Տնտեսություն - Տեղեկացված սպառողին խաբելը դժվար է

Արդեն մի քանի տարի է կառավարության կողմից սոցիալական փաթեթի շրջանակներում պետական ծառայողներին  գումարներ է հատկացվում, որը շահառուները կարող են օգտագործել բուժման, երեխայի ուսման վարձի վճարման, հիփոթեկի տոկոսների վճարման, կամ՝  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանգստանալու համար:

Այդ «գումարի» տրամադրումից հետո, սակայն,  անհասկանալի եռուզեռ է սկսվում դրանցից օգտվողների շուրջը: Շահառուները դեռ չկողմնորոշված, թե որ ուղղությամբ են պատրաստվում ծախսել իրենց գումարները, տուրիստական ընկերությունների կամ նրանց գործակալների կողմից սկսվում է մարդ-որս իրականացվել, ինչը լրացուցիչ լարվածություն է  առաջացնում հատկապես նրանց մոտ, ովքեր լավ իրազեկված չեն, թե իրականում ինչպես կարող են օգտագործել իրենց հասանելիք «գումարները»:

Հարցի մասին պարզաբանումներ ստանալու ակնկալիքով TESAKET.info-ի թղթակիցը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ:

« «Սոցիալական փաթեթ» համակարգը, որն առաջին հերթին ուղղված է հանրային ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովմանը, նրանց աշխատանքի մոտիվացմանը, շատ կարևոր քայլ էր, բայց մյուս կողմից իմ կարծիքով այն նաև դասական հարկաբյուջետային քաղաքականության վառ օրինակ է, որը նաև տնտեսական խթան է նույնպես: Հանգստի  ծառայության ապահովման շրջանակներում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունն էապես նպաստել է մեր ներքին զբոսաշրջության զարգացմանը: Սա որոշակի չափով վճարունակ պահանջարկի ստեղծում է և ներդրում տնտեսությա մեջ»,- ասում է Մ. Ապրեսյանը:

Որքան էլ, փայլուն լինեն կառավարության ծրագրերը, այնուամենայնիվ  ցանկացած դրական քայլ, կարող է ստվերվել, եթե  դրա մասին հասարակությունը պատշաճ տեղեկացված չէ և տեղեկությունները ստանում է ոչ թե հենց աղբյուրից, այլ՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ «դեսից-դենից, ծանոթ բարեկամներից» և այլ աղբյուրներից: Եվ շատ հաճախ փչացած հեռախոսի էֆեկտով այնպես է ստացվում, որ շահառուին հասնող տեղեկությունը ոչ միայն խեղաթյուրվում  է, այլև որոշ դեպքերում նաև իրականությունից բավականին հեռու է լինում:

Դրանից շատ հաճախ փորձում են օգտվել այսպես ասած ճարպիկները և սկսում են սոցիալական փաթեթի շահառուների «որսի» շրջանակներում, ապագայում անորոշ որակի և մակարդակի ծառայություն մատուցելու՝  «ամառը կգա, ինչպես կցանկանաք, այնպես էլ կկազմակերպենք ձեր հանգիտը» բանաձևով փորձում են այսպես ասած իրենցով անել նրանց:

Զբոսաշրջության վարչության պետը,սակայն, զգուշացնում է, որ բնակչությունը պետք է զգոն լինի նման գործարքների մեջ չմտնի և եթե ցանկություն ունի սոց.փաթեթի շրջանակներում կազմակերպել իր հանգիստը, ապա պետք է այս կամ այն տուրիստական ընկերության կամ նրանց գործակալների հետ պայմանագիր կնքելուց առաջ ստուգի, թե այդ կազմակերպությունն արդյո՞ք լիցենզավորված է ՀՀ Էկոնոմիկայի նախախարության կողմից: Բացի այդ, շահառուն պարտավոր է պայմանագիր կնքելուց առաջ մանարամասն տեղեկություն ստանալ, թե ինչ ծառայություն է ստանալու և արդյո՞ք առաջարկվող ծառայության մասին մանրամասն ներկայացված է պայմանագրում, թե՝ ոչ:

Մ. Ապրեսյանը տեղեկացնոմ է նաև, որ տուրիստական ընկերությունների և նրանց գործակալների կողմից սոցիալական փաթեթի շրջանակներում մատուցվող ծառայությունները ոչ պատշաճ իրականացնելու դեպքում շահառուները կարող են դիմել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչությանը հարցն ուսումնասիրելու և համապատասխան եզրակացություններ կատարելու համար:

 

Արմինե Գրիգորյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ