Մշակույթ - Օծվեց Նուբարաշենի եկեղեցին

Ավելի քան 8 տարի սպասումից հետո, ապրիլի 25-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ օծվեց և հավատավոր նուբարաշենցիների առաջ իր դռները բացեց Նուբարաշենի նորակառույց Սրբոց նահատակաց եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նուբարաշենի նորակառույց եկեղեցու շքամուտքի կամարին Քրիստոսի հարթաքանդակն է, ձեռքին զորավոր պատգամը. ՙ«Ես եմ լույսը աշխարհի, ով իմ հետևից  գա, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որն առաջնորդում է դեպի կյանք»:

Միջոցառմանը մասնակցում էր նաև «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը: Նա ի նշան երախտագիտության ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանին և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր  Կիրակոսյանին «Հաճըն» հայրենակցական միության պատվավոր անդամի վկայագիր հանձնեց:

Հ. Գրիգորյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ Նուբարաշենը հիմնվել է Կիլիկիո Հաճն քաղաքից մազապուրծ փրկված հաճնցիների ընտանիքների կողմից: Այդ ժամանակներից ի վեր  նրանց երազանքն է եղել սրբավայր ունենալ նորաշեն Հաճնում: Հաճնցիները երազում էին իրենց աղոթքն ուղղել առ Աստված ի նշան զոհված  հաճնցիների հոգու հանգստության, ինչպես նաև իրենց սերունդների բարեկեցության և հարատևության համար: Այդ էր պատճառը, որ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետն իր և հաճնցիների անունից գոհունակության խոսք ուղղելով ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, նրան հանձնեց միության պատվավոր անդամի վկայագիրը:

Ճարտարապետ Արտակ Ղուլյանին միության պատվավոր անդամի վկայագիր հանձնելիս  Հ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց եկեղեցաշինության գործում իր  անմոռանալի ավանդն ունենալու, իսկ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր  Կիրակոսյանին՝ նուբարաշենցիների և հաճնցիների հանդեպ հոգատարություն ցուցաբերելու և համայնքի հոգևոր և մշակութային կյանքում իր գործուն մասնակցությունն ունենալու համար:

Եկեղեցու օծման արարողության մանրամասները՝ «Կենտրոն» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ