«TESAKET»-ի հյուրասրահ - Հայ մնալու արվեստը

Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակից ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի խորհրդական, Սանկտ-Պետերբուրգի «Լենինգրադի բլոկադայի բնակիչներ» ՀԿ պատվավոր անդամ Հրաչյա Պողոսյան անհատի, մտավորականի և հասարակական գործչի անցած հարուստ և բովանդակ կենսագրությունը ներկայացնելու համար թերևս երկար ժամանակ ու ստվար հատոր է հարկավոր, սակայն այս համեստ ակնարկով TESAKET.info լրատվական-վերլուծական կայքի խմբագրակազմը նպատակ ունի իր ընթերցողին համառոտ ներկայացնել մեծ հայրենասերի անցած ուղին, որը երիտասարդ սերնդի համար կարող է դառնալ հայի պատիվը օտար ափերում բարձր պահելու և հայրենասիրության դասեր սերտելու գերազանց օրինակ:

 

Հրաչյա Պողոսյանի կողմից թե հայրենիքում և թե հայրենիքից դուրս իրականացված հայրենանվեր գործունեությանը հետագայում ևս կանդրադառնանք, իսկ հիմա ներկայացնում ենք նրա անցած ուղուց որոշ դրվագներ:


Հրաչյա Պողոսյանը դեռևս երիտասարդ տարիներից էր որոշում կայացրել ծառայել հայրենիքին: Խորհրդային տարիներին հայրենիքը սկսվում էր սեփական տնից, օջախից, ծննդավայրից և շարունակվում էր մինչև անծայրածիր թվացող Սովետական Միության սահմանները: Քարտեզի վրա վարդագույնով նշված այդ հսկա տարածքի հանդեպ որոշակի պարտականության զգացումն էր հավանաբար պատճառը, որ պատանեկության տարիներին նա ընտրեց հենց զինվորականի մասնագիտությունը, իր ուժերի ներածին չափով նպաստ բերելով հայրենիքի բարգավաճմանը: Հայրենիքին ծառայելը, սակայն, նրա համար դարձավ ոչ միայն կոչում, այլև՝ ապրելակերպ, ինչը, անշուշտ, Արևմտյան Հայաստանցի՝ բիթլիսցի,  ցեղասպանությունից փրկված Պողոս պապի պատգամն էր՝ ամուր պահել երկիրը և անմնացորդ նվիրվել երկրի շենացմանը: Թուրքերի կողմից հայ ժողովրդի հանդեպ գործած եղեռնագործության տարիներին պատանի Պողոսը բարձունքից նկատելով, որ ասքյարները մտնում են իրենց գյուղ, իր ճարպկության շնորհիվ կարողանում է փրկվել և փրկել իր համագյուղացիներին թուրքի յաթաղանից:

 

18 տարեկան էր Հրաչյա Պողոսյանը, որ   ավարտելով Երևանի մարշալ Հ. Բաբաջանյանի անվան զրահատանկային զորքերի հատուկ ռազմական դպրոցը, ռազմական ուսումը շարունակելու համար մեկնեց Ռուսաստան՝ Չելյաբինսկի մարզ: 1995 թ. ավարտելով  Չելյաբինսկի ավտոմոբիլային ճարտարագիտության բարձրագույն ռազմական ուսումնարանը` լեյտենանտի զինվորական կոչումով նա ծառայության է անցնում Լենինգրադի մարզի (ներկայումս Սանկտ Պետերբուրգ) Կիրովի շրջանում: Զինվորակական ծառայության չորս տարիների ընթացքում լեյտենանտից դառնալով մայոր, նա որոշում է կայացնում իր կյանքի հետագա տարիներն անցկացնել քաղաքացիական-հասարակական գործունեություն ծավալելով, ինչը նաև հնարավորություն կտար ինքնուրույն որոշումներ կայացնելու, ապրելու ու արարելու ի բարօրություն հասարակության` իր ծննդավայր Արմավիր քաղաքից, հարազատ Ագարակից մինչև Հայաստանի և Ռուսաստանի մի շարք մեծ ու փոքր քաղաքներ, նպատակ ունենալով խորացնելու և ամրապնդելու  Սանկտ-Պետերբուրգի և Երևանի դարերի պատմություն ունեցող մշակութային ու հոգևոր կապերը:


Այսօր արդեն` 45 տարիների հեռվից նայելով Հրաչյա Պողոսյան մեկենասի ու նվիրյալ հայի կողմից կյանքի կոչած ծրագրերին և նախագծերին, կարելի է խոստովանել, որ նրա ներկայությունը զգացվում է ամենուր՝ անծայրածիր Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից ու մարզերից մինչև իր փոքրիկ, բայց հպարտ Հայաստան աշխարհ:


Նրա շնորհիվ թե հայրենիքում և թե հայրենիքից դուրս կառուցվել ու վերակառուցվել են հուշարձաններ, եկեղեցիներ և այլ շինություններ:
Հրաչյա Պողոսյանի կողմից  իրականացված մեծաթիվ գործերից թվարկենք միայն մի քանիսը՝ Կիրովսկ քաղաքում տեղադրված Պետրոս Առաջին կայսեր հուշարձանը, Հիշատակի խաչը, «Լենինգրադի պաշարման ճեղքումը» հուշարձանը, հայկական խաչքարեր, որոնք տեղադրված են Ռուսաստանի տարբեր քաղաքներում:


Հայրենիքում իրականացված նախագծերից ևս նշենք միայն մի քանիսը՝ Ագարակի Սբ  Մարիամ Աստվածածին եկեղեցին, որն օծվեց 2008 թ.-ի հոկտեմբերի 4-ին՝ Վեհափառ Հայրապետի կողմից և այդ օրը դարձավ որպես Ագարակի վերածննդի օր, եկեղեցու հարանությամբ կառուցած աղբյուրը,  Խոր Վիրապ եկեղեցու բլրի ստորոտում տեղադրված խաչքարը, ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի ծննդավայր Ծավ գյուղում տեղադրված հուշարձանը, Ախալցխայի Ծուղրուտ գյուղում գտնվող Սբ Սիոն եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, Թբիլիսիում կանգնեցված Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, «Արարատ 73»-ի 40-ամյակին նվիրված հուշարձանը, որը տեղադրված է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, ինչպես նաև վերջին շրջանում Էջմիածնում տեղադրված Սբ Մեսրոպ  Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանները, որն արժանացավ Վեհափառ Հայրապետի բարձր գնահատականին և  օրհնությանը, որը միակը չէ:


Մեծ հայրենասեր ու բարերար Հրաչյա Պողոսյանի կատարած բարեգործությունն այն խորհրդի վկայությունն է, որի մասին նա նշել է իր հարցազրույցներից մեկում, որ՝ «…Չի կարելի ապրել արմատներից ու ազգային արժեքներից կտրված՝ ապավինելով տարերային հասկացություններին … »:

Տարիների ընթացքում նրա կողմից նախաձեռնած և իրականացված ազգանվեր ու հայրենանվեր ծրագրերի գնահատությունը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական, զինվորական, կրոնական և հասարակական կազմակերպությունների կողմից նրան շնորհած ընդհանուր թվով 43 տարբեր պարգևներն են: Այդ թվում նաև Վեհափառ հայրապետի կողմից Հրաչյա Պողոսյանին շնորհված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանը և «կոնդակ օրհնագիրը»,  նաև  վերջերս Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհված պետական բարձրագույն պարգև Մովսես Խորենացի մեդալը:

  

Եվ ինչպես հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանն է նշում՝     «… Եթե կա հավատ, ապա առկա է նաև Աստծո ներկայությունը և  կլինի նաև հաջողությունը…»:

Այսպիսով` կարող ենք ասել որ հայրենիքի արժանի զավակի կյանքի բանաձևն ամփոփված է հետևյալում՝ չմոռանալով սեփական արմատները  ապրել արժանապատիվ հայ ին վայել քրիստոնեական արժեքներին հավատարիմ, պահպանել և ապագա սերունդներին  փոխանցել նախնիներից  ժառանգած հոգևոր և մշակութային արժեքները, ինչը իսկական հայ մնալու չգրված օրենքն է:

 

22 հունվարի 2015 թ. 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ