Մշակույթ - Այսօր Բելլա Դարբինյանի ծննդյան օրն է

Տաղանդավոր և սիրված էստրադային երգչուհի Բելլա Դարբինյանը ծնվել է 1936 թվականի փետրվարի 10-ին Վանաձոր քաղաքում: 1955թ. ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Ուսումնարանն ավարտելուց հետո, 1959թ.-ին  երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով ընդունվել է  Երևանի  Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիա: 1962թ.-ին  ուսումը շարունակել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից ստուդիայում: Հանդես է եկել Կարմենի, Ազուչենայի, Ամներիսի և շատ ուրիշ օպերային դերերով:

Տարիներ անց երգչուհին նախընտրել է իր կարիերան շարունակել էստրադայում և 1966թ.-ին ընդունվել է Հայաստանի ռադիոպետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգչուհի, որտեղ նա աշխատել է շուրջ 30 տարի և նույն թվականին էստրադային երգերի մրցույթում շահել է ոսկե մեդալ և արժանացել ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Բելլա Դարբինյանի կատարմամբ հնչել են նաև ժողովրդական երգեր, գուսանական ռոմանսներ, որոնք արժանացել են բարձր գնահատականի հայ հանդիսատեսի և երգարվեստի մեծերի կողմից: Սիրված երգչուհին համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում, 2003թ. վերջին համերգային շրջագայությամբ հանդես  է եկել նաև ԱՄՆ-ում, որտեղ հետագայում թողարկվել է 2 ձայնասկավառակ:

Երգասպարեզում իր ուրույն երանգով մշտապես փայլող Բելլա Դարբինյանը մահացել է Երևանում  2005 թ.-ի օգոստոսի 23-ին:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ