոչեց «Տուժած վարկառուների իրավական պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության նպատակն է անվճար խորհրդատվություն և իրավաբանական օգնություն տրամադրել բանկերից տուժած ինչպես անհատներին, այնպես էլ իրավաբանական կազմակերպություններին:

Իր գործունեության մի քանի օրերի ընթացքում կազմակերպությունն արդեն 75-ից ավելի զանգ է ստացել հայաստանյան մի քանի՝ «ՎՏԲ Հայաստան բանկ», «Արդշինբանկ», «Յունիբանկ», «Պրոկրեդիտ», «Հայբիզնես», «Ակբա» բանկերից: Այդ թվում՝  վերջին երկու օրերի ընթացքում 2 դիմում ստացվել է «Հայինվեստ» բանկից, 1 դիմում՝ «Հայէկոնոմ» բանկից,  1 դիմումը «Պրոմեթեյ» բանկի մասով է, իսկ  3 դիմումը՝ «Ինեկոբանկ»-ի հաճախորդների կողմից:  Դիմումատոներն այնքան շատ են, որ նույնիսկ իրավաբանական խմբի ղեկավարի հետ զրուցի պահին գրանսենյակին դիմեց մի կին ևս:

Կազմակերպության իրավաբանական խմբի ղեկավար Մհեր Շահնազարյանը TESAKET.info-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս ընթացքում ստացված զանգերը տարբեր խնդիրների մասին են: Տուժած վարկառուների խնդիրը դիտարկվում է երկու տեսանկյունից՝ երբ վարկառուն իր մեղքով է տուժել և՝ երբ ամենայն հավանականության, վարկառուն տուժել է բանկի ոչ իրավաչափ գործողությունների պատճառով: Այս պահին արդեն ՀԿ-ին դիմած բողոքների արդյունքում բանկերի կողմից ոչ իրավաչափ գործողությունների պատճառով տուժած վարկառուի մոտ 7 գործով նյութեր են նպատրաստվում դատարան դիմելու համար:

«Իմ կարծիքով մեր հասարակական կազմակերպության գործունեությունը բավականին կնպաստի մեր քաղաքացիների և ֆինանսական շուկայում հարաբերությունների մասնակիցների իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև որոշակի հարմոնիզացիոն դեր կկատարի բանկ-հաճախորդ հարաբերություններում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքացիները հիմնականում ճշմարիտ են»,- ասում է Մ. Շահնազարյանը:

Կազմակերպության իրավաբանական խմբի ղեկավարի տեղեկացմամաբ հիմանական բողոքները վերաբերում են վերջին շրջանում տեղի ունեցած դրամ-դոլար փոխարժեքի տատանումներին, որը դոլարային վարկերի դեպքում խնդիրների առջև է կանգնեցրել վարկառուներին, երկրորդը՝ բռնագանձման ծանուցումներն են և դրանց օրինականությունը: Բողոքների երրորդ խումբը՝ գույքի վաճառքի մասին բողոքներին:

«Կան տոկոսների մասով խնդիրներ, տույժերի հաշվարկների մասով խնդիրներ, որոնք դիտարկվում են որպես բանկերի կողմից չարաշահման դրսևորումներ: Կան դեպքեր, երբ գույք է վաճառվում, սակայն գույքի սեփականատերը տեղյակ չի լինում գույքի վաճառքի մասին և հետո խնդիրներ են առաջանում»,- ասում է Մ. Շահնազարյանը:

Քիչ չեն դեպքերը, երբ բանկում գրավադրված գույքը վաճառքի է հանվում այդ պահին գործող իրական շուկայական արժեքից շատ ավելի ցածր գնով և ստացվում է, որ գույքի սեփականատերը փաստորեն ոչ միայն ամբողջությամբ կորցնում է իր գույքը, այլև զրկվում է այն ավելի բարձր գնով վաճառելու հնարավորությունից: Ստացվում է, որ բանկերի կողմից վարվող կոշտ քաղաքականության արդյունքում, ցանկացած վարկառուի գլխին նախ կախվում է ունեցվածքը կորցնելու վտանգը, քաջ գիտակցելով, որ բանկն այս «խաղում» ոչ միայն միակ շահողն է, այլև՝ ցանկացած պարագայում ոչ ավելի ոչ պակաս կրկնակի կամ եռակի անգամ ավելի շահած դուրս կգա:

TESAKET.info-ի թղթակցի այն դիտարկմանը, թե լինում են դեպքեր, երբ բանկը վարկառուի գույքն առգրավում է տվյալ պահին շուկայում գործող իրական գնի 25-ից 30 տոկոսի չափով, սեփականատիրոջը զրկելով սեփական գույքը շուկայական արժեքով վաճառելու իրավունքից,  «Տուժած վարկառուների իրավական պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբանական խմբի ղեկավարը նշեց, որ ինքը նախկինում առընչվել է նման խնդրի, երբ գույքի վաճառքը կատարվել է իրական շուկայական գնի 25-30 տոկոսի չափով:  

«Ներկայումս էլ նմանատիպ բողոք ենք ստացել «Պրոկրեդիտ» բանկի հաճախորդի կողմից և եթե անձը ցանկություն հայտնի մենք համապատասխան փաստաթղթեր կկազմենք և կներկայացնենք դատարան»,- ասում է իրավաբանական խմբի ղեկավարը:

Կազմակերպությանն արդեն դիմում են նաև մարզերի բնակիչները: Մ. Շահնազարյանը նշեց նաև, որ ցանկացած տնտեսական համակարգում՝ հատկապես ազատ շուկայական հարաբերություններում բանկերը և ֆինանսական հաստատությունները հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը և որքան նրանք հզոր են, կայուն և ակտիվ, այնքան զարգանում է տնտեսությունը: Ուստի հարկավոր է, որ բանկ - տնտեսություն հարաբերակցությունները ներդաշնակեցվեն և եթե այդ հարաբերակցությունը տնտեսագիտական հիմնավորումներ չունենա, ապա բանկը կառանձնանա տնտեսությունից, իսկ տնտեսությունը կդադարի զարգանալ:

Ասվածից կարելի է հետևություն անել, որ եթե բանկերը շարունակեն գործել միակողմանի շահույթ հետապնդելու տրամաբանությամբ, ապա մեր երկրում «տնտեսական աճ» ասվածը դեռ երկար ժամանակ երազանք կմնա:

 

Արմինե  Գրիգորյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ