Տնտեսություն - Հայաստանում մեկնարկել է հայկական և արտասահմանյան տպագիր հրապարակումների առաջին առցանց-խանութը տարածաշրջանում

Հայստանում կյանքի է կոչվել տարածաշրջանում առաջին  առցանց խանութը, որը հնարավորություն է ընձեռում այսուհետ բաժանորդագրվել և օն-լայն տարբերակով ստանալ Հայաստանում և արտերկրում հրապարակվող տպագիր թերթեր, ամսագրեր և մասնագիտական պարբերականներ: Կայքի էլեկտրոնային հասցեն է՝ Pressinfo.am, որը լավ հնարավորություն է  տեղեկանալ ոչ միայն առօրյա անց ու դարձի, այլև՝ աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին՝ առաջին ձեռքից:

«Մեր նպատակն է ընթերցողներին ապահովել թերթերի  և ամսագրերի անխափան մատակարարումը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Առցանց հարթակը  լայն հնարավորություն է տալիս օգտվել կայքում ներկայացված 1000-ից ավելի հայկական և արտասահմանյան թերթերի և ամսագրերի ցանկից: Կայքի որոնողական հարմար համակարգի միջոցով ընթերցողը կարող է ընտրել և կարդալ իր նախընտրած պարբերականի հրապարակումը», - այսօր նախագծի շնորհանդեսի ժամանակ ասաց «Բլից Մեդիա» ՍՊԸ –ի տնօրեն Արմեն Դավթյանը:

Ա. Դավթյանի տեղեկացմամաբ Pressinfo.am կայքը նաև հնարավորություն կտա տպագիր պարբերականներն արագ հասանելի դարձնել Հայաստանի հեռավոր մարզերի ընթերցողներին, քանի որ մինչ այդ տպագիր թերթերն ու ամսագրերը հեռավոր մարզեր էին հասնում բավականին ուշացումով, իսկ ձմռան ամիսներին դրանք շատ դեպքերում  պարզապես չէին հասնում հեռավոր մարզերի ընթերցողներին:

Խոսելով ռուսական թերթերը և ամսագրերը Հայաստան ներկրելու հետ կապված խնդիրների մասին Ա. Դավթյանը նշեց, որ այդ հարցում նույնպես բավականին բարդություններ  կան, քանի որ ռուսական տպագիր նյութերը Հայաստան են առաքվում շաբաթը երկու անգամ, որի գինը էլեկտրոնային տարբերակի համեմատ երեք անգամ ավելի շատ է:

«Օն-լայն պարբերականների արժեքը մեր գրադարանում  2-ից 3 անգամ ավելի քիչ է, քան դրանց տպագիր տարբերակինը, որը վաճառվում է կրպակներում: Հույս ունենք, որ Հայաստանի բնակչության տեղեկացվածության մակարդակը և ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը կաճի, առավել ևս, որ կայքում կան նաև անվճար կերպով տրամադրվող բազմաթիվ   հետաքրքիր հրապարակումներ: Կայքի այցելուներին կարող է գրավել նաև «Գրքեր» բաժինը, որտեղ ներկայացված են գրքեր մի քանի լեզուներով, ինչպես նաև մանկական գրականություն»,- ասաց Արմեն Դավթյանը:

«Բլից Մեդիա» ՍՊԸ -ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ Pressinfo.am կայքն առաջիկայում նաև հնարավորություն կտա ոչ միայն հրապարակել  պարբերականների նորությունները, այլև կխթանի  հայկական մեդիա-շուկայում դրանց կայացմանը և առաջըթացին:  

 
 

«Այդ ամենից բացի կայքը լայն հնարավորություն կտա  սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ընթերցել  հայկական պարբերականներում  տպագրված նյութերը»,- նշեց Ա. Դավթյանը:  

«Բլից» մեդիա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ հայկական կայքի ստեղծմանը մեծապես աջակցել է ռուսական հայտնի Pressa.ru ինտերնետ-հարթակի տնօրինությունը, ում հրապարակումները իրենց ուրույն տեղն ունեն Pressinfo.am կայքում: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ