«TESAKET»-ի հյուրասրահ - Չարը մեռնում է, բարին՝ հաղթում. Լարիսա Համբարձումյան

«Արդ՝ մնում են այս երեքը. հույս, հավատ, սեր, և սրանցից մեծագույնը սերն է»,-սրանք աստվածածշնչյան հայտնի խոսքեր են, իսկ արդյոք մենք և մեր շրջապատի մարդիկ ինչպե՞ս ենք սա հասկանում, սիրու՞մ ենք միմյանց, համբերատար ու ներողամի՞տ ենք, թե՞... Մայր Թերեզան ասել է` այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով, կամ մի արեք:

Էրզրումցու և վանեցու արմատներ ունեցող Լարիսա Համբարձումյանը, հետևելով հայտնի ու սիրված կաթոլիկ միանձնուհու` գթասիրտ Մայր Թերեզայի խոսքերին, իր գործն անում է սիրով ու մեծ նվիրումով: Այսօր նա Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի հիմնադիր-ռեկտորն է, իսկ թե ինչպես ամենը սկսվեց, այս մասին տիկին Լարիսան պատմում է. «Քանի որ ես ինքս մասնագիտությամբ տարիքային մանկավարժ-հոգեբան եմ, մեծ ցավ էի ապրում, որ մանկավարժ-գիտնականները կարծես մեկուսացված լինեին, այդ գիտությունն ասես հանգած գիտություն լիներ, որովհետև դպրոցներում, այո, աշխատում էին մանկավարժները, բայց այդ գիտության հոտը չէինք զգում: Ու ես մտածեցի, որ եթե մենք հիվանդի հոգին չբուժենք, մարմինը չի բուժվի, իսկ ո՞ր գիտությունը, ո՞ր տեսությունը կարող է օգնել ապագա բուժաշխատողին, որպեսզի նա բուժի հիվանդի հոգին: Իհարկե, բնական է` միայն մանկավարժությունը, որովհետև բարոյագիտությունը մանկավարժության կատեգորիա է, իսկ գթասրտությունը` հոգեբանական: Մինչև ապագա բուժաշխատողը` լինի նա քույր, թե բժիշկ, այդ երկու տեսությունները չուսումնասիրի, չի կարող բուժաշխատող լինել: Եվ այստեղ ես հիշեցի Մայր Թերեզայի մեթոդները, թե նա ինչպե’ս էր իր փոքրիկ խմբով Կալկաթայում օգնում տնանկներին` նրանց լողացնում, սփոփում և իր աղոթքներով բուժում…»:

Այսպես է ծագել գթության քույրեր պատրաստող քոլեջ բացելու գաղափարը, ինչն էլ Լ. Համբարձումյանն իրականացրել է փայլուն կերպով:  Դեռևս 1992 թվականին, ինչպես ինքն է ասում, «մենք վերցրեցինք Հայ Առաքելական եկեղեցու գաղափարախոսությունը, Մայր Թերեզայի մեթոդոլոգիան և մանկավարժության հոգեբանության` որպես գիտության, կիրառական ասպեկտը, ու ստեղծվեց գթության գաղափարը, որը վերծանվեց, դարձավ համալսարան»: Խոսքը Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի մասին է, որը սկզբից գործում էր որպես Գթության քույրերի քոլեջ, իսկ այնուհետև սկսեց կրել Սուրբ Թերեզայի անունը, որովհետև 1996 թվականին ստացավ Մայր Թերեզայի գրավոր օրհնանքը: Իսկ թե ինչպես դա տեղի ունեցավ, այս մասին ու նաև այլ հետաքրքիր թեմաներով զրուցեցինք Լ. Համբարձումյանի հետ:

-Տիկին Համբարձումյան, պատմեք, խնդրում եմ, թե ինչպես Մայր Թերեզան օրհնեց Գթության քույրերի քոլեջը:

Լ. Համբարձումյան.-Մայր Թերեզան երկրաշարժի ժամանակ եկել էր Հայաստան ու Երրորդ հիվանդանոց էր գնացել: Ես գնացի, ինքն արդեն հիվանդանոցից դուրս էր եկել… Ես մտածեցի, որ մենք անպայման պիտի մեր հայ քույրերն ունենանք, ինչպես Մայր Թերեզան: Ես նամակ գրեցի Մայր Թերեզային` նշելով, որ ուզում ենք իր անունով կոչել քոլեջը: Ինքը պատասխանեց` «իմ կողմից անհամեստություն կլինի, որ իմ անունը դնեք, դուք կգտնեք ձեզ համար համապատասխան անուն»: Հետո աղջիկս Մայր Թերեզայի մասին մի ռուսերեն գիրք բերեց, որտեղ գրված էր, թե նա որտեղի’ց է իր համար վերցրել Թերեզա անունը, որովհետև դա իր իսկական անունը չէ: Իր հայրը Բոյաջյան է եղել` հայ, և ես կարդացի, որ ինքը վերցրել է Կալվադոս նահանգից նորմանդացի Սուրբ Թերեզայի անունը, ով Մայր Թերեզայի համար իդեալ է եղել: Ու երբ Մայր Թերեզան այդպես պատասխանեց, մենք վերցրեցինք Սուրբ Թերեզայի անունը` մտածելով, որ, ոչինչ, միևնույն է` Մայր Թերեզան էլ Սուրբ Թերեզայի անունն է վերցրել և նրա գաղափարների կրողն է:

Այսպես` քոլեջը վերածվեց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի: Այսօր այն Քույրական գիտությունների միջազգային “Օրեմ” կազմակերպության (IOS) անդամ է: Այս ուսումնական հաստատության հիմնադրմամբ, իսկապես, հիմք դրվեց նաև բարձրակարգ բժշկական աշխատողների, կադրերի պատրաստմանն ու ձևավորմանը, որոնց բարոյաէթիկական գործունեության հիմքն էլ գթությունն ու մարդասիրությունն են, չէ՞ որ, ինչպես ասում է Մայր Թերեզան, «ամենակարևոր դեղատոմսը նուրբ սերն ու խնամքն են»:

 

Կյանքը պայքար է, ընդունի´ր:

Մայր Թերեզա

 

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանն արդեն իսկ կայացած բուհ է, որի ուսանողների թիվն աճում է տարեցտարի, իսկ այս ամենն այն բանի շնորհիվ է, որ գիտական, մանկավարժական ուսուցման եղանակները ճիշտ են ընտրված և լիովին համապատասխանում են այն սոցիալ-բժշկական և ուսումնադաստիարակչական նպատակներին, որոնք դրված են համալսարանի առջև: Բուհը մեծ հաջողությունների է հասել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան առաջատար գիտական ու դաստիարակչական փորձի ուսումնասիրման և գործնական ներդրման շնորհիվ, իսկ այս ամենն արվում է թե’ դասախոսական կազմի, թե’ ուսանողների` միջազգային կոգրեսներին ու այլ միջոցառումներին հաճախակի մասնակցության, ինչպես նաև արտասահմանյան մասնագետների` տեղում դասախոսությունների կազմակերպման ու անցկացման միջոցով: 

Տիկին Համբարձումյան, երբ նոր-նոր առաջին քայլերն էիք անում այս ոլորտում, մտավախություն չունեի՞ք, որ որևէ բան չի ստացվի:

Լ. Համբարձումյան.-Ինձ շատ են ոտնահարել, փորձել «ոչնչացնել», ԶԼՄ-ներին են պատվեր իջեցրել, որ ինձ ոչնչացնեն, բայց ինձ վրա  չի ազդել, ընդհակառակը, ես նոր լիցքեր եմ ստացել, ավելի եմ ոգևորվել, որովհետև ես պայքարող տեսակ եմ, լճացող չեմ, չեմ սիրում լճացած մարդկանց, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր հայրենիքը չեն սիրում, ովքեր գնում են հայրենիքից… Ես սիրում եմ հայրենասերներին, ովքեր կայանում են հայրենիքում…

-Իսկ ո՞րն է բուհի ամենամեծ հաջողությունը:

Լ. Համբարձումյան.-Այն, որ մեր պետության այսօրվա նախագահը թափանցիկություն է ապահովել, որ մենք կարողանանք ստեղծագործել. ես խորին շնորհակալություն պիտի հայտնեմ գործող նախագահին:

-Ստեղծագործել ասելով` ի՞նչ նկատի ունի բուհի ռեկտորը:

Լ. Համբարձումյան.-Նախ, ասեմ` ես ինձ ռեկտոր չեմ համարում, որովհետև սա մասնավոր բուհ է, իսկ մեր աշխատանքը ստեղծագործական աշխատանք է` շատ լուրջ ու ծանրակշիռ, բարդ ու պատասխանատու, որն աշխատում է այն նույն չափորոշիչներով, ինչ Պետական բժշկական համալսարանը և Պետական բժշկական ուսումնարանը: Չափորոշիչներից բխում են ուսումնական պլանները, ծրագրերը, տեխնոլոգիաները… Մենք ամեն վայրկյան, ամեն րոպե աշխատում ենք այդ ոլորտում` պահպանելով լիցենզիայի բոլոր պայմանները: Շատ բարդ է, մեր կողքին կան հին բուհեր ու քոլեջներ, որոնք հիվանդագին են ընդունում մասնավոր քոլեջի, համալսարանի գաղափարը, և այդ աուրայի մեջ մենք պետք է շատ պատասխանատու գործենք, որ ոչ մի բան չվնասվի, միայն ամեն ինչ անենք, որ նորմալ քաղաքացի ձևավորենք և ապագա բուժաշխատող մասնագետներ:

Այսինքն` կյանքում կիրառում եք Մայր Թերեզայի մտքերը` կարևոր չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով և շարունակեք կատարել Ձեր գործը…

Լ. Համբարձումյան.-Օ~, իր ասույթները հրաշք են, ամեն օր եմ կիրառում, մի քանիսը կարող եմ հիշել, ասում է` կյանքը մարտահրավեր է, փորձություն է, և վերջում ասում է` կյանքը թանկ է, չոչնչացնեք երբևիցե: Այդ ամբողջն իմ ուղեղի մեջ է, դա դեղ ու դարման է ինձ համար, և ես միշտ հանգստանում եմ` հիշելով իր  խոսքերը, որովհետև նա շատ զորեղ բառեր է ասում: Բոլորին բացատրում եմ իր խոսքերի փիլիսոփայությունը, ասում եմ` ճի’շտ հասկացեք, կյանքը պայքար է, պետք է, ամենակարևորը, չհուսահատվել, լինել շատ բարի: Եթե մենք մեր դիմացինի վատ արարքը փոխհատուցենք բարությամբ, ամեն ինչ կգա, իր տեղը կընկնի: Ամենաչար մարդկանց էլ, որ ինձ վնաս են տվել, ես սիրում եմ, անգամ աղոթում եմ նրանց համար: Ուրիշ ճանապարհ չկա, որովհետև չեմ կարող վնաս տալ: Ինձ նսեմացրել են, հազար ու մի վնասներ են հասցրել, բայց ես բոլորին էլ սիրում եմ, որովհետև միշտ հիշում եմ ժողովրդական մի լավ խոսք` իմ խիղճը գցեն շան բերանը, շունը չի ուտի: Սա կյանքում կիրառելը տալիս է իր դրական արդյունքները:

-«Եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույն է՝ ձգտեք հաջողության»,-ասել է Մայր Թերեզան, և, ինչպես տեսնում եմ, Դուք այդպես էլ արել եք` ձգտելով նորանոր հաջողությունների, որոնցից մեկն էլ Տնային խնամքի կենտրոնն է:

Լ. Համբարձումյան.-Այո, 1993 թվականին մենք գրանցեցինք Տնային խնամքի կենտրոնը, այդ սերվիսն աշխատեց, մենք համագործակցում էինք Սոցիալական ապահովության նախարարության հետ, ստեղծեցինք մեր Գթության քույրերի կենտրոնը, տնային այցլեություններ էինք կազմակերպում ծերերին, հաշմանդամներին, ծերանոցներ էինք գնում… Այնպես որ` խնամքը գիտություն է… Հետո Սոցապ նախարարությունը բացեց նման ծառայությունների պետական կենտրոն… Հիմա կա կախյալ խնամք, դա և ինքնախնամքը շատ լավ մեթոդներ են, որոնք կանխարգելում են նոր ձևավորվող հիվանդությունները: Այդ ծառայությունները կարող են ակտիվ լինել, եթե լինեն համապատասխան հիմնադրամներ, որոնք անկողմնակալ լինեն, որոնց ղեկավարներն անգամ չիմանան, թե այդտեղ ինչ գումարներ են մտնում: Եթե այդպես չլինի, այլ խնդիրներ են ծագում` կոռուպցիա և այլն: Այլ բան, եթե լինի հիմնադրամ, որից ստացված գումարները կնստեն անմիջապես ծառայության հաշվին:

-Փաստորեն, այսօր ունեք քոլեջ, համալսարան…

Լ. Համբարձումյան.-Այո, ունենք ավագ դպրոց, քոլեջ, համալսարան, մարզասրահ, պոլիկլինիկա, 1998 թվականից լույս է տեսնում նաև մեր ամսագիրը`  “Գթության քույր”, Տնային խնամքի կենտրոնն էլ գործում է, եթե զանգեր են լինում: Համապատասխան մասնագետները կան, մարդիկ գալիս են, անվճար սպասարկվում, օրինակ` ամեն տարի ծերերի համար երեք հատ անվճար պրոթեզ ենք պատրաստում` մեր ծախսերով:  

-Ինչպես հասկանում եմ` գործնական հաջողությունները բազմաթիվ են, և դրանց մասին կարելի է անվերջ խոսել, բայց մեզ տիկին Լարիսան հետաքրքրում է նաև ընտանիքում:

Լ. Համբարձումյան.-Ունեմ երկու տղա, մի աղջիկ, վեց թոռ, մի տղաս ուժային եռամարտի չեմպիոն է, մի հարսս ջութակահար է, փեսաս զինվորական համակարգում է աշխատում… Հայրիկս գնդեվազցի է, մայրիկս` սիսիանցի, պապիկներս Էրզրումից ու Վանից են, 1915 թվականին այնտեղից են գաղթել…Մի պապիկս եղել է Անդրանիկի ձիու թամբը բռնողը, իսկ մյուս պապիկս Նժդեհի ընկերն է եղել, Նժդեհը վեց ամիս պապիկիս տանն է ապրել…

Ես լավ ամուսին ունեմ, լավ երեխաներ, հպարտ եմ, որ ամուսինս շատ համեստ ու ամաչկոտ է ու իր ծնողների մոտ ամաչում էր խոսել, նույնն էլ իմ երեխաները` կարմրելով են խոսում ամուսնուս հետ… Սա է երջանկությունն ընտանիքում: Մենք միակ ազգն ենք, որ ունենք ընտանիքի պաշտամունք, մեզ պահում են մեր հայկական հյուրասիրությունն ու հայկական ընտանիքը, որն անփոխարինելի է. դա հրաշք է, այդ հրաշքն ունի միայն հայ ազգը…

Ակամայից մտաբերում ես Եզնիկ Կողբացու խոսքերը, որոնք իրավամբ բնորոշում են տիկին Համբարձումյանին ու նրա տարիների վաստակը. «Աստված ինչ շնորհներ որ տալիս է քեզ, կարիքավորների պետքերի համար ծառայեցրու, որ շնորհների աղբյուրի պես առատանան, և դու կփառավորվես»:

Ամփոփելով՝ նշենք, որ մենք հետագայում դարձյալ կանդրադառնանք ինչպես Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի, այնպես էլ այլ բուհերի գործունեությանը՝ ներկայացնելով դրանց աշխատանքը, հաջողություններն ու խնդիրները և մատնանշելով այն ուղին, որով նրանք տանում են սերունդներին՝ ժամանակի ընթացքում ձևավորելով ազգին պիտանի քաղաքացիներ: Իսկ մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում ուսանել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 58-74-18, (010) 56-33-70:   

 

 

Ամալյա Հովհաննիսյան  

 

10.02.2015 թ.

 

  

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ