Տնտեսություն - Ինտերնետ մարքեթինգ՝ գիտություն չէ, բայց կարևոր է

Վերջին տասնամյակի ընթացքում ինտերնետի զարգացմանը զուգահեռ զարգացավ նաև ինտերնետային դաշտում գործունեություն ծավալելու հնարավորությունները:  Տարիների ընթացքում վիրտուալ դաշտում սեփական տեղն ունենալը մոդայիկ լինելուց բացի դարձավ նաև բիզնեսի զարգացման կարևորագույն միջոցը:

Ինտերնետի զարգացմանը զուգահեռ մարքեթինգում ավելացավ ինտերնետ մարքեթինգ հասկացությունը, որի շնորհիվ բիզնեսի առաջխաղացումը շուկայում դարձել է առանձին խոսակցության թեմա: Հետաքրքիր է, որ  մարքեթինգը լինելով գիտական ճյուղ, ինտերնետ մարքեթինգն ամենևին էլ գիտության հետ կապ չունի: Այն ընդամենը միջավայր է մարքեթինգային գործառույթները վիրտուալ տիրույթում օգտագործելով թիրախային լսարան գտնելու, նրանց հետ կապ հաստատելու, զարգացնելու և նաև՝ շուկայի պահանջարկն ուսումնասիրելու և կազմակերպության ռազմավարական խնդիրները լուծելու համար:

Հասկանալու համար, թե ինչ է ինետնետ մարքեթինգը և դրա  առանձնահատկություններին ծանոթանալու համար TESAKET.info-ի թղթակիցը զրուցեց  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար ուսուցման հարթակի «Ինտերնետ մարքեթինգ» դասընացի  դասախոս Նանա Մանուկյանի հետ:

«Խոշոր կազմակերպություններում ինտերնետ մարքեթինգով վաղուց են զբաղվում, որն ընդհանուր մեդիապլանավորման մեջ իր ուրույն և կարևորագույն տեղն ու դերն ունի»,- ասում է Ն. Մանուկյանը: 

Մասնագետի խոսքով մեկ բան է ունենալ կայք ինտերնետում, մեկ այլ բան է այդ կայքի միջոցով լուծել կազմակերպության որոշ նպատակներ: Վիճակագրական տվյալների համաձայն կան երկրներ, որտեղ ինտերնետ թափանցիկությունը կազմում է 90-95 տոկոս: Թվերը ցույց են տալիս, որ վերջին տարիներին Հայաստանում բնակչության մոտ 60-70 տոկոսն օգտվում է ինտերնետից, որոնց թվում աճել է նաև  տարեց մարդկանց քանակը  և ստացվում է, որ ինտերնետը ռեալ շուկա է բիզնեսի առաջխաղացման համար:

«Եթե մենք անտեսում ենք կայքի առաջխաղացումը, ապա մրցակցության պայմաններում, երբևէ չենք հայտնվի որոնողական համակարգերի առաջին էջում: Ուստի նախ պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է դրված կայքի գործունեության հիմքում, քանի որ հաճախ գեղեցիկ արտաքին տեսք ունեցող կայքերը սխալ կառուցվածք ունենալու պատճառով կարող են ետին դիրքերում հայտնվել: Կայքը կազմակերպության դեմքն է և բացի դիզայնից, այն պետք է հեշտ նավարկելի լինի»,- ասում է Նանա Մանուկյանը:

Հեշտ նավարկվող են համարվում երեք «քլիք»-ի հնարավորությամբ գործող կայքերը, երբ կայքի այցելուն երեք քայլով պետք է հնարավորություն ունենա գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: 

Խոսելով այնպիսի կայքերի մասին, որոնք բացի էլեկտրոնային հասցեից, այլ տեղեկություն չեն պարունակում կազմակերպության մասին, մասնագետը նշում է, որ մարքետինգային տեսանկյունից կարևոր է, որ բիզնեսին պատկանող կայքում առկա ամեն ինչ լինի հստակ, բայց եթե սպառողը չի կարողանում շատ հեշտությամբ գտնել իր կողմից փնտրվող տեղեկությունը, արագ կարող է լքել կայքը և այլևս չվերադառնալ այնտեղ:  

Համացանցում առկա գործիքներն այսօր հնարավորություն են տալիս ցանկացած օգտատիրոջ ստեղծել իր անձնական կայքը: Արդյո՞ք այն կարող է բիզնես միջավայր դառնալ տվյալ օգտատիրոջ համար հարցին Նանա Մանուկյանը պատասխանում է, որ  քանի որ ինտերնետը լավագույն միջավայրն է բիզնես-գործունեություն ծավալելու համար, ուտիև  բավականին լայն գործիքակազմ տրամադրելով այն հնարավորություն է տալիս ոչ միայն զարգացնել կազմակերպությունը, այլ նպաստել ցանկացած անհատական բիզնեսի զարգացմանը:

«Կարողնաս՞ օգտագործել հնարավորությունները կզարգանա, չի կարողանա՝ մոռացության կմատնվի:  Ինտերնետում մոտավորապես 300 մլն գործող առևտրային կայք կա, պարզապես պետք է այդ տիրույթը, հատկապես սոցիալական ցանցերը,  ճիշտ և նպատակային օգտագործել: Մեր շուկան փոքր է, գրեթե բացակայում էլեկտրոնային առևտրի համար նախատեսված ենթակառուցվածքը, բայց եթե մենք լայնորեն զբաղվենք էլեկտրոնային վաճառքով, ապա  շատ լավ կզարգանա այդ ոլորտը  Հայաստանում»,- ասում է Նանա Մանուկյանը:

Խոսելով ինտերնետ մարքետինգի հեռավար ուսուցման դասընթացի մասին նա նշում է, որ մեր հանրապետությունում առաջին անգամ էր կազմակերպվում այդ կարգի լայնածավալ հեռավար ուսուցում, որն իրեն տվեց նման համակարգերում աշխատելու փորձ, ինչը շատ կարևոր էր:

«Սկզբում մտածում էի, որ ուսանողի հետ անմիջական շփման բացակայությունը կարող է խաչընդոտներ առաջացնել, սակայն փորձը ցույց տվեց, որ այն ստացվեց և բավականին արդյունքներ ունեցանք»,- ասում է մասնագետը:

Նանա Մանուկյանը համոզված է, որ ոլորտը շատ հետաքրքիր է և կարելի է առանց տանից դուրս գալու զբաղվել սեփական կայքի և բիզնեսի  առաջխաղացմամբ: Այն նաև ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս, որն անհրաժեշտ է մշտապես ուսումնասիրել, կիրառել և ավելացնել սեփական հմտությունները:  

 

Արմինե Գրիգորյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ