Տնտեսություն - Սպանդանոցային ցանց ձևավորվելու դեպքում բակային մորթը կարգելվի

Հայաստանում ներկայումս գործում է 24 սպանդանոց, որոնց գերակշիռ մասն ունեն փոքր (օրական մինչև 10 գլուխ տավարի և մինչև 30-ական` խոզերի կամ մանր եղջերավոր կենդանիների մորթի հնարավորությամբ) և միջին (օրական մինչև 50 գլուխ տավարի և մինչև 100 գլուխ խոզերի կամ մանր եղջերավոր կենդանիների մորթի հնարավորությամբ) արտադրական հզորություն: Դրանցից 16-ում կա սարքավորումների համալրման, արդիականացման և վերանորոգման կարիք,  Aysor.am-ին տեղեկացրել են գյուղատնտեսության նախարարությունից:

Սպանդանոցներից  6-ը խորհրդային տարիների կառույցներ են, իսկ 18-ը կառուցվել են հետխորհրդային տարիներին, որոնցից 11-ը` մասնավոր ներդրումների հաշվին, իսկ 7-ը` դրամաշնորհային ծրագրերի արդյունքում:

Սպանդանոցներից 2-ը (Կոտայքի մարզի Զորավան համայնքում և Սյունիքի մարզի Սյունիք համայնքում) կառուցվել են 2012-2013 թթ. (մասնավոր ներդրումների հաշվին), համալրված են արդիական սարքավորումներով և նախատեսված են մուսուլմանական ծիսակարգով մանր եղջերավոր կենդանիների մորթ իրականացնելու համար:

Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս 6 սպանդանոց: Դրանից 5-ը գրեթե պատրաստ են, և ներկայումս ընթանում են դրանց փորձնական շահագործման աշխատանքները: Նշված սպանդանոցները կառուցվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տրամադրած միջոցներով: Եվս մեկ սպանդանոց (Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում), որը կառուցվում է իրանցի գործարարների միջոցներով, կշահագործվի մինչև տարեվերջ:
Բացի այդ, նախատեսվում է առաջիկա տարիներին կառուցել ևս 5-6 սպանդանոց:

Գյուղնախարարությունում գտնում են, որ կենդանու տեղափոխման համար գյուղացին կվճարի գրեթե այնքան գումար, ինչքան կվճարեր իր բակում տվյալ կենդանուն մորթելու համար հրավիրված մորթ անող մասնագետին:

Կենդանու մորթի համար մատուցվող սպանդանոցային ծառայության սակագները դեռևս հաշվարկված չեն:

Յուրաքանչյուր սպանդանոց, ծանրաբեռնված աշխատելու դեպքում, կարող է սպասարկել Վայոց Ձորի կամ Տավուշի մարզն ամբողջությամբ, իսկ Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի և այլ խոշոր մարզերում` առանձին տարածաշրջաններ:

Հանրապետությունում սպանդանոցային ցանց ձևավորվելու դեպքում կարգելվի բակային մորթը` բացառությամբ սեփական կարիքների համար իրականացվող մորթի:

Մանրամսները սկզբանղբյուր կայքում՝ http://www.aysor.am/am/news/2015/02/05/%D4%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%B8%D6%80%D5%A9/902675

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ