Տնտեսություն - «Ազգային ժողովի արտահերթ նիստը լիցքաթափեց իրավիճակը». Միքայել Մելքումյան. Տեսանյութ

Zham.am կայքի ներկայացմամբ Ազգաին ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, մեկնաբանելով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ իրավիճակն աննախադեպ է անվանել: Պատգամավորի խոսքով՝ դրամի կտրուկ արժեզրկումից տուժեցին հասարակության բոլոր շերտերը:

Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ դրամի կտրուկ արժեզրկումը, գնաճը, տնտեսական խնդիրները հանկարծակի չէին և կանխատեսելի էին:

- Որպեսզի մենք այլևս թույլ չտանք, որ այսպիսի վայրիվերումներ լինեն, անհայտության, անորոշության, անելանելիության մթնոլորտ առաջանա, դրա համար այն, ինչ մենք ասում էինք դեռևս 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որ պետք է գնալ այլ ուղղությամբ, որ երկիրը շեղվել է իր բնականոն ճանապարհից: Մենք արդեն զգում էինք՝ և՛ մասնագիտորեն, և՛ քաղաքական լուծումների առումով, որ երկիրը գնում է մի ուղղությամբ, որ ինչ-որ մի բան պետք է կատարվի, - ասել է Միքայել Մելքումյանը:

Անդրադառնալով դրամի արժեզրկման պատճառներին՝ Միքայել Մելքումյանը դրանք բաժանել է երկու խմբի՝ արտաքին ազդեցությունով պայմանավորված ճնշումներ և երկրի տնտեսական իրավիճակով պայմանավորված խնդիրներ:

- Ո՞նց ենք տանում տնտեսական քաղաքականությունը, որ քո երկրի տնտեսության դիմադրողականությունը համարյա զրոյական է: Եվ դրա շարժառիթները, գործոնները անհայտ բաներ չէին. բոլորս գիտեինք, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանում այլևս ներդրումներ չեն կատարվում, - ասել է Մելքումյանը՝ հավելելով, որ չեն կատարվել նույնիսկ քաղաքականացված ներդրումները, որոնցից նա առանձնացրել է Հարավկովկասյան երկաթուղու՝ 15 մլրդ ռուբլի ներդրումը, որը չկատարվեց, և «Նաիրիտում» «Ռոսնեֆտի» հավանական ներդրումն էր, որը նույնպես չի կատարվել: 

Պատգամավորի խոսքով՝ սա քաղաքական խնդիր է, և իշխանությունները պետք է քաղաքականությունը տանեն այնպես, որ Հայաստանում ներդրում կատարելը լինի շահավետ.

- Սա նշանակում է, որ ոչ թե կոսմետիկ, հատվածային փոփոխություններ են պետք, այլ արմատական, խորքային փոփոխություն է անհրաժեշտ մեր երկրին: Եվ քանի որ մենք գնում ենք 2015 թվական, ես սպասում եմ, որ այդ փոփոխությունները մենք ձեզ հետ միասին անելու ենք:

Անդրադառնալով Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստին, որտեղ քննարկվել է դրամի արժեզրկումը, Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ նիստին նախորդել է խորհրդակցությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ:

- Մենք՝ որպես ոչ իշխանական քաղաքական ուժ, մեր մյուս ոչ իշխանական գործընկերների հետ լուրջ պատասխանատվություն էինք զգում այս երկրի առջև, որ մենք ունենք պատասխանատվություն՝ վիճակը ինչ-որ չափով մեղմացնելու կամ պարզեցնելու, - ասել է Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ տեղի է ունեցել արդյունավետ քննարկում, հնչել են տարբեր կարծիքներ և արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» պատրաստել էր առաջարկությունների փաթեթ և մշակել էր որոշում, որը պետք է դառնար Ազգային ժողովի որոշումը: Այնուհետև ԲՀԿ խմբակցության պատգամավորները ոչ իշխանական մյուս խմբակցությունների հետ համատեղ նախաձեռնեցին ստորագրահավաք՝ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու նպատակով: Միքայել Մելքումյանը կարևորեց նաև իշխող մեծամասնության հետ տեղի ունեցած բանակցությունները, որի արդյունքում նիստին միացավ նաև ՀՀԿ խմբակցությունը, տեղեկացնում է zham.am  կայքը:

Մանրամասները՝ կայքում և տեսանյութերում: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ