Մշակույթ - Ռետրո մեքենաները՝ մշակութային արժեք

Ռետրո մեքենաները՝ մշակութային արժեք

Եթե տասնամյակներ առաջ ավտոմեքենա ունենալը ընկալվում էր որպես ֆիանասական ապահովվածության ցուցիչ, ապա այսօր այն ընդամենը դիտարկվում է որպես սեփական առօրյան առավել արդյունավետ կազմակերպելու միջոց: Այսօր ավտոմոբիլային շուկայի բազմազանության շնորհիվ սովորական սպառողը հնարավորություն ունի իր գրապնի պարունակությանը համապատասխան ընտրություն կատարել:

Ավտոմոբիլային շուկան, սակայն այսքանով չի սահմանափակվում և այսօր արդեն տարբեր մակնիշի, ձևի, գույնի և հարմարավետության ժամանակակից մեքենաներից բացի պահանջված են նաև հին և հնաոճ մեքենաները: Տարիքով երկաթե նժույգներն իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթաբաժինների, որոնցից այսօր կխոսենք ռետրո ոճի եզակի և իրենից պատմական արժեք ներկայացնող մեքենաների խնդիրների մասին:

Պարզվում է, որ  տարիքով ավտոմեքենաները բացի պապիկի մեքենա լինելուց կարող են նաև իրենցից պատմական արժեք ներկայացնել և ինչպես ցանկացած արժեք, այն նույնպես հատուկ վերաբերմունքի, խնամքի և «հոգատարության» կարիք ունի: Շրջանցելով ռետրո մեքենաների խնամքի և հոգատարության «էմոցիոնալ» հատվածը, անդրադառնանք  օրենսդրական դաշտին, որը պակաս կարևոր չէ հնաոճ և եզակի մեքենաների պահպանության համար: 

Միանգամից ասեմ, որ Հայաստանում առայժմ նման մեքենաների և մեքենայատերերի «հոգսը» թեթևացնող որևէ օրենք չկա, բայց ինչպես ասում են Մոսկվան էլ միանգամից  չի կառուցվել, ուստի դեռևս ամեն ինչ չէ, որ կորած է, բայց եթե այսպես երկար շարունակվի, կլինեն նաև կորուստներ, որոնք վերականգնելն այլևս հնարավոր չի լինի:

Հիմա ամեն ինչ սկզբից: Հնաոճ մեքենաների հանդեպ հետաքրքրության բուռն աճը սկսել է մոտ մեկ տասնամյակ առաջվանից: Եվրոպական մի շարք երկրներում դրանց պահպանման, օգտագործման և այլ հարցերի կարգավորման նպատակով ժամանակի ընթացքում  օրենքներ են մշակվել և կյանքի կոչվել: Նման օրենք ունի նաև ՌԴ-ն, որի համաձայն  30-ից ավելի տարիք ունեցող մեքենաներ ներկրելու դեպքում   մաքսատուրքը 2008 թվականից բարձրացվել է և որոշ դեպքերում այն կարող է հասնել մինչև մեքենայի արժեքի 100 տոկոսին:

ՌԴ օրենքով, սակայն,  ռետրո մեքենաները նախատեսված չեն ամենօրյա օգտագործման համար, այսինքն այդ փոխադրամիջոցը  զրկված  է հասարակական ավտոճանապարհներով երթևեկելու իրավունքից:

Մեքենայի տարիքով պայմանավորված շարժական գույքի հետագա  շահագործման և պահպանման մասին իրարամերժ դրույթները հստակեցնելու համար  ՌԴ օրենսդիր և գործադիր մարմինները առայժմ վերանայում են «Հին մեքենաների շահագործման և պահպանման» մասին օրենքը, որով կամենայն հավանականության կարգավորվեն նաև ռետրո մեքենաներին վերաբերող խնդիրները:

Հայաստանում, սակայն, ռետրո մեքենաների ներկրման, արտահանման, պահպանման և շահագործման  վերաբերյալ օրենք, կամ՝ առանձին դրույթներ չկան, և մեքենայի տարիքով,  մակնիշով, կամ եզակիությամբ  պայմանավորված դրան հնարավոր չէ ռետրո մեքենայի կարգավիճակ «շնորհել» և այն  ազատել գույքահարկ  և ԱՊՊԱ վճարներ կատարելու, ինչպես նաև տեխնիկական զննության կտրոն ստանալու պարտավորությունից:

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի» նախագահ Գագիկ Աղաջանյանի կարծիքով բյուջեի մուտքերը սահմանափակող ցանկացած առաջարկ բացասական արձագանք կարող է է առաջացնել, ինչը նորմալ է.

«Ես էլ եմ դրան բացասական վերաբերվում: Այսօր, որևէ գործողություն, որը կարող է սահմանափակել բյուջեի մուտքերը, մեր երկիրը չի կարող իրեն թույլ տալ: Գույքահարկ բոլորը վճարում են, նրանք էլ պետք է վճարեն, բայց մենք ասում ենք՝ եկեք դրանց ազատեք գույքահարկից և հարակից այլ վճարներից, դրանց տվեք համապատասխան կարգավիճակ՝ պատմամշակութային արժեքի, որից հետո դրանց պահպանման, ներկրման և արտահանման հարցը կանցնի այլ հարթություն»,- ասում է Գագիկ Աղաջանյանը:

Ֆեդերացիայի նախագահի կարծիքով, այդ դեպքում ռետրո մեքենաների վաճառքն արտերկիր կդառնա բարդ և եթե հնաոճ մեքենայի սեփականատերը որոշի այն արտահանել և վաճառել, այդ դեպքում այն կհամարվի մշակութային արժեք, որի դեպքում հնարավոր կլինի դրանց համար համապատասխան բարձր մաքսատուրքեր սահմանել և գանձել: Գ.Աղաջանյանի կարծիքով նման մոտեցման դեպքում  որոշ չափով հնարավոր կլինի կանխել ռետրո մեքենաների արտահանումը Հայաստանից և այստեղ գտնվող եզակի նմուշի ավտոմեքենաները պահել մեր երկրում:  

«Նման մոտեցման դեպքում, մեքենայի սեփականատերը, որը մի քանի տարի գույքահարկ չի վճարել, իր մեքենան դրսում վաճառելու  դեպքում կարող է գույքահարկից մի քանի անգամ ավելի մաքսատուրք վճարել: Այստեղից հետևություն, որ պետությունը ոչինչ չի կորցնի: Փոխարենը կշահի այն, որ նման մեքենաները հնարավորինս երկար ժամանակ կմնան մեր երկրում: Ինչո՞ւ գորգը կարելի է համարել մշակութային արժեք, իսկ օրինակ՝ 70 տարեկան մեքենան՝ ոչ: Դա արժեք չի՞: Թանգարանային նմուշները 50 տարուց ավելի կենսագրություն ունենալուց հետո համարվում են անտիկվար: Այսինքն, ինչո՞ւ է այս հարցն անտեսվում: Կան հարցեր, որոնք պետք է օրենսդրորեն լուծվեն»,- ասում է Գագիկ Աղաջանյանը:

Ամեն տարի մայիս ամսին ֆեդերացիան կազմակերպում է ռետրո մեքենաների ցուցադրություն, սակայն կան մեքենաներ, որոնք կանգնած են ավտոտնակում և չեն կարողանում մասնակցել ցուցադրությանը ապահովագրական ԱՊՊԱ վճարներ չվճարելու, մեքենայի համարանիշներ չունենալու, կամ՝ տեխզննում անցած չլինելու պատճառով:

«Դրանք այն մեքենաները չեն, որոնք կարելի է ամեն օր վարել: Դրանք հազվագյուտ մեքենաներ են, որոնք բարեբախտաբար պահպանվել են: Խոսքն  ընդամենը մոտ 100 մեքենայի մասին է և լավ կլինի, որ դրանց համար այլ ընթացակարգ սահմանվի և հնարավորություն տրվի, որ հնաոճ մեքենաները մասնակցեն ցուցադրությունների և այլ միջոցառումների»,- ասում է ֆեդերացիայի նախագահը: 

«Տարիքով» մեքենաների հաշվառման համար այլ ընթացակարգ սահմանելու վերաբերյալ խնդիրները պարզաբանելու նպատակով TESAKET.info-ն դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեր թղթակցին տեղեկացրեց, որ ռետրո մեքենաների հաշվառման առանձին ընթացակարգ սահմանված չէ և ցանկացած մեքենա, որը թեկուզ մեկ ժամով հայտնվում է երթևեկելի հատվածում՝ դա լինի սովորական, թե ռետրո մեքենա, կամ՝ պարզապես հեծանիվ, համարվում է երթևեկության մասնակից և պարտավոր է պահպանել բոլոր օրենքները: Ինչ վերաբերում է ԱՊՊԱ ապահովագրական վճարներին, ապա  նա տեղեկացրեց, որ ներկայումս օրենքի համաձայն պարտադիր չէ, որ մեքենան մեկ տարով ապահովագրվի:

«Օրենքով թույլատրվում է մեքենան ապահովագրել 3 ամսով, իսկ ինչ վերաբերում է գույքահարկի վարձավճարից ազատելուն, ապա դա սխալ կլինի, քանի որ ցանկացած գույք, անկախ նրանից այն շարժական է, թե անշարժ պետք է հարկվի և սխալ կլինի մի դեպքում այն կիրառել, իսկ մյուս դեպքում՝ ոչ»,- ասաց Ա. Մալխասյանը:

Պարզելու համար, թե մշակութային արժեք համարվող ապրանքների ցանկում ներառվա՞ծ են արդյոք ավտոմեքենաները և եթե՝ ոչ, ապա կա՞ արդյոք  նախաձեռնություն, որ օրինակ՝ 40 և ավելի «տարիք» ունեցող մեքենաները  նույնպես ներառվեն այդ ցանկում և դրանց տրվի հատուկ կարգավիճակ,  ՀՀ մշակույթի նախարարությունից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին գրավոր, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Ի պատասխան Ձեր հարցմանը, տեղեկացնում ենք.

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաս­տնի Հանրապետության օրենքի /ՀՕ-176-Ն, 2004թ. դեկտեմբերի 29/ համաձայն մի­նչև 75 տարվա վաղեմության զանգ­վա­ծային արտա­դրության մշակութային նշանակության առարկաների արտահա­նու­մը /այդ թվում` ավտոմեքենաների/ ազատակա­նաց­ված է:

Եվրասիական տնտեսական միության ներկայացրած նախագծի համաձայն ազատ, առանց լիազոր պետական մարմնի թույլտվության, կարելի է արտահանել մինչև 100 տարվա վաղեմության ավտոմեքենաներ»:

 

Մեկ կարևոր հանգամանք ևս, որը նույնպես անտեսվում է: Խնդիրն այն է, որ ռետրո մեքենանները վարելու թույլտվություն ունենալու համար դրանք պետք է ամեն տարի  տեխզննում անցնեն, որը սակայն աբսուրդի ժանրից է, քանի որ Հայաստանում խնամքով պահվող, օրինակ՝ 1934 թվականին Ավսրիայում արտադրված «Շտեր» մակնիշի եզակի մեքենայի տեխնիկական տվյալները ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող համապատասխանել ներկայիս տեխզննության պահանջներին, ուստիև նման մեքենայի դիմապակուն փակցված կտրոնը ոչ այլ ինչ է, քան ոչինչ չասող դեկորային նշանակություն ունեցող թղթի կտոր:

 

«Ռետրո մեքենաները շահագործելու համար պետք է մեքենայի դիմապակուն փակցված լինի տեխզննման կտրոնը, որը կրկին օրենքի խախտում է, քանի որ նման մեքենաները ոչ մի կերպ չեն կարող  համապատասխանել այսօրվա պահանջվող չափորոշիչներին: Ստացվում է փակ շրջան՝ եթե մեքենան տեխզննում անցած չլինի կհամարվի օրենքի խախտում, իսկ եթե տեխզննում անցնելու մասին փաստող կտրոն ունենա, կնշանակի, որ այն ձեռք է բերվել օրենքի խախտումով: Սա շատ կարևոր խնդիր է, որը ոչ մի ձևով չի կարգավորվում: Զարգացած երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում ռետրո մեքենաների համար  այլ ընթացակարգ է սահմանված և դրանց տեխնիկական վիճակի համար պատասխանատվություն է կրում մեքենայի սեփականատերը, իսկ լրացուցիչ տեխզննում անցնելու կարիք չկա»,- ասում է Գագիկ Աղաջանյանը:

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի» նախագահի տեղեկացմամաբ Հայաստանում  կան ավտոմոմեքենաների եզակի նմուշներ, որոնք իրականում համաշխարհային ստանդարտների համաձայն համարվում են մշակութային արժեք և դրանք մեր երկրում պահելը ոչ միայն պատվի, այլև արժանապատվության խնդիր պետք է լինի:

 

«Ռետրո մեքենաների արժեքը արտերկրում Հայաստանի համեմատ գրեթե կրկնակի անգամ ավելի է և բնական է, որ նման մեքենաների սեփականատերեը կնախընտրեն այն արտահանել Հայաստանից, բայց պետք է ամեն ինչ անել, որ նման եզակի նմուշները մնան մեր երկրում, քանի որ այն համարվում է ազգային մշակութային արժեք»,- ասում է Գագիկ Աղաջանյանը:

 

Հայաստանում դեռևս պահպանված ռետրո ոճի եզակի ավտոմեքենաներից են նախկին ԽՍՀՄ-ում 1946 թ.-ին արտադրված  «ԶԻՍ-110» մակնիշի մեքենաները, Գերմանիայում 1936  թ.-ին արտադրված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, ԱՄՆ-ում 1935 թ.-ին արտադրված «Հագսոն Պերապլան» մակնիշի ավտոմեքենան, 1934  թ.-ին Ավստրիայում արտադրված «Շտեյր» մակնիշի ավտոմեքենան  և 1937 թ.-ին արտադրված գերմանական «BMW – 321» մակնիշի ավտոմեքնենան, որոնք եզակի պահպանված նմուշներ են ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում:

 

Ի դեպ, հնաոճ կամ եզակի մեքենաների սեփականատերերը անկախ այն հանգամանքից, թե շահագործման ենթակա է եղել, թե մեքենան մի քանի տարով վերանորոգման է կանգնել,  իներցիայի ուժով վճարել են և շարունակում են վճարել պահանջվող՝ գույքահարկի, տեխզննման և ԱՊՊԱ վճարները:

 

Ի դեպ, շատ դեպքերում ռետրո մեքենաների սեփականատերերը  չեն ցանկանում եզակի մեքենայի դիմապակուն փակցնել պահանջվող  կտրոնները, քանի որ այն կարող է  խանգարել կամ փչացնել տեսքը: Բայց, խնդրից անտեղյակ պատկան մարմինների ներկայացուցիչները կարող են նրանց հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես օրինակ՝ սովորական մեքենայի դեպքում և տուգանել մեքենայի տիրոջը: 

 

Ստացվում է, որ աշխարհում վաղուց արդեն ակտուալ դարձած այս հարցը մեզ մոտ առայժմ գտնվում է անտեսվածների շարքում և Հայստանում առայժմ ռետրո մեքենաների խնդիրների կանոնակարգման պաշտոնական որևէ նախաձեռնություն չկա: Մինչդեռ մասնագետների կարծիքով վաղուց ժամանակն է նման մեքենաները երկրում պահելու և դրանից օգուտ ստանալու մասին մտածել և ինչու չէ, նաև ստեղծել ռետրո մեքենաների թանգարաններ, քանի որ դրանք և՛ պահանջված են որջ աշխարհում, և՛ շահութաբեր են, քանի որ այցելուների պակաս չեն ունենում:

 

Արմինե Գրիգորյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ